Մեկնաբանություն

07.11.2014 16:16


Գագիկ Ծառուկյանի խոսքն ու գործը

Գագիկ Ծառուկյանի խոսքն ու գործը

Ի տարբերություն շատ–շատերի՝ Գագիկ Ծառուկյանի խոսքն իր համար բացարձակ արժեք է։ ԲՀԿ առաջնորդը չի կարող իրեն թույլ տալ այն, ինչ իրենց թույլ են տվել կամ թույլ են տալիս դասական համարվող քաղաքական գործիչներից ոմանք։ Նա հակված է ավելի շատ անել, քան ասել։ Ընդ որում, հասարակությունը Ծառուկյանից հենց դա էլ ակնկալում է։

Ծառուկյանը ոչ այնքան հայտարարում է իշխանափոխության մասին, որքան կոնկրետ քայլեր է ձեռնարկում իշխանափոխության խնդիրը լուծելու համար։ Դա է պատճառը, որ իշխանությունները նյարդայնանում են, ու իրենց հաճախորդների շուրթերով «հանրահավաքներ» են անում համացանցում, թե՝ բա Ծառուկյանը Սերժի հրաժարականը չի պահանջում։ Բայց դե, բոլորս էլ հասկանում ենք, թե Բաղրամյան 26–ում ինչ փորացավ ունեն։ Ինչևէ։

ԲՀԿ երեկվա քաղխորհրդի նիստում ընդունված որոշումը միտված է գործին՝ իշխանափոխության գործին։

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 24–ի հանրահավաքում հայտարարվել էր, որ ամբողջ Հայաստանի տարածքում ստեղծվելու են Համաժողովրդական շարժման շտաբներ, որոնք պետք է հասարակական–քաղաքական լայն համախմբման գործիքի դեր կատարեն։ Նաև շեշտվել էր Սփյուռքին ներգրավելու հարցը։ Ասվեց և արվեց։ ԲՀԿ–ն ամբողջ թափով հիմա լծվելու է շտաբային աշխատանքներն իրականացնելու գործին։

Ակնհայտ է, որ այդ շտաբներն ունեն երկու հիմնական ֆունկցիա՝

1.ապահովել հանրության ավելի մեծ և ակտիվ մասնակցություն շարժման աշխատանքներում,

2.նախապատրաստվել արտահերթ ընտրական գործընթացներին։

Այլ կերպ ասած՝ հանրության ճնշող մեծամասնության ընդդիմադիր տրամադրություններին տրվելու է կառուցվածքային և ինստիտուցիոնալ տեսք, այն է՝ իշխանական բուրգին հակադրվելու է հստակ կազմակերպակառուցվածքային տեսք ունեցող ուժ։

Հետանկախական շրջանում ձևավորված ընդդիմադիր շարժումների պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գլխից բացի՝ խնդիր է դրված միս ու արյուն տալ նաև մարմնին հանրության լայն մասնակցություն ապահովելու միջոցով։ Սա՛ է այն նոր մոտեցումը, որի արդյունքում չենք կանգնի փաստի առաջ, ու չենք արձանագրի հերթական պարտությունը, քանզի չունենք պարտվելու իրավունք. դրված է Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման ու զարգացման հարցը։

Շտաբային աշխատանքների ծավալման արդյունքում ՀՀ քաղաքացիների մեծ մասն իր ուղղակի կամ անուղղակի մասնակցությունն է բերելու և իր լուման է ներդնելու հաղթանակի համար։ Դա նաև հնարավորություն կտա, որպեսզի հետագայում ՀՀ քաղաքացին զգա քաղաքական փոփոխությունը ոչ թե դիտորդի, այլ ակտիվ մասնակցի կարգավիճակով։ Մեր երկրի ժողովրդավարացման համար սա շատ կարևոր կետ է։

Ինչ վերաբերում է առաջիկա հանրահավաքին, ապա նախ պետք է նկատել, որ այն միջոց է և ոչ թե նպատակ, ինչպես որ ոմանք սխալմամբ կարող են կարծել։

Հոկտեմբերի 10–ի ու 24–ի հանրահավաքներն ավելի շատ «մեսիջների» և ուժերի նախնական ստուգատես անցկացնելու գործընթացներ էին։ Հաջորդ հանրահավաքն արդեն որակապես այլ բնույթի է լինելու, ինչին պետք է նախապատրաստվել։ Մարդիկ ունեն, այսպես ասած, գործողությունների պահանջարկ։ Հենց այդ պահանջարկն ապահովելու համար էլ շտաբային աշխատանք է իրականացվում, որպեսզի շարժմանը մասնակից ակտիվ զանգվածները կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն։ Այսինքն, տեղի ունենա շարժման որակական ու քանակական աճ։

Պայքարող ու մեծածավալ բանակի միջոցով է հնարավոր միայն անցնցում իշխանափոխությունը։ Ու պետք չէ խառնել նպատակի ու միջոցի տեղերը։ Նպատակն իշխանափոխությունն է, իսկ միջոցներից մեկը՝ հանրահավաքը։

Նախագահականին կցված «ընդդիմադիր» գործիչները հիմա փորձում են բանսարկությամբ զբաղվել՝ կոկորդիլոսի արցունքներ թափելով, թե՝ բա ինչու հենց այս պահին հանրահավաք տեղի չի ունենում։ Հանգստացե՛ք. հանրահավաքը կլինի այն պահին ու այն ուժգնությամբ, որն անհրաժեշտ է սկսած գործը հաջողությամբ ավարտելու համար։

Մի բան պետք է շատ հստակ արձանագրել՝ ցայտնոտային իրավիճակի մեջ հիմա իշխանությունն է, այլ ոչ թե «եռյակը», քանզի Սերժ Սարգսյանը չի կարողանում լուծել իր վերարտադրության խնդիրը (սահմանադրական փոփոխությունների հարցը մնացել է օդում կախված), և, միևնույն ժամանակ, չունի քաղաքական ժառանգորդ, որպեսզի կարողանա իշխանական բուրգին կոնկրետ բան ասել։ Իշխանությունները հայտնվել են խոր անորոշության մեջ, և պարզապես ծիծաղելի կլինի դա չխորացնելն ու այդ ընթացքում մկանները չուժեղացնելը։

Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Ավելին՝ մենք պետք է զարգացման սցենարներ պարտադրենք, իսկ դրա համար, կրկնենք, կանոնավոր բանակ է պետք ձևավորել՝ քաղաքական ուժերից ու ժողովրդից կազմված քաղաքական շարժում։

Համաժողովրդական նոր շարժման ռեսուրսներն այժմ բավարար են իշխող նեղ թիմին անորոշության մեջ պահելու և հետքայլ պարտադրելու համար, բայց ամբողջական հաղթանակի համար պետք է շարժումը հզորացնել։ ԲՀԿ–ն հենց դա է նախաձեռնել շարժումը հզորացնելու նպատակով։ Խոսքը գործի վերածելու համար այլ ճանապարհ չկա։

Եկել է թևերը «քշտած» աշխատելու ժամանակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը