Հարցազրույց

07.11.2014 15:42


Գեղամ Նազարյան. «Շարժումը չի կարող հաղթանակի չհասնել»

Գեղամ Նազարյան. «Շարժումը չի կարող հաղթանակի չհասնել»

Հարցազրույց քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ

-Երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստում հրապարակվել է համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու մասին։ Տրվել է երկու շաբաթ ժամանակ կազմակերպչական հարցերը լուծելու համար։ Ի՞նչ կարևորություն և նշանակություն ունի համազգային շարժմանն ինստիտուցիոնալ, ինչպես նաև կառուցվածքային բնույթ տալը։

–Երբ համաժողովրդական շարժում ես սկսում, պարտավոր ես այդ շարժմանը կառուցվածքային բնույթ տալ. եթե այս քայլը չարվեր, ապա շարումը կլիներ ձևական, թղթի վրա։ Երբ դրան միս ու արյուն ես տալիս, դա հենց շտաբների ստեղծումն է, երբ արդեն գյուղում և քաղաքում ապրող մարդը տեսնում է, որ այն լուրջ է, իր խնդիրն ինքը կարող է բարձրաձայնել, կարող է պնդել, որ լուծում ստանա։ Այս դեպքում շարժումը չի կարող հաղթանակի չհասնել, եթե գրագետ այս քայլերը շարունակվեն առանց էմոցիաների, առանց ավելորդ շտապողականության։ Լավ է կես քայլերով առաջ գնալ, քան մեկ քայլ առաջ, երկու քայլ՝ հետ։ Եվ ամենակարևորը՝ մենք պետք է հասկանանք, որ այս շարժումը մի մեծ առավելություն ունի։ Նախ՝ լայն խավային ընդգրկում ունի. հասարակության ավելի շատ շերտեր են ընդգրկված, որոնք կարողանում են օգտվել նախկին շարժումների թույլ տված սխալներից, բացթողումներից։

–Եթե չեմ սխալվում, ինքը՝ Գագիկ Ծառուկյանն էլ երեկ ասաց, որ դրանք ոչ թե «եռյակի» շտաբներն են, այլ ժողովրդի շտաբներն են։ «Եռյակի» երկու բազմամարդ հանրահավաքից հետո իշխանությունները հարցադրում էին կատարում՝ հետո ի՞նչ է լինելու. կարո՞ղ ենք այժմ ասել, որ պատասխանը տրվել է։

–Գիտեք, այդ պատասխանն իրենք գիտեին։ Իրենք չէին կարող չիմանալ, որ շարժումը նաև կառուցվածքային բնույթ է ստանալու. պարզապես նրանց մոտ քարոզչամեքենան խնդիր է դրել ժողովրդի մոտ մեծացնել կամ պահպանել այդ ապատիկ, անտարբեր վիճակը, թե՝ ժողովուրդ ջան, մեր մեջ ոչ մի տարբերություն չկա, ով էլ գա՝ դուք վատ եք ապրելու։ Շարժումը հիմա դա կոտրել է և կոտրելու է։ Երբ դու հենարան չունես, ազդեցություն չունես, մարդիկ քեզանից չեն վախենում, չեն սարսափում, դու, բնականաբար, դուրս ես գալու։ Իրենք ժողովրդի շրջանում գոնե 10%-ի չափով վստահության քվե չունեն։ Երբ հանրապետականները դուրս են գալիս և բակում ընկերների, հարևանների հետ խոսում, իրենք ավելի մեծ ջանասիրությամբ և ավելի մեծ ոգևորությամբ են քննադատում այս իշխանություններին, որովհետև նրանք ներսից ավելի լավ են տեսնում, թե ինչ սարսափելի վիճակում ենք գտնվում։ Վերջին օրինակը՝ Տարածքային կառավարման նախարարությունը կմիացվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը. նման անհեթեթ որոշումը շատ խորհրդանշական էր. դա ցույց է տալիս՝ ինչ սարսափելի, տխուր, խղճուկ վիճակում է գտնվում այս իշխանությունը։ Այս իշխանություններն ինչ էլ ասեն՝ չենք կարող լուրջ վերաբերվել։ Եթե նման քայլ են անում, դրանց հետո Շարմազանովը և Աշոտյանը դեմքի ինչպիսի արտահայտությամբ էլ փորձեն լուրջ բաներից խոսել՝ արդեն լուրջ չի ընկալվի։ Լսելով պաշտոնյաների այս կամ այն հայտարարությունն՝ ավելի ես համոզվում, որ երկրում անհրաժեշտ են իշխանափոխություն և արմատական փոփոխություններ։

–Վերադառնալով համազգային շարժման շտաբների ձևավորմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ իշխանափոխության գործընթացն ավելի կանոնակարգված բնույթ է ստանում։

–Դա անհարժեշտ քայլ էր, և պետք չի բավարարվել միայն շտաբների ստեղծմամբ՝ գեղեցիկ վարագույրներ կախեցինք, սեղաններ դրեցինք։ Չէ, շտաբը պետք է աշխատի, գործուն մեխանիզմի կարևոր տարրը դառնա։ Կարևորը ոչ այնքան վարագույրի գույնն ու տեսքն են, որքան ներսում կատարվող աշխատանքը, և ամենակարևորը՝ շտաբը պետք է քաղաքական լինի, ոչ թե սոցիալ–տնտեսական խնդիրներ լուծող, որովհետև գաղտնիք չէ, եթե երկու բնակիչներից մեկն աղքատ է, սկզբնական հոսք է լինելու օգնության խնդրանքով, և շտաբի ղեկավարները պետք է մարդուն բացատրեն, որ քո օգնությունը դու ես, միացի՛ր մեզ, որ այլևս օգնության կարիք չզգաս, կարողանաս արժանապատիվ աշխատանք ունենալ ու քո տունը պահել և զարգանալ։ Այս խնդիրը պետք է լուծել, ոչ թե կարճաժամկետ ինչ–որ օգնություն տրամադրելը՝ մարդը բավարարվեց այդքանով, գնաց տուն։ Ես վստահ եմ, որ այս շտաբները կդառնան քաղաքական լուրջ մասնիկ և լուրջ գործոն հետագա հաջողության համար։ Այս շարժումը ճիշտ քայլերից հետո չի կարող չհաղթել։ Որոշ ժամանակ անց ժողովուրդը կտեսնի փոփոխություններ. ես վստահ եմ, որ մի «X» պահի գործող իշխանությունները կհասկանան, որ իրենց գնալու ժամանակն է, և որքան հեշտ, որքան անցնցում գնան, այդքան լավ իրենց համար։ Նորից եմ ուզում կրկնել՝ հրաժարական տալու և իշխանությունը զիջելու մեջ ոչ մի ամոթալի բան չկա։ Հակառակը՝ մադու մասին դրական կարող ես մտածել, որ վերջապես հասկացավ, որ այս պահին չի կարողանում, ձախողում է՝ պետք է զիջի։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը