Մեկնաբանություն

07.11.2014 15:24


Մնացածը ձե՛զ լինի

Մնացածը ձե՛զ լինի

Սերնդափոխությունը բնակչության բնական շարժման հետևանքն է։ Ծերացող երկրների շարքին դասվող Հայաստանի քաղաքական դաշտում սերնդափոխության անհրաժեշտության մասին տարիներ շարունակ խոսվել է։ Տվյալ պարագայում սերնդափոխություն ասվածը ոչ այնքան քաղաքականության մեջ եղած անձանց տարիքին է վերաբերում, որքան մտածողությանը։

Վերջին տարիներին եթե սերնդափոխություն տեղի ունեցել է, ապա հիմնականում միայն իշխանության դրածոների տիրույթում։ Հին «դհոլներին» փոխարինելու են եկել նորերը, հոգնած հաճախորդներին՝ երիտասարդ կոմերիտականները։ Տարիքային տարբերություն՝ միևնույն մտածողությամբ, ու ամենազզվելին՝ նույն արժեհամակարգով։

Սերժ Սարգսյանը դժգոհում է գաղջ մթնոլորտից, բայց բավական է համարձակություն ունենալ ու կողքի հայացքով նայել սեփական ձեռքերով ստեղծած «քաղաքական համակարգին», և գաղջի ակունքները հստակ կերևան։ Իսկապես վախենալու է. դաշտ է նետվել քարացած, ամորֆ մի զանգված...

Բնական է, որ պետք է պահանջ առաջանար այս ամենը փոխելու համար, և պահանջարկին հետևեց առաջարկը։

Համաժողովրդական նոր շարժման նախաձեռնությամբ մեկնարկած իշխանափոխության գործընթացը Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ՝ գաղջ մտածողության վերացման մեկնարկն է։ Դա սպասված սերնդափոխության՝ բոլոր առումներով նոր ու արժանավոր մարդկանց մուտքն է երկրի քարացած քաղաքական դաշտ։

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ.։ ԲՀԿ երեկվա քաղխորհրդի նիստում ընդգծվեց՝ «Հաղթանակը մե՛րն է, ժամանակը մե՛րն է, ապագան մե՛րն է»։ Մնացած ամեն ինչը թող մնա հեռացող իշխանությանը։

Այս խորագրի վերջին նյութերը