Մեկնաբանություն

07.11.2014 11:10


Հայոց դատի պաշտպան, անմահ Ցուկերբերգ

Հայոց դատի պաշտպան, անմահ Ցուկերբերգ

Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՀ դեսպանատներից, Հայ դատի գրասենյակներից, Բաղրամյան 26-ում նստած «նախաձեռնողականից» ու ՀՀ արտգործնախարարությունից հույսը կտրած հայ ժողովուրդը հուսավառ հայացքն ուղղել է «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կողմը:

Հիմա բոլորը սրտատրոփ սպասում են Ցուկերբերգի ասուլիսին, որը հնարավոր է՝ պատասխանի իրեն ուղղված հայ օգտատերերից մեկի հարցին:

Համացանցային հանրության աչքում Ցուկերբերգը դարձել է հայ դատի ու հայոց պահանջատիրության խորհրդանիշ, քանի որ Մարկի պատասխանից է կախված, թե այսուհետ ինչպես կընթանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը:

Մարկ Ցուկերբերգի ֆեյսբուքյան ասուլիսի էջում հայազգի Արսեն Կարախանյանի հարց-մեկնաբանությունը լայքերի պակաս չունի. ամեն օր հաշվում են, թե եղած լայքերին էլի քանի՞սն ավելացան:

Կարախանյանը Ցուկերբերգին նախ հիշեցրել է, որ 2015թ.-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և աշխարհում յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, պետք է ճանաչի ու դատապարտի այն հանցագործությունն ու կոտորածները, որ Թուրքիան իրականացրել է հայերի նկատմամբ 20-րդ դարի սկզբին:

Իսկ հետո հարցրել է՝ «Ի՞նչ է պատրաստվում անել «Ֆեյսբուքը»՝ աջակցելու համար աշխարհի կողմից Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը»:

Ֆեյսբուքյան օգտատերերը հիմա սպասում են Մարկի արձագանքին: Դե, խոսքը համացանցային հանրության այն հատվածի մասին է, որը նույն սոցցանցում ամեն օր հեղափոխություն է անում: Նույն կերպ էլ մտածում է, որ եթե սոցցանցում էջեր բացվեն, Օբաման դրանք կտեսնի, սիրտը կլցվի, ու ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Այնպես որ, նույն համացանցային հանրությունը շատ է ուզում, որ Ցուկերբերգն անպայման դրականորեն արձագանքի հայ օգտատիրոջ հարցին, որպեսզի սկսեն վիրտուալ տարածքում ցնծալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հնարավոր «հաղթարշավի» կապակցությամբ:

Ահա այսպես: Այն, ինչը չհաջողվեց անել Սերժ Սարգսյանին, հնարավոր է՝ հաջողվի Ցուկերբերգին: Եթե, իհարկե, վերջինս արձագանքի հայ օգտատիրոջ հարցին եւ այդ հարցի տակ լայքող համացանցային հանրությանը:

Այն հանրությանը, որն անցած շրջանում որեւէ կերպ չարձագանքեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությանը», ինչի հետեւանքով կասեցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը:

Հենց հայ-թուրքական արձանագրությունների հետևանքն է այն, որ վերջին հինգ տարիներին միայն մեկ երկրի՝ Շվեդիայի խորհրդարանն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն էլ՝ մեկ քվեի առավելությամբ: Ավելին, Շվեդիայի վարչապետն ու արտգործնախարարն իրենց թուրք գործընկերների ներողամտությունը հայցեցին:

Իսկ հիմա սրանց հույսն ու ապավենը մնացել է Ցուկերբերգը:

Անշուշտ, սոցիալական ցանցերն ինչ-ինչ խնդիրների արծարծման համար կարեւոր հարթակ են, ինչպես, օրինակ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ժամանակին պատրաստակամություն հայտնեց՝ օգնելու լուծել դոնորական օրգանների սակավության խնդիրը:

Բայց հարց է առաջանում՝ 2008-ից հետո ինչո՞վ էին զբաղված հայոց դեսպանատները, Հայ դատի գրասենյակները, Սփյուռքի նախարարությունը եւ, վերջապես, Նալբանդյանի մարդաշատ, ծախսատար ու թանկարժեք ճամփորդություններով աչքի ընկնող գերատեսչությունը:

Պարզ է, որ սրանք բոլորը կաշկանդված էին Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությամբ» եւ, այսպես ասած, մնացել էին «ֆուտբոլային դիվանագիտության» ավերակների տակ:

Այնուհանդերձ, աներեւակայելի մի բան էր թվում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ կմնայինք Ցուկերբերգի հույսին: Բայց, փաստորեն, մնացինք։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը