Մեկնաբանություն

06.11.2014 19:54


Ներիշխանական հեղափոխությունը տեղի ունեցավ

Ներիշխանական հեղափոխությունը տեղի ունեցավ

Ախր, իշխանությունները ասում էին, չէ՞, որ հեղափոխությունը պետք է լինի մեր ուղեղներում:

Վերջապե՜ս, վերջապե՜ս իշխանություններն սկսեցին փոփոխություններ իրականացնել երկրում:

Ժողովուրդը կարող է հանգիստ շունչ քաշել, քանզի ցանկալի փոփոխությունների շունչն արդեն զգալի է: Այսուհետ պետք չէ դժգոհել ու հանիրավի մեղադրել իշխանություններին երկրում փոփոխություններ չիրականացնելու համար:

Իշխանություններն այսօր այնպիսի փոփոխություններ են կատարում, որոնց չէին հանդգնի գնալ անգամ ամենազարգացած պետությունները:

Չեք պատկերացնի, թե ինչ արմատական քայլերի գնացին իշխանությունները: Իսկ դուք դեռ բողոքո՞ւմ եք:

Ախր, չկա եւ չի արվել ավելի հզոր պատմական քայլ, ինչն արձանագրվում է այսօր: Չեք պատկերացնի, թե որքան մեծ ու լայնածավալ փոփոխությունների ականատեսն ենք, ինչի արդյունքում հայոց պետականությունը աննախադեպ զարգացում է ունենալու:

Հիմա դեռ տաք եք ու չէք զգում այդ փոփոխությունների կարեւորությունը, ինչով էլ պայմանավորված է լինելու մեր ժողովրդի բախտն ու պետության հետագա բախտորոշ ճակատագիրը:

Հասկանո՞ւմ եք, իշխանությունները որոշել են Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները միավորել:

Սա քիչ համարելով՝ իշխանությունները դիմել են ավելի արմատական ու կտրուկ քայլի. որոշել են ստեղծել նոր գերատեսչություն՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, որի մի կեսը զբաղվելու է ԵՏՄ–ի, իսկ մյուս կեսը՝ ԵՄ–ի հետ ինտեգրվելու հարցերով, այսինքն՝ կունենանք «և՛, և՛»–ի նախարարություն:

Համաձայնեք, որ այս փոփոխությունները մեր պետությունը կփրկեն կործանումից, իսկ ժողովուրդն իսկապես իրեն կզգա ապահով Հայաստանում:

Էլ չենք խոսում այն մասին, որ երկու նախարարությունների միավորման արդյունքում նախ կշահեն սահմանամերձ գյուղերը, որտեղ նախատեսվում են արտակարգ միջոցառումներ իրականացնել, փրկել տեղի բնակչությանն աղքատության ճիրաններից ու կասեցնել արտագաղթը:

Երկու նախարարությունների միավորման արդյունքում ընդհանրապես երկրի ազգաբնակչության մեծ մասն այլեւս իրեն երջանիկ կզգա ու կապրի բարեկեցիկ կյանքով՝ հրաժարվելով երկիրը լքելու մտադրությունից ու ցանկությունից:

Այդ միավորումից հետո երկրում կնվազեն հանցագործություններն ու աղետները, կթագավորի օրինապաշտությունը, կլուծվեն բոլոր հիմնախնդիրները, որոնք հնարավոր չէր լուծել մինչև հիմա։ Քանի դեռ չէր եղել այս միավորումն, իրոք, երկրում անհնար էր խնդիրների լուծում ակնկալել:

Դե, իսկ նոր նախարարության կազմավորումից հետո երկրում տնտեսական բում է սպասվում. Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության շնորհիվ օտարազգի ներդրողները կվազեն Հայաստան, իսկ նրանց բիզնեսին այլեւս փայ մտնող չի լինի: Հայոց տնտեսությանը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում հասնել չի լինի:

Հասկանալի է՝ նոր նախարարության գոյության պայմաններում տնտեսական մենաշնորհները կվերանան, իսկ ստվերն անմիջապես դուրս կգա արեւի երես: Բնականաբար, աղքատության մասին այլեւս խոսք լինել չի կարող, քանի որ բոլորը կապրեն չաղ ու բախտավոր:

Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, բայց մենք համոզված ենք, որ այս փոփոխությունների շնորհիվ Հայաստանին հաջողվելու է հաշված ամիսների ընթացքում դուրս գալ կործանարար ծանծաղուտից եւ հաստատուն քայլերով սլանալ զարգացման մայրուղիով:

Իսկ դուք չէիք հավատում «Վերջի բոլշեւիկին»:

Ահա, խնդրեմ, մարդը հանուն պետության ու ժողովրդի բարօրության՝ պատրաստ է դիմել հեղափոխական քայլերի: Անգամ վտանգելով սեփական կյանքն ու անձնական բարօրությունը:

Ախր, իշխանությունները ասում էին, չէ՞, որ հեղափոխությունը պետք է լինի մեր ուղեղներում:

Խոստացան ու արեցին այդ հեղափոխությունը…իրենց ուղեղներում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը