Մեկնաբանություն

05.11.2014 23:21


Արտակ Շաբոյանի հակամրցակցային հանձնաժողովը

Արտակ Շաբոյանի հակամրցակցային հանձնաժողովը

Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, պետական գաղտնիք բացահայտեց։ Նա հայտարարեց, որ փոքր Հայաստանում մեկ մարդ պետք է շաքարավազ ներկրի («Բա ի՞նչ ես ուզում՝ մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»)։ Դա, իհարկե, գաղտնիք չէր, բայց ուշագրավ էր, որ հնչում էր երկրի ղեկավարի շուրթերից։

Այդ հայտարարությունից հետո գործի անցավ արդեն տխրահռչակ Տիգրան Սարգսյանի սիրելի կադրերից հանդիսացող և տնտեսական մրցակցության պաշտպանության համար հարկատուներիցս փող ստացող Արտակ Շաբոյանը՝ ՏՄՊՊՀ–ի նախագահը։ Նա սկսեց հիմնավորել, թե ինչու պետք է Հայաստանի այս կամ այն ապրանքային շուկաներում արհեստական մենաշնորհներ լինեն։

Ըստ Շաբոյանի՝ մեր տնտեսության փոքրությունից ու այլ առանձնահատկություններից ելնելով՝ բնական է, որ պետք է շուկան կենտրոնացվի առանձին անհատների ձեռքում։

Եթե նման տեսակետ հայտներ մի չկայացած տնտեսագետ կամ օրթոդոքս ՀՀԿ–ական, ապա կարելի էր ըմբռնումով մոտենալ այդ մարազմին։ Բայց երբ մեզանում ձևավորված արհեստական մենաշնորհների գոյությունն արդարացնում է ի պաշտոնե մրցակցային միջավայրին հետևող չինովնիկը, ապա սա արդեն այլ բան է նշանակում։

Շաբոյանն, ըստ այդմ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Նա փաստացի հայտարարել է, որ ինքը ոչ թե մրցակցության, այլ հակամրցակցության պաշտպանությամբ է զբաղված, և սպասարկում է Բաղրամյան 26–ից քվոտայավորված արտոնություն ստացածների, այսինքն՝ իշխանության վերին օղակում գտնվող նեղ խմբակի շահերը։ Ու հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք մենք մեր վճարած հարկերի հաշվին պահում ՏՄՊՊՀ–ն։ Որպեսզի այդ կառույցը մահակի ֆունկցիա կատարի անցանկալի գործարարների դեմ ու կանաչ լույս վառի իշխանությունից մենաշնորհային «դաբրո» ստացածների համա՞ր։

Ո՞ւմ է պետք է այդ հանձնաժողովը, եթե դրա նախագահը բարձր աշխատավարձ է ստանում տնտեսության հերն անիծելու և գործարար միջավայրը խաթարելու համար։

Դատելով ամենից՝ ՏՄՊՊՀ–ն ընդամենը գործիք է դարձել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման նպատակով։

Կարծում ենք, որ ժամանակն է Տիգրան Սարգսյանի օրը գցելու Շաբոյանին (նկատի չունեմ դեսպան դառնալը), իսկ այդ հանձնաժողովն էլ՝ ցրելու։

Փոխարենը՝ կարելի է ստեղծել հակամենաշնորհային անկախ մարմին, որը կհետևի շուկայական խաղի կանոնների պահպանմանը։ Անշուշտ, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ կլինի տնտեսության առողջացման համար։ Ինչպես «դասականն» էր ասում՝ պետք է գլխից բռնել։ Ասել է թե՝ առանց իշխանափոխության՝ խնդիրը, մեծ հաշվով, չի լուծվի, քանզի ձուկը գլխից է հոտած։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը