Հարցազրույց

05.11.2014 15:33


Գառնիկ Իսագուլյան. «Իշխանություններին երեքմանեթանոցներ են պետք»

Գառնիկ Իսագուլյան. «Իշխանություններին երեքմանեթանոցներ են պետք»

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ

–Արդյոք ոչիշխանական ուժերի մոտ ամեն բան հստակ չէ՞ իշխանափոխության գործընթացում, ինչպես որ ներկայացնում է իշխանությունը։

–Այդ հարցի պատասխանը հստակորեն տվել են ոչիշխանական ուժերի առաջնորդները, և թե ինչ են ասում իշխանություններն այսօր, ամենևին էլ էական չէ: Իսկ եթե իշխանությունները փորձում են տարբեր հարցերի նկատմամբ «եռյակում» ընդգրկված քաղաքական ուժերի վերաբերմունքը, որոնք կարող են տարբերություններ ունենալ, մեկնաբանել իրենց հարմար համատեքստով, ապա առնվազն կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ հենց այդ տարբերությունների առկայության պայմաններում իշխանափոխության և իշխանություններին վերարտադրման հնարավորություն չտալու հարցում ոչ միայն միակարծիք են, այլ կոչ են անում նաև այլ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և անհատ գործիչներին մի կողմ դնել առկա տարաձայնությունները և այդ հարցում պայքարել ընդհանուր ճակատով:

–Բաղրամյան 26-ի հաճախորդներն, իրար հերթ չտալով, փորձում են հիմնավորել, որ ոչիշխանական ուժերի մոտ ոչինչ չի ստացվի։

–Հայկական կինոարվեստում մի հրաշալի ֆիլմ կա` «Խաթաբալա», որում գործող կերպարներից մեկը` Զամբախովը, իր չափից ավելի տգեղ աղջկան ամուսնացնելու նպատակով թաղման ծիսակարգ է կազմակերպում, որի համար վարձում է երեքմանեթանոց լացողներ: Այժմ իշխանություններին իրենց նպատակներին հասնելու համար ևս երեքմանեթանոցներ են պետք, իսկ նման մինիոններ հասարակության մեջ միշտ էլ կան:

–Արդյոք իշխանության հաճախորդների զինանոցը սպառվա՞ծ չէ։

–Ստիպված եմ անդրադառնալ նույն ֆիլմին, երբ նույն Զամբախովը թաղման արարողության ընթացքում Իսայուն բողոքում է, որ, ախր, դրանց լացը երեք մանեթի չի, և շատ վատ են լացում, իսկ վերջինս հավաքել էր քաղաքի ամենալավ ու հայտնի լացողներին: Իհարկե, նրանք անսպառ չեն, իսկ նրանց հաճախ օգտագործելն առաջացնում է հասարակության հակակրանքը:

–Այս իրավիճակում ի՞նչ է մնացել անելու Սերժ Սարգսյանին։

–Բարոն Մյունխհաուզենը պնդում էր, որ ցանկացած իրավիճակից առնվազն երեք ելք կա: Մենք չգիտենք, թե նա հատկապես ինչ ելք նկատի ուներ, բայց ես կարող եմ գոնե մի ելք մատնանշել՝ անհրաժեշտ է սիրել հայրենիքն ու նրանում ապրող ժողովրդին: Ոչ ոք այս աշխարհից այն աշխարհ ոչինչ չի տանում, բայց թողնում է անուն ու հարգանք կամ հավիտենական նզովք: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ինքը պետք է որոշի, թե այս երկուսից որն է իր համար նախընտրելի, քանզի երկուսի հնարավորությունն էլ դեռևս կա. մնում է միայն խոհեմությունը:

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը