Մեկնաբանություն

05.11.2014 14:05


Նոր «սիամական երկվորյակները»

Նոր «սիամական երկվորյակները»

2008–ից սկսած՝ իշխանական նեղ թիմը նախաձեռնել է սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման գործընթաց, որը հետապնդում է ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական նպատակ։

Արդյունքները սարսափելի են՝ աղքատության աճ, ներդրումների նվազեցում, կապիտալի փախուստ և, ի վերջո, հարյուր հազարավոր արտագաղթողներ։

Ադրբեջանի հետ կիսապատերազմական ռեժիմում գտնվող Հայաստանի տնտեսությունը թուլացել է, ինչը շատ լուրջ սպառնալիք է մեր անվտանգության համար։

«Սիամական երկվորյակներ»–1

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիքը տխրահռչակ Տիգրան Սարգսյանն էր։ Նա փայլուն էր կատարում իր ֆունկցիան. «ատկատների», կեղծ «տենդերների», փողերի լվացման, օֆշորային մեքենայությունների և Հայաստանի անունից ձեռք բերված վարկային միջոցների մսխման մեխանիզմները հասցվել էին կատարելության։ Դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը նրան ատամներով էր պահում։

Սերժ և Տիգրան Սարգսյանները յուրօրինակ «սիամական երկվորյակներ» էին դարձել և այդպիսին էլ կմնային, եթե ՀՀԿ ղեկավարը ստիպված չլիներ հեռացնել նրան ու տեղափոխել ԱՄՆ։

«Վերջի բոլշևիկը», «Պայքարում ենք օլիգարխների դեմ» դեմագոգիկ լոզունգի տակ, մեր երկրի ֆինանսատնտեսական հոսքերը կենտրոնացնելու խնդիր էր լուծում Տիգրանի միջոցով՝ նպատակ ունենալով նաև ամայացնել քաղաքական դաշտը։ Այդ ծրագիրը, սակայն, մինչև վերջ չհաջողվեց իրագործել, քանզի ԲՀԿ–ն թույլ չտվեց ավարտին հասցնել այն։ Ավելին՝ Գագիկ Ծառուկյանն իր քաղաքական գործընկերների հետ ջարդեց այն գործիքը, որով լուծվում էր իշխանության հավերժացման խնդիրը։

«Սիամական երկվորյակներ»–2

Տիգրան Սարգսյանին «քառյակի» ճնշման տակ զոհաբերելուց հետո տնտեսության կենտրոնացման խնդրի լուծումը Սերժ Սարգսյանի մոտ մղվել է երկրորդ պլան։ Հիմա նրա համար առաջնայինը նախագահական աթոռը պահելն ու վերարտադրվելն է։ Սահմանադրական փոփոխությունները հենց այդ նպատակով են նախաձեռնվել, սակայն այստեղ էլ նա լուրջ դիմադրության է հանդիպում։ Ինչպես հայտնի է, մեր երկրի առաջատար քաղաքական ուժերը դեմ են արտահայտվել այդ փոփոխություններին։

ՀՀԿ ղեկավարին այլ բան չի մնացել, քան կիսաքրեական ու կիսաբանդիտական շրջանակների վրա հենվելը։

Եթե իր պաշտոնավարման առաջին փուլում շեշտը դրված էր տիգրանսարգսյանական դեմագոգիայի ու փարիսեցիության, ինչպես նաև «Առաջադեմ ու արևմտամետ Սերժ» PR–հեքիաթի միջոցով հանրությանը կերակրելու և «տակից» տնտեսությունը կենտրոնացնելու տեխնոլոգիայի վրա, ապա այժմ բոլոր դիմակները դեն են նետված։

Պատահական չէ, որ քրեական անցյալ ու ներկա ունեցող Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետ, ակտիվացել են տարբեր քրեական տարրերն ու օդիոզ կերպարները։

Առանձնահատուկ դեր է հատկացված գեներալ–պատգամավոր Մանվել Գրիգորյանին, ում գլխավորած ԵԿՄ–ն, փաստացի, Սերժի միակ հենարանն է։

ԵԿՄ–ն, որի շարքերում են հայտնվել նաև լիսկաներն ու կյանքում բանակում չծառայած տարոնմարգարյանները, վառոդի հոտ չառած սամվելալեքսանյանները և ասֆալտի ֆիդայիները, ՀՀԿ ղեկավարի վերջին հույսն է, իսկ Էջմիածնի «Սիմոնը»՝ Սերժ Սարգսյանի նոր «սիամական երկվորյակը»։

Այլ կերպ ասած՝ Սերժն այժմ հույսը դրել է բանդայի վրա՝ վերջինիս հասկացնելով, որ եթե ինքը չլինի, ապա չի լինի նաև բանդան։ Դա է, որ Սերժի «երկվորյակ» է դարձրել բոլոր տեսակի լիսկաներին, որոնց մարմնավորումը գենարալ–պատգամավոր Մանվելն է։

. . .

Քաղաքական ներկա վիճակում «եռյակի» գլխավոր խնդիրը հանրային լայն մոբիլիզացիա ապահովելն ու քաղաքական գործընթացները հրապարակային դաշտում պահելը պետք է լինի։

Սերժն ուզում է քաղաքական հարաբերությունները տեղափոխել տղայական հարթություն և «մուտիլովկաների» դաշտ՝ օգտագործելով «Գեբելսյան» քարոզչամեքենան ու հաճախորդների բանակը։

Ընդդիմությունը պետք է անի ճիշտ հակառակը՝ Սերժին բերի քաղաքական դաշտ, որտեղ ՀՀԿ ղեկավարը շատ թույլ է, եթե չասենք՝ զրոյական վիճակում։ Հաջողությունը միայն այդ դեպքում երաշխավորված կլինի։ Դատելով ամենից՝ «եռյակը» հենց այդպես էլ անում է։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Էջմիածնի «Սիմոնը» մի առիթով հայտարարել էր, թե մենք ադրբեջանցիներին փոխզիջելու բան չունենք, և ով ուզում է հողերը հանձնել, թող տանի իր մորն ու քրոջը փոխզիջի։

Մի կողմ թողնենք նրա ասածների հուզական կողմը և հարցը դիտարկենք այլ հարթության մեջ։

«Մազալուն» այն է, որ Մանվելի ասածի հասցեատերերն իշխանության մեջ են, կամ էլ իշխանությանը կցված «Հաճախորդաց միությունում»։ Իսկ դա նշանակում է, որ շատ անհարմար բան է ստացվում։

Բերենք թարմ օրինակներ։

Սերժի շահերի սպասարկմամբ զբաղվող Դավիթ Շահնազարյանն օրերս իր ադրբեջանցի համախոհի հետ փաստաթուղթ է ստորագրել՝ կողմ արտահայտվելով Ղարաբաղի հողերի հանձնմանը։ Դե, իսկ ԵԿՄ–ի «հոպլոն»՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, ամեն օր կոկորդ է պատռում՝ հայտարարելով, որ հանուն ԵՄ–ի հետ ասոցացման՝ պետք է զիջել Ղարաբաղը։

Իրոք, շատ անհարմար բան է ստացվում։

Հ.Գ.–2: Հաջորդ տարվա պետբյուջեով սահմանվել է հայրենասիրության գինը։ Դա կազմում է մոտ 160.000 դոլար։ Հենց այդքան է հատկացվելու ԵԿՄ–ին դպրոցներում հայրենասիրություն քարոզելու համար։ Այդ մասին իրար հետ պայմանավորվել են ԵԿՄ–ն, Պաշտպանության նախարարությունն ու Կրթության նախարարությունը։ Այսինքն, դպրոցների այլասերման գործընթացը տեղի է ունենալու պետպատվերի շրջանակներում։ Հետո էլ ՀՀԿ–ականները լուրջ դեմքով պնդում են, թե իշխանափոխության հիմքեր չկան...

Այս խորագրի վերջին նյութերը