Մեկնաբանություն

05.11.2014 10:10


Թուրքերը գրողի ծո՞ցն են ուղարկում Սերժ Սարգսյանի հրավերը

Թուրքերը գրողի ծո՞ցն են ուղարկում Սերժ Սարգսյանի հրավերը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նորանշանակ գլխավոր խորհրդականը՝ Էթյեն Մահչուփյանը, «CNN Turk»-ին տված հարցազրույցում նշել է, որ ինքը հնարավոր չի համարում Թուրքիայի նախագահի այցը Հայաստան։

«Եթե իրատես լինենք, ապա ես Էրդողանի՝ Հայաստան գնալը հնարավոր չեմ համարում: Ապրիլի 24-ին Հայաստան գնալը կարևոր ժեստ է, որն իրենից առաջ բազմաթիվ այլ ժեստեր է պահանջում: Եթե այդ ժեստերը արվեն, այդ ժամանակ հնարավոր է՝ իրավիճակը հասունանա, և Նախագահը գնա Հայաստան: Սակայն եթե իրատես լինենք, ես դա հնարավոր չեմ համարում, քանի որ սպասվում է, որ Հայաստանը 2015-ին սովորականից ավելի շատ կոշտություն կդրսևորի, այդ պատճառով էլ Թուրքիան այդ ժեստը չի անի: Շատ բան կա անելու: Եվ դրանց մի մասը Թուրքիան պետք է անի, մյուս մասը՝ Հայաստանը: Եթե Հայաստանը պարզապես հրավիրի ու սպասի, ապա չեմ կարծում, որ Նախագահը կգնա»,- ասել է Մահչուփյանը:

Ճիշտ է, սա Էրդողանին ուղարկած Սերժ Սարգսյանի հրավերի վերաբերյալ թուրքական կողմի պաշտոնական պատասխանը չէ, բայց կարելի է նաեւ այդպիսին համարել, քանի որ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականն իր կարծիքն այդպես համարձակ չէր հրապարակի: Ավելին՝ ակնկալվող փոխադարձ ժեստերի անհրաժեշտության մասին չէր բարձրաձայնի:

Իսկ Էդվարդ Նալբանդյանը երբ օգոստոսի վերջին մեկնեց Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահի պաշտոնակալության արարողությանը, եւ Էրդողանին հանձնեց Սերժ Սարգսյանի հրավերը, վերադառնալուց հետո նշեց, թե այսօր դժվար է ասել, թե երբ և ինչ որոշում կկայացնի Թուրքիայի նախագահ Էրդողանը գալիք տարի ապրիլի 24-ին Երևան այցելելու կապակցությամբ:

Ինչպես հատնի է, Էրդողանին հրավեր անելուց մեկ ամիս անց Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, թե պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ հայ-թուքական արձանագրությունները միայն եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Շարունակելով ելույթը՝ Սարգսյանը «գրողի ծոցն» ուղարկեց արձանագրություններն, ու ասաց, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը (արձանագրությունները մինչև հիմա խորհրդարանում են, ինչը խոսում է այն մասին, որ Սարգսյանն ընդամենը PR–ակցիա է արել ՄԱԿ–ում):

Մինչդեռ, պարզվում է՝ թուրքական կողմը Սարգսյանի «ժեստին» է սպասում, ինչի դեպքում միայն Էրդողանը կմտածի՝ այցելե՞լ Երեւան, թե՞ ոչ:

«Ժեստ» ասելով Թուրքիայի կառավարությունը նկատի ունի Արցախի հանձնումը Ադրբեջանին:

Փաստորեն, Էրդողանը հիմա էլ Երեւան իր այցի հետ կապված է նման նախապայման առաջ քաշում:

Դե, քանի որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, թե այսօր պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը (ոչ թե արձանագրությունների տակից ՀՀ-ի ստորագրությունը հետ կանչելը), սակայն իրականում այդ հարցը չի քննարկվում, Էրդողանն էլ, ահա, նրանից «ժեստ» է ակնկալում: Հակառակ պարագայում չի գա Հայաստան:

Մի խոսքով, «ֆուտբոլային դիվանագիտության» խայտառակ հետեւանքներն իրենց դեռ երկար են զգացնել տալու:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ ՀՀԿ մամլո խոսնակը՝ Շարմազանովը, հայտարարում էր, թե Էրդողանը ապրիլի 24-ին Երեւան կայցելի, թե ոչ, միեւնույն է, երկու դեպքում էլ իրենք քայլեր են մշակել:

Էրդողանի գալ-չգալը չգիտենք, բայց մի բան արդեն հայտնի է՝ այստեղ իրեն ընդդիմություն համարող մի կառույց հայտարարել է, որ ապրիլի 24-ին սկսելու է «ռեժիմի հեռացման» գործընթացը, որը երևի այնպիսին կլինի, ինչպիսին փակ շուկայի դեմ «հերոսական» պայքարն էր:

Այս խորագրի վերջին նյութերը