Լրահոս

21.09.2009 14:35


Ինչպե՞ս է ընկալում ՀՀ քաղաքացին անկախության օրը

Ուղիղ 18 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, անցկացվեց  Հայաստանի անկախության հանրաքվեն ու հռչակվեց Հայաստանի անկախ հանրապետությունը։

Ի՞նչ հույսերով ու սպասումներով էին «այո՛» քվեարկում մարդիկ այն ժամանակ։ Ի՞նչ է մեզ համար անկախությունն այսօր։ Ինչպե՞ս է այն ընկալում ՀՀ քաղաքացին։ «7օր»-ը փորձել է պատահական անցորդներից ստանալ այս և այլ հարցերի պատասխանները։

 Տարեցներից շատերն էին հիշում այն ոգևորությունը, որ տիրում էր 1991-ին։

-Ես «այո՛» եմ քվեարկել 1991-ին։ Այն տարիներին իմ սպասելիքը եղել է այն, որ Ղարաբաղը ազատ լինի։ Լավ կլինի, որ գոնե հիմա կարողանանք գլուխ հանել։ Ցավում եմ. թվում է՝ դա երկար է տևելու։ Եվ, ի վերջո, արդյո՞ք այսօր ինձ ազատ եմ զգում, թե՞ ոչ, շատ դժվար հարց է,-ասել է 72-ամյա մի պապիկ։

Իսկ 63-ամյա մի կին էլ անկախության օրն անվանել է  «ոչ ու փուչ»՝ ընդգծելով, որ եթե նախկինում «միայն Ռուսաստանից էինք կախված, հիմա կախած ենք բազմաթիվ ազգերից»։

-Դժբախտաբար, քվեարկել եմ «այո՛». ախր չէինք էլ մտածում, որ իշխանության կգան այն մարդիկ, որոնք մեզ կհասցնեն այս ծայրահեղ վիճակին, որի հետևանքով երիտասարդները կլքեն տուն ու տեղ ու կգնան արտերկիր՝ դառնալով պանդուխտ,-նշել է նա։

Հանրության մի մասն իսկապես համարում է, որ այս անկախությունը մեզ պետք էր, իսկ մյուս մասն ազատ ու անկախ է համարում Խորհրդային Միությունը։

-Ես ինձ ազատ չեմ զգում. մարդն այն ժամանակ է ազատ, երբ  հոգեպես բավարարված  է զգում։ Սովետական տարիներն ավելի ազատ էին։ Հրաշալի էր և՛ կուլտուրան, որը բարձր մակարդակի վրա էր, և՛ մարդկային հարաբերություններն էին ավելի լավը, քան հիմա,-նշել է 62-ամյա մի կին։

Իսկ 71-ամյա Նելլի տատն ուղղակի հպարտ է, որ «այո՛» է քվեարկել 1991-ին։

-Շատ մեծ սպասումներով եմ քվեարկել, բայց լիովին չարդարացան դրանք։ Իհարկե, անկախության զգացում ունեմ, բայց լավ կյանքով չենք ապրում։ Իհարկե, համեմատած սովետական տարիների հետ, անչափ լավ է. ի՞նչ էր այն ժամանակ՝ բռնապետություն։ Ես լավատես եմ և զգում էլ եմ, որ դեռ գալու են մեր լավ օրերը։ Ես դա իմ թոռնիկներին էլ եմ ասել,-մի քիչ հուզված ու մի քիչ էլ թաց աչքերով հիշելով 1991-ը՝ պատմել է նա։

Ցավալի է, բայց նույնը չի կարելի ասել երիտասարդ սերնդի մասին։ Մեզ պատահած պատանիներից ոմանք  վստահ էին, որ այսօր հաղթանակի կամ, ասենք,  երեխաների պաշտպանության միջազգային օրն է, իսկ երբ հիշեցրեցինք 12-ամյա տղային, թե ինչ օր է այսօր, նա նույնիսկ դժվարացավ պատասխանել, թե  հատկապես որ թվականին է եղել հանրաքվեն։

Իսկ 13-ամյա Լիլիթը հստակ գիտի. «Այսօր Անկախության օրն է, և դա նշանակում է, որ Հայաստանն ունի անկախ պետականություն, և մենք ունենք ինքնուրույն որոշելու քաղաքականություն»։

Արդյո՞ք մենք դա զգում ենք. 23-ամյա Աննան ունի իր մոտեցումը։

-Ոնց որ պայմանական լինի այդ անկախություն ասվածը։ Կողքդ՝ թե՛ կենցաղում, թե՛ քաղաքականության մեջ այնպիսի բաներ են կատարվում, որ մի տեսակ այդ անկախությունը չես զգում,-նշել է նա։

Անշուշտ այս բլից–հարցումները չեն արտահայտում մեր քաղաքացիների հավաքական տեսակետները, բայց, կարծում ենք, որ դրանցից մի մասը լուրջ մտորումների տեղիք կարող է տալ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը