Լրահոս

22.09.2009 10:00


Որքանո՞վ է պաշտպանված ՀՀ քաղաքացին օրենքի և ժողովրդավարության քարոզիչներից

Որքանո՞վ է պաշտպանված ՀՀ քաղաքացին օրենքի և ժողովրդավարության քարոզիչներից

ՀՀ քաղաքացի Աստղիկ Դանիելյանը հայտնվել է ծանր  կացության մեջ։ Ըստ նրա՝ այդ ամենի մեղավորը Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը և նրա տիկին Նատալյա Հրուշան են։ «7 օրը» պարբերաբար անդրադառնալու է այս խնդրին և պատրաստ է լսել նաև հակառակ կողմին։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույց ՀՀ քաղաքացի Աստղիկ Դանիելյանի հետ, ով պնդում է, որ դարձել Է Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի և նրա տիկնոջ՝ Նատալյա Հրուշայի զոհը։

-«Առավոտ» օրաթերթից հայտնի դարձավ, որ Դուք դարձել եք Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի և նրա տիկնոջ՝ Նատալյա Հրուշայի զոհը։ Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ և ինչպե՞ս եք Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի ընտանիքում անցել աշխատանքի։

-2008թ. մարտի սկզբին առաջարկ ստացա «Accept» աշխատանքի տեղավորման գործակալությունից՝ աշխատելու Լյուցենբերգեր- Հրուշա ընտանիքում՝ որպես նրանց դստեր դայակ-դաստիարակ։ Հանդիպեցի տիկին Հրուշային, ծանոթացա աշխատանքի պայմաններին և բնույթին, ինչպես և նախօրոք ինձ ներկայացրել էր գործակալությունը՝ «Աշխատանքային պայմանագիր՝ երեք տարի ժամկետով՝ որպես երկուսուկեսամյա Ջուլիա դը Լյուցենբերգերի դայակ-դաստիարակ»։ Նախապես զգուշացրեցի և՛ գործակալությանը, և՛ տիկին Հրուշային, որ ինձ հետ ազնիվ լինեն. կարճաժամկետ պայմանագիրն ինձ չի հետաքրքրում, քանի որ ես այլ գործատուի մոտ (որն ինձ մշտական աշխատանքի պայմանագիր էր առաջարկել) փորձաշրջանի մեջ եմ՝ համեմատաբար ավելի ցածր աշխատավարձով, և որ միայնակ մայր եմ, մենակ եմ հոգում իմ և դստերս հոգսերը, որ բնակարան եմ վարձում և կարճաժամկետ, բարձր վարձատրվող աշխատանքից նախընտրում եմ փոքրիկ, բայց հաստատուն աշխատավաձը։ Տիկին Հրուշան ինձ խոստացավ բարձր աշխատավարձ և ամենաքիչը երեք տարվա պայմանագիր։ Ես տեղեկացրի նախկին գործատուիս, որ ավելի լավ առաջարկ եմ ստացել և հրաժարվեցի նրա առաջարկից։ Տիկին Հրուշայի տանը երկու շաբաթ փորձաշրջան անցնելուց հետո՝ ապրիլի 1-ից անցա աշխատանքի պրն. և տիկին Լյուցենբերգեր-Հրուշա ընտանիքում։ Աշխատանքս սկսվում էր 9.00-ին և ավարտվում 18.00-ին, որի դիմաց ստանում էի 280 եվրոին համարժեք աշխատավարձ (աշխատաժամերից դուրս յուրաքանչյուր ժամի դիմաց՝1000 դրամ ժամավճար)։ Ընդհանուր առմամբ, ստացվում էր ամսական մոտ չորս հարյուր եվրոյի չափ աշխատավարձ։ Գործիս բնույթն էր փոքրիկ Ջուլիա դը Լյուցենբերգերին  կերակրելը, զբոսանքի տանելը, քնեցնելը, ուսուցողական և զարգացնող խաղեր կազմակերպելը։ Առաջին իսկ հանդիպումից իմ և Ջուլիայի միջև հաստատվեցին հրաշալի հարաբերություններ, աղջնակի ծնողների հետ՝ բացարձակ հարգալից և չափավոր հարաբերություններ։

-Հետագայում խոչընդոտներ ստեղծվե՞լ են Ձեզ համար։

-Երբ արդեն Ֆրանսիայում սկսեցի աշխատանք փնտրել, հասկացա, որ դա անհնար է, քանի որ իմ անձնագրում կնքված տուրիստական վիզան ինձ արգելում է աշխատել Եվրոպայում. այդ պահից էլ սկսվեց անվերջանալի պրոբլեմների շղթայակցված շրջապտույտը. ամեն ինչ սկսվում և ավարտվում է նույն տեղում։

-Մամուլում նաև հրապարակվել է, որ տիկին Նատալյա Հրուշան ընկերուհու՝ Սվետայի հետ ծեծի է ենթարկել Ձեզ, վերցրել Ձեր բջջային հեռախոսը, կալանավորել իրենց բնակարանում, սպառնացել, այնուհետև՝ դուրս վռնդել և այլն։ Պատմե՛ք, խնդում եմ, այդ մասին։

-Այս հարցին պատասխանել չեմ ցանկանում. ինձ համար տհաճ է հիշել։ Ամեն անգամ ինձ նվաստացած եմ զգում՝ հիշելով այդ դեպքը։

-Ինչպե՞ս եք հայտնվել Ֆրանսիայում։

-Տիկին Հրուշայի տնից դուրս գալով՝ գնացի ոստիկանատուն՝ բողոքի հայտ ներկայացնելու ինձ հետ կատարվածի վերաբերյալ։ Դուրս գալով այնտեղից՝ բառացիորեն հայտնվեցի փողոցում։ Անձրև էր տեղում, և ստիպված պատսպարվեցի մի ծառի տակ։ Այնտեղ լուսացրեցի գիշերը՝ սպասելով քրոջս ամուսնուն։ Նրան զանգել և պատմել էի իրողությունը։ Լուսադեմին նա հասավ Բրյուսել, և ես նրա հետ մեկնեցի Փարիզ։

-Ի պաշտպանություն՝ ո՞ւմ եք դիմել, ո՞ր կառույցին և ի՞նչ պատասխան եք ստացել։

-Դիմել եմ Բելգիայի արքայական դատախազին, Բրյուսելում ՀՀ դեսպանատանը և պատասխան չեմ ստացել։ Ավելի ուշ դիմել եմ Բելգիայում գործող ժամանակակից ստրկատիրության  դեմ պայքարի հարցերով զբաղվող «ՊԱԳ ԱԶԱ» կազմակերպությանը։ Նրանք էլ ինձ տեղեկացրին, որ իմ դիմում-բողոքի հիման վրա ստեղծված դատական գործը փակվել է առանց պատճառաբանության։

-Ի՞նչ եք պատրաստվում անել հետագայում։ Պատրաստավո՞ւմ եք դիմել Եվրոպական դատարան, իրավապահ մարմիններին, այդ թվում՝ նաև Հայաստանի։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմելո՞ւ եք։

-Անպայման պիտի դիմեմ Եվրոպական դատարան, նույնիսկ եթե ոչինչ չշահեմ։ ՀՀ կառավարությանը, իմ կարծիքով , արդեն դիմել եմ՝ ի դեմս  Բրյուսելի ՀՀ դեսպանատան, և ի մեծ ցավս ու հիասթափությանս՝ լռության արժանացա։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կդիմեմ, եթե ՀՀ կառավարությունը  շարունակի չնկատել ինձ և իմ խնդիրը։

-Պատրաստվո՞ւմ եք վերադառնալ Հայաստան։ Ձեր ընտանիքի մյուս անդամները ՀՀ-ո՞ւմ են։

-Ընտանիքս բազմանդամ չէ. դուստրս, մայրս և եղբայրս  Հայաստանում են և չեն պատրաստվում որևէ տեղ մեկնել։ Շատ եմ ուզում հայրենիք վերադառնալ, բայց միայն արդարության վերականգնումից հետո։ Եվ քանի որ վստահ չեմ, որ դա տեղի կունենա, ապա դա վերածվում է երազանքի։

-Այժմ ի՞նչ միջոցներով եք ապրում դրսում։

-Կարծում եմ՝ հարկ չկա, որ ես դա նկարագրեմ. արդեն 16 ամիս է՝ դստերս չեմ տեսել։ Հոգեկան վիճակս արդեն պիտի պարզ լինի, դե իսկ սոցիալական վիճակս «Անթուղթ» է, այսինքն՝ ընդանուր առմամբ՝անիրավունք։

-Ի՞նչ հարց կցանկանայիք, որ «7օր»-ը հղեր Ռաուլ դը Լյուցենբերգերին։

-Պրն. Լյուցենբերգերին կխնդրեի պատասխանել, թե ի՞նչ որակում է տալիս Եվրախորհրդի դեսպանի ընտանիքի կողմից ի կատար ածված «գործարքին» և ինչպե՞ս է որակավորում տիկին Հրուշայի  վարվելակերպը՝ որպես տիկին դեսպան։ Ես կխնդրեի ավելի շուտ անդրադառնալ ինձ նման բազմաթիվ անձանց պրոբլեմներին, ովքեր ստիպված են դիմել, վստահել և գործարքի մեջ մտնել ՀՀ-ում գործող աշխատանքի տեղավորման բազմաթիվ գործակալությունների հետ։ Խնդրում եմ բոլորին զգուշանալ դրանցից, չվստահել և չվճարել իրենց ստրկության «վաճառողներին», որոնց միայն հետաքրքրում է ժամ առաջ գումար գռփել՝ աոանց իրենց կատարած գործարքի հետևանքների և ապահովության մասին հոգալու։ Եթե նման գործակալությունները մի քանի անգամ ենթարկվեն քրեական պատասխանատվության «սև ու արցունքոտ» գումար վաստակելու համար, ապա Հայաստանը և հայաստանցիներն ավելի բարեկեցիկ կյանքի հույս կունենան և հարգալից մոտեցում կպահանջեն օտարներից։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը