Հարցազրույց

04.11.2014 10:14


Արմեն Գրիգորյան. «Սահմանադրական փոփոխությունները մեկ նպատակ են հետապնդում՝ վերարտադրել Սարգսյանի իշխանությունը»

Արմեն Գրիգորյան. «Սահմանադրական փոփոխությունները մեկ նպատակ են հետապնդում՝ վերարտադրել Սարգսյանի իշխանությունը»

Հարցազրույց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ

–Մոտ մեկ ամիս առաջ ստեղծվեց «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը։ Այսօր արդեն որքա՞ն մարդ է անդամագրվել, և ի՞նչ գործունեություն է առաջիկայում ծավալելու նախաձեռնությունը։

Հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների խնդրի առանձնահատկությունը՝ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն աշխատում է այս փուլում ոչ թե մարդկանց անդամագրել շարժմանը, այլ հանրության լայն շերտերի հետ աշխատել՝ նրանց տեղեկացնելով սահմանադրական փոփոխությունների վտանգի մասին: Այս փուլում նախաձեռնության մասնակիցների թիվը բավականացնում է այդ աշխատանքը կատարելու համար: Առաջիկայում ևս փորձելու ենք աշխատել նույն ձևաչափով, քանի որ Սերժ Սարգսյանը հետաձգել է սահմանադրական փոփոխությունների մեկնարկը: Մենք այս ժամանակն օգտագործելու ենք հանրային լայն շերտերի հետ աշխատելու համար:

–Ինչպես հիշատակեցիք, Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը հետաձգեց մինչև փետրվարմարտ։ Ինչո՞վ եք դա պայմանավորում։

Հետաձգումը պայմանավորված է հանրային ու քաղաքական ճնշումներով: 40 հազարից ավելի մասնակիցներով 2 հանրահավաքները ստիպել են Սերժ Սարգսյանին այս պահին հրաժարվել սահմանադրական փոփոխության արկածախնդրությունից: «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը կարևոր է գնահատում այս հետաձգումը, սակայն համոզված ենք, որ պետք է շարունակել բոլոր մակարդակներում աշխատանքը, որպեսզի Սերժ Սարգսյանը վերջնական հրաժարվի փոփոխություններից: Այս փուլում դեռ վտանգ կա, որ Սարգսյանը կարող է ցանկացած պահի սահմանադրական փոփոխությունների մեկնարկը տալ, եթե տեսնի, որ թուլացել է ճնշումը:

–Այսինքն, ո՞ր դեպքում Սերժ Սարգսյանը վերջնականորեն կհրաժարվի իր այդ մտադրությունից։

Սահմանադրական փոփոխությունները մեկ նպատակ են հետապնդում՝ վերարտադրել Սարգսյանի իշխանությունը: Մեկ անեկդոտ կա, որը լավագույնս նկարագրում է սահմանադրական փոփոխությունների իրական նպատակը: Ասում են՝ Սերժ Սարգսյանը հավաքում է հանրապետականներին ու սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին և ասում. «Ուզում եմ Հայաստանում էլ լինի՝ ինչպես Ղազախստանում, ու ես Նազարբաևի նման ղեկավարեմ մինչև մահ»: Հաջորդ օրը հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը գալիս է Բաղրամյան 26՝ սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթով, որում նշված է լինում. «Սերժ Սարգսյանը կղեկավարի Հայաստանը մինչև Նազարբաևի մահը»: Իրականում հանձնաժողովի հրապարակած վերջին հայեցակարգը ևս ապացուցում է, որ սահմանադրական փոփոխությունների միակ նպատակը վերարտադրությունն է: Եվ քանի որ փոփոխությունների միակ նպատակը վերարտադրությունն է, ապա Սարգսյանը կհրաժարվի դրանից միայն այն ժամանակ, եթե տեսնի, որ այդ փոփոխությունների դեմ համախմբված ուժեր կան. միայն քաղաքական ճնշումների միջոցով է հնարավոր ստիպել նրան հրաժարվելու սահմանադրական փոփոխություններից:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը