Հարցազրույց

01.11.2014 14:15


Երվանդ Բոզոյան. «Շտաբները ստեղծվում են արտահերթ ընտրությունների անցկացման համար»

Երվանդ Բոզոյան. «Շտաբները ստեղծվում են արտահերթ ընտրությունների անցկացման համար»

Newsbook.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

- Պարոն Բոզոյան, Եռյակի հանրահավաքների միջև եղած դադարներն, ըստ Ձեզ, ինչքանո՞վ կազդի շարժման դինամիկայի վրա: Հանրության մոտ նույնպես առաջանում են բազմաթիվ հարցեր:

–Սկսենք սկզբից: Հիշում եքˋ Կառավարության հրաժարականից հետո, ըստ էության, կրքերը հանդարտվեցին, և մարդիկ ասացին, որ բոլորը գնացին արձակուրդ: Դա ինչ-որ իմաստով այդպես էլ կար: Սակայն այն ժամանակ Քառյակ էր, Կառավարությանը ներկայացրեց 12 կետանոց սոցիալական պահանջ, որոնք պետք է անհրաժեշտ լուծումներ գտնեին Կառավարության կողմից և դա որպես նախապայման էր հադիսանում, որպեսզի Քառյակի և իշխանության միջև որևէ հարաբերություն տեղի ունենար: Բայց իշխանությունը պաշտոնապես մերժեց այդ սոցիալական 12 կետանոց պահանջները, և Եռյակը պետք էր, որ որոշակի գործողություններ աներ: Բացի այդ, իշխանությունները 2 անգամ հետաձգել էին սահմանադրական փոփոխություններ անցկացնելու վերաբերյալ փաթեթը և նախատեսված էր, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին պետք է ստորագրեր դա: Ըստ էության, սեպտեմբերի 30-նն էլ այն վերջին ժակետն էր, որը տվել էր Եռյակը Կառավարությանը: Այսպիսով կարելի է ասել, Կառավարության մերժումից հետո, Եռյակըˋ այն ժամանակ Քառյակ, պետք է որոշեր իր անելիքները: Այդ անելիքները պետք է լինեին սեպտեմբերի 30-ից հետո, բայց մինչև հոկտեմբերի 15-ը: Եռյակը նպատակ ուներ ցույց տալու, որ իր հետևում կանգնած է ժողովուրդը և կարող է արդեն գործողությունների պլան մշակել: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը բազմամարդ էր և այդ նպատակին հասավ: Հանրությունը և ժողովուրդը տեսավ, որ եթե պետական լծակները գտնվում են այսօրվա գործող իշխանության ձեռքին, ապա Եռյակի մոտ կանգնած է ժողովուրդը: Դա ստիպեց, որ Սերժ Սարգսյանը չստորագրի սահմանադրական փոփոխությունների այդ փաթեթը: Հոկտեմբերի 24-ին արդեն հանրությունը սպասում էր, որ Եռյակը կոնկրետ գործողությունների ծրագիր պետք է ներկայացներ այս իրավիճակում: Եվ հոկտեմբերի 24-ին Եռյակն այդ ծրագիրը ներկայացրեց: Այն խոսակցությունները, թե, իբր, Եռյակը խոսում է միայն, այն որ Ծառուկյանն իրեն հեռու է պահում, այդ ամենը փարատվեց, երբ Ծառուկյանն իր ծրագրային ելույթում կարևորագույն մի կետ նշեցˋ Եռյակը պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Այսինքն` այսօրվանից Հանրապետության տարածքում ստեղծվում են համազգային շտաբեր և հասկանալի է, որ այդ շտաբերը ստեղծվում են արտահերթ ընտրությունների անցկացման համար: Ծառուկյանն իր խոսքում փաստացի նշեց, որ իշխանությունը մերժում է ժողովրդի պահանջները և Եռյակին այլ բան չի մնում, քան պարտադրել արտահերթ ընտրություններ և իշխանափոխություն:

- Բոլորը սպասում են, թե ե՞րբ է լինելու այդ օրը:

- Հայաստանի պատմության մեջ շատ գործիչներ կային, ովքեր օրն ու ժամը նշանավորում էին: Օրինակˋ ասում էին մարտի 21-ին հեղաշրջում ենք անում կամ հեղափոխություն և այլն: Բնականաբար, դրանք դառնում էին խեղկատակներ: Հանրությունը շատ լավ ճանաչում է այդպիսի գործիչներին: Այդ իմաստով, հաշվի առնելով 20 տարվա բողոքական շարժման փորձը, Եռյակն այլ ճանապարհով է գնում: Գնում է ավելի լուրջ ճանապարհով: Եթե անկեղծ լինենք, հանրության մեջ բողոքը շատ մեծ է, բայց այն դեռ չի արտահայտվում կոնկրետ գործողությունների ձևով: Այսինքն` մարդիկ իրենց տներում սուրճ և թեյ են խմում ու սկսում բամբասել, բայց վճռական պահին, այդ մարդկանց զգալի մասը փախչում են, վախենում են: Իշխանությունն այսօր կարող է ասելˋ մարդիկ դժգոհում են ձևականորեն: Մինչև այդ դժգոհությունը չկապիտալիզացվի առարկայական ձևով, մենք այդ խնդիրը չենք լուծի: Ի վերջո, այն որ մենք այսօր հավաքվել ենք Ազատության հրապարակում, դեռ այն հրապարակը չէ, որտեղ բոլորն ազատ գալիս են: Մարզերում մարդիկ դժգոհ են, բայց տներում նստած են, որովհետև կա վախի մթնոլորտ: Մինչև մենք այդ պատը չքանդենք, չենք կարողանա խնդիրները լուծել: Սա օբյեկտիվ իրականությունն է: Շարժումների հիմնական անհաջողությունը կայացել է նրանում, որ մարդկանց դժգոհությունը քաղաքական վերնախավը խաբկանքի մեջ են քցում և թվում էˋ կարելի է վճռական գործողությունների դիմել: Այսինքնˋ մենք պետք է օբյեկտիվ գնահատենք իրականությունը: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ իրենք են երկրի տերը:

- Իշխանությունները չե՞ն հասկանում այս ամենը: Ի՞նչ ծրագիր ունի իշխանությունը:

- Իշխանությունները շատ լավ հասկանում են այդ իրավիճակը: Իշխանությունն ուզում է ամեն ինչ անել, որ ընդդիմությունը ֆալստարտ տա, որովհետև իշխանությունը շատ ծանր իրավիճակի մեջ է հայտնվել: Իշխանությունն ունի «Ա» և «Բ» ծրագիրˋ մինիմում և մաքսիմում ծրագիր: Մինիմում ծրագիրˋ ինքը շատ ուժեղ վախեցած է և ուզում է ջլատել այս շարժումը, իսկ ջլատելու համար ի՞նչ է պետքˋ իշխանությունը փորձելու է տաք գլուխների միջոցով ֆալստարտի բռնել այս շարժմանն, ինչը նրան, այս պահի դրությամբ, չի հաջողվում: Ինչպես նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն ու ընկերները կտրուկ քայլեր արեցին, իշխանությունը ջարդեց և վերջացավ: Հիմա էլ իշխանությունը նման բան է ուզում: Քանի որ կոնկրետ Սերժ Սարգսյանը նպատակ ունի վերարտադրվել, օդի ու ջրի պես պետք է անցկացնել սահմանադրական փոփոխոթյունները: Բայց քանի որ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ պետք է կոնսենսուսով անցնի այն, այսինքնˋ ձայների մոտ 2/3 է պետք վստահության հանրաքվեի դնելու համար, ապա Սարգսյանը շատ լավ հասկանում է, եթե հիմա առանց կոնսենսուսի գնա սահմանադրական հանրաքվեի, ապա այդ համազգային շարժումը կօգտագործի վստահության հանրաքվեն և հանրաքվեի միջոցով կհեռացնի Սերժ Սարգսյանին: Այսինքնˋ հանրաքվեում կհաղթի ժողովուրդը: Մեծ հաշվով Սերժ Սարգսյանը դա շատ լավ հասկանում է, դրան համար ինքը չի գնա այդ հանրաքվեին: Հիմա այսօր ինքն, այսպես կոչված կեղծ ընդդիմադիրների կողմից, փորձում է բամբասանքներ տարածել ընդդիմության մասին: Այս կեղծ ընդդիմադիրների գլխավոր առաքելությունը դա է, որովհետև, եթե այսօր ընդդիմության մասին խոսի Շարմազանովը կամ Կարեն Ավագյանն, ապա Եռյակի ռեյտինգը 3 անգամ ավելի կմեծանա: Նրանք շատ լավ հասկանում են, որ օրինակˋ Կարեն Ավագյանի շուրթերով նման բան չի կարելի խոսել, այդ իսկ պատճառով դա անում են կեղծ ընդդիմադիրների շուրթերով: Բայց դա էլ իր նպատակին չի հասնում: Նրանք ստիպված օգտագործում են մյուս պլանըˋ «տաք գլուխների» օպերացիան: Փորձում են ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում, «Ժառանգություն»-ում «տաք գլուխներ» գտնել և քանդել այդ շարժումը: Դրան էլ, որ չհասնեն, արդեն ես համոզված եմˋ 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին Սերժ Սարգսյանը գնալու է իր ամենավերջին քայլին` ինքն է որոշում կայացնելուˋ անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ինքն է հրահրելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի այդտեղ կարողանա հաջողության հասնել:

- Ունի՞ իշխանությունը ռեսուրս` արտահերթ ընտրություններ անցկացնելու:

- Միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններով նա կկարողանա վերջում անցկացնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ վստահության հանրաքվեն: Եթե հիմա ինքը փորձի անցկացնել սահմանադրական հանրաքվեն, ապա խայտառակ ձախողում կլինի, որովհետև օլիգարխները փող չեն ծախսի, որ Սերժ Սարգսյանի համար հանրաքվե անցկացնեն: Իսկ եթե Սերժ Սարգսյանը փորձի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել և փորձի օլիգարխներին պարտադրել փող ծախսել, ապա դրանից հետո արդեն ինքը բարոյական իրավունք կունենա սահմանադրական հանրաքվեն անցկացնել և ոչ ոք իրեն չի հակաճառի: Սա այն պարզագույն, տարրական շախմատային պարտիան է, որը կարծում եմէ չհասկանալը քաղաքական տգիտություն կլինի ընդդիմության կողմից: Իսկ այս պահին համաժողովրդկան շարժումը պատրաստ չէ արտահերթ ընտրություններին, դրա համար էլ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մենք համազգային շտաբեր ենք ստեղծում Հանարպետության ամբողջ տարածքումˋ մոբիլիզացնելու ժողովրդին, որպեսզի պատրաստ լինի 2015 թվականի գարնանը և շարժումը կարողանա պարտադրել արտահերթ ընտրություններ, ոչ թե հակառակը տեղի ունենա: Եվ միայն այդ պարագայում շարժումը կհասնի հաջողության:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am։

Այս խորագրի վերջին նյութերը