Լրահոս

19.09.2009 15:24


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Հայ իրավական միտքը և 21-րդ դարի մարտահրավերները» համահայկական առաջին համաժողովին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող «Հայ իրավական միտքը և 21-րդ դարի մարտահրավերները» խորագիրը կրող իրավաբանների համահայկական առաջին համաժողովին, որի նպատակն է հայոց պետականության ամրապնդման հարցում հայ իրավաբանների ներուժի համախմբումը, գիտակրթական և մասնագիտական համահայկական իրավաբանական խնդիրների վերհանումը և քննարկումը, իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծումը։
Ողջունելով ներկաներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է իրավաբանների ներուժի համախմբման ու ժամանակակից աշխարհի մարտահրավերների մասին։

-Ժամանակակից աշխարհը միայն պետությունների մրցակցության աշխարհ չէ, այլ նաև քաղաքակրթություների մրցակցության աշխարհ և «Հայկական քաղաքակրթության» բացահայտման, նրա զարգացման միտումները պետք է դառնան ոչ միայն փիլիսոփաների, այլ նաև իրավաբանների քննարկման առարկան, ...։ Հանրապետության նախագահը հանդես է եկել համարձակ նախաձեռնություններով' լուծելու մեզ մտահոգող, մեր ազգի առջև ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը։ Այդ խնդիրը վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին։ Անհրաժեշտ է և՛ քաղաքական կամք, և՛ իմաստնություն, և՛ համախմբում։ Այս բնագավառում ևս կան լուրջ խնդիրներ, որոնք ծառացած են իրավագետների առջև։ Համոզված եմ, որ այս համաժողովի ընթացքում կկարողանանք հստակ ձևակերպել մեր անելիքները։ Արդիական են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրների իրավական ձեւակերպումները և մենք այստեղ պետք է ուժեղացնենք մեր կարողությունները,-ասել է նա։
Համաժողովին մասնակցել են նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 60 հայ իրավաբաններ։

 

Այս խորագրի վերջին նյութերը