Մեկնաբանություն

28.10.2014 14:20


Իշխանափոխության գործընթացի երևացող ու չերևացող կողմերը

Իշխանափոխության գործընթացի երևացող ու չերևացող կողմերը

Անիմաստ եմ համարում քննարկել իշխանափոխության անհրաժեշտության հարցը։ Անգամ Սերժ Սարգսյանն է ընդունում, որ իրենց վարած քաղաքականությունն անընդունելի է մեր հանրության ավելի քան 80 տոկոսի համար։

Ավելի օգտակար կլինի քննարկել իշխանափոխության հասնելու մարտավարական խնդիրները՝ նախապես ամրագրելով, որ այն պետք է լինի հնարավորինս արագ և առանց ցնցումների։

Իշխանափոխությունը լուրջ աշխատանք է, որը հսկայական չերևացող կողմ ունի։ Երբ տարբեր մայրաքաղաքներում մենք տեսնում ենք հավաքված բազմություն և «օն լայն» ռեժիմով տեղի ունեցող իշխանափոխություն, ապա դա սառցաբեկորի միայն երևացող մասն է, այսպես ասած՝ «կռիվ կինոյի» եզրափակիչ հատվածը, որը հետաքրքիր է դիտելու ժամանակ, սակայն անհետաքրքիր՝ դրա նախապատրաստման փուլում։

Քաղաքական գործընթացները մակերեսորեն ընկալող մարդկանց համար իշխանափոխությունը հնդկական կինոյի պես մի բան է, երբ գալիս ենք հրապարակ, նստացույց ենք անում, ստեղծում ենք լարվածության կենտրոն, և՝ «հոպլյա». իշխանափոխությունը եղավ։

Քաղաքականությունը, սակայն, հնդկական կինոյից տարբերվում է իր բովանդակությամբ։ Երբ դու գնում ես իշխանափոխության, ապա պետք է ունենաս իշխանություններին հակադրվող միասնական թիմ՝ կոնտրէլիտա, քաղաքական մենեջմենթով զբաղվող մարդկանց բանակ, իշխանական բուրգը կազմալուծող բրիգադներ և ամենակարևորը՝ փոփոխությունների ծրագիր ու հանրային աջակցություն։

«Եռյակի» հանրահավաքները ցույց տվեցին, որ հանրային աջակցության և ծրագրային առումով (թե ինչ պետք է արվի իշխանափոխությունից հետո, և ինչ պետք է չարվի, որ հիմա անում է իշխանությունը) խնդիրները, մեծ հաշվով, կարգավորված են. այս փուլում 40–հազարանոց հանրահավաքներ կազմակերպելը լուրջ բան է։ Իսկ ահա քաղաքական մենեջմենթը կաղում է. կան բազմաթիվ թերություններ։

Ոմանք պահանջում են վճռական գործողություններ՝ լավ չհասկանալով կամ լավ չպատկերացնելով, թե ինչ է նշանակում «վճռական գործողությունը»։

Մասնավորապես ինձ համար վճռական գործողությունն ամբողջ Հայաստանով մեկ համաժողովրդական շտաբների ձևավորումն է, որոնք մի կողմից մարդկային զանգվածների ներգրավման և ուղղորդման, մյուս կողմից՝ ընտրությունների ժամանակ ձայներ ապահովող կառույցների ֆունկցիա պետք է կատարեն։

«Եռյակը» քաղաքական ապրանք է առաջարկել իշխանափոխության տեսքով, սակայն, պատկերավոր ասած, չունի արդյունավետ գործող «վաճառակետեր», որպեսզի այդ «ապրանքը» հնարավորինս շատ մարդիկ գնեն, ու ներգրավվեն «ապրանքի» որակի բարելավման գործում։

Վճռական գործողությունը մեկ կամ մի քանի օրվա նստացույցը չէ։ «Վճռական» գործողության կոչ անողներն, ի դեպ, միշտ ծլկում են «դեպքի» վայրից, քանի որ «զանգի են սպասում»։

Պետք է հրապարակային գործընթացներին զուգահեռ՝ ամեն ինչ անել, որ պարալիզացվի իշխանական բուրգը, իսկ դա ոչ միայն լեփ–լեցուն Ազատության հրապարակի առկայությամբ է հնարավոր։ Դա կարող է տեղի ունենալ հրապարակի ու նաև չերևացող աշխատանքի համադրման, այն է՝ հանրության, այդ թվում՝ պետական բուրգի տարբեր հատվածների հետ հարաբերությունների ապահովման միջոցով։

Այնպես որ, շտաբների աշխատանքը ոչ թե «կրեատիվ» է, այլ կոնկրետ գործողություն, որը ոմանց դուր չի գալիս, քանզի հնդկական կինոն ավելի հեշտ է մարսելը։ Բայց դե, քաղաքականությունն իր կանոններն ունի։ Ովքեր չեն հասկանում այդ կանոնները՝ կարող են դիմել «վճռական» գործողությունների։

Մեզ պետք են ոչ թե «վճռական» գործողություններ, այլ հաղթանակ՝ իշխանափոխություն։ Չի՛ կարելի անընդհատ պարտվել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը