Մեկնաբանություն

27.10.2014 18:48


Իշխանափոխության իրական հիմքերը

Իշխանափոխության  իրական հիմքերը

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքը հստակեցրեց իշխանափոխության ճանապարհային քարտեզը: Վերջին երկու հանրահավաքները ցույց տվեցին, որ «եռյակը» հանրային լայն աջակցություն ունի, ինչի շնորհիվ էլ իշխանությունները ստիպված հետաձգեցին սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Բացի այդ՝ հիմքեր ստեղծվեցին իշխանափոխություն կազմակերպելու համար:

Այս պահին իշխանափոխության գործընթացը հեշտացնող մի քանի կարևոր գործոն կա:

Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Սերժ Սարգսյանը ձախողել է ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր նախաձեռնությունները: Չկա սոցիալ-տնտեսական մի ոլորտ, որտեղ նա հաջողություն գրանցած լինի: Նրա կառավարման շրջանում նույնիսկ չի ավելացել Հայաստանի ՀՆԱ-ն: Չկա սոցիալական որևէ շերտ, որ աջակցում է նրան, նա զրկված է նաև քաղաքական ազդեցիկ այլ ուժերի աջակցությունից:

Սրան գումարած՝ Սարգսյանի թույլ կողմը նրա կառավարման երկրորդ փուլն է: Իսկ այդ փաստը պետական համակարգի վարքագծի վրա մեծ ազդեցություն ունի: Կառավարման երկրորդ փուլը գլխացավանք է նույնիսկ Բարաք Օբամայի համար, ում վերջերս քննադատեց հենց իր օրոք նշանակված պաշտպանության նախկին նախարար Լեոն Պանետտան: Քանի որ Օբաման «գնացող» նախագահ է՝ ոչ ոք չի ցանկանում նրա հետ կապել իր քաղաքական ապագան:

Սարգսյանն այս առումով է՛լ ավելի անօգնական վիճակում է. նա ձախողված քաղաքական գործիչ է, անվստահելի գործընկեր գրեթե բոլորի համար։ Նա երբևէ չի կարողացել պահել և ոչ մի քաղաքական պայմանավորվածություն: Իսկ սահմանադրական փոփոխությունների մեկնարկի ձախողումն ավելի բարդացրեց նրա գործը: Սարգսյանը ակամա հստակ մեսիջ ուղարկեց պետական ապարատին այն մասին, որ վերարտադրվելու հնարավորություն այս պահին չկա և ինքը սպասողական վիճակում է:

Անհրաժեշտ է, հետևաբար, բացահայտել պետական ապարատի այն մարդկանց, ովքեր իրենց ապագան չեն կապում Սարգսյանի հետ և լայնածավալ աշխատանք տանել պետական կառավարման համակարգի բոլոր հատվածների հետ: Դրա արդյունքում նրանք ևս կմիանան «եռյակի» նախաձեռնած շարժմանը:

Այս պահին եռյակը բավարար հանրային աջակցություն ունի, բայց լիակատար հաջողության համար անհրաժեշտ է, որ իշխանական համակարգի ներսում Սարգսյանը կորցնի ամբողջական վերահսկողությունը: Այդ դեպքում հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել բավականին փափուկ տարբերակով:

Այսօր Սերժ Սարգսյանի՝ իրավիճակը վերահսկելու կարողությունները թուլացել են: Օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների արդյունքում նա հայտնվել է ցայտնոտային իրավիճակում՝ ժամանակի պրեսսինգի տակ:

Իշխանափոխության գործընթացի հաջողությունը բացառապես կախված է համաժողովրդական շարժման թափից ու կազմակերպվածությունից: Ճիշտ հաշվարկած քայլերի դեպքում կարճ ժամանակում հնարավոր կլինի մեծ հաջողությունների հասնել:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը