Հարցազրույց

18.09.2009 18:07


Գալուստ Սահակյան.

Գալուստ Սահակյան.

Հարցազրույց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

-Ինչպե՞ս եք վերաբերում այն իրողությանը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ձեր երեք գործընկերներին՝ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին և Մյասնիկ Մալխասյանին զրկեց պատգամավորական մանդատներից։

-Դա սահմանադրության և օրենքի պահանջն է։ Դա դատական վճիռների հետևանք է։

- Ո՞րն էր նախագահի և կուսակցապետերի հետ հանդիպման  արդյունավետությունը։

-Քննարկումներն ավելի մասսայական դարձան, և նախագահը մեկ անգամ ևս ավետեց, որ անհրաժեշտ է խորը քննարկումների փուլ անցկացնել։

-Ձեր կուսակից Ռաֆիկ Պետրոսյանն ասում էր, թե «Հանրապետական կուսակցությունն այդ դիվանագիտական հարաբերությունների հետ կապված արձանագրությունների վավերացման բոլոր հարցերը կարող է ԱԺ-ում լուծել՝ առանց որևէ այլ կուսակցության վրա հենվելու, առանց նրա օգնության»։

-Դա խնդիր է, որ մենք մեր տեսակետը կարող ենք պահպանել, բայց մինչև խորհրդարան մտնելը բավականին լայն քննարկումներ կիրականացվեն։ Ըստ այդմ էլ, եթե այդ խնդիրը լինի, իհա՛րկե, կարող ենք հաղթահարել, բայց այդ ճանապարհով չենք գնա։ Անելու ենք այն, ինչը ժողովրդի պահանջն է։

-Ներքաղաքական կյանքում արտահերթ իրադարձություններ հնարավոր համարո՞ւմ եք՝ պայմանավորված և՛ «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող իրադարձություններով, և՛ հանրապետության հրապարակում հայտարարված նստացույցով և հացադուլով։

-Քաղաքական ակտիվության շրջան է, և ես դրա արդյունքները դրական եմ տեսնում, որովհետև վերլուծական մի մեծ փուլ ենք անցնում։ Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության» պառակտմանը, իհա՛րկե, մեզ համար միշտ էլ ցավ են եղել որևէ կուսակցության լուծարումները կամ նման գործընթացները։ Համենայնդեպս, ես նորից մնում եմ նույն մտքին. ամիսներ առաջ ասել եմ, որ «Ժառանգությունը» դեռևս քաղաքական դաշտ չի մտել. լուսանցքում է գտնվում։

-Մասնակցելո՞ւ եք նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներին։

-Բնականաբար։ Ես հավանություն եմ տվել դրան։ Եթե հավանություն չտայի, այդ լսումները տեղի չէին ունենա։ Մենք գտնում ենք, որ ավելի լավ է՝ բաց ամբիոններում բանավիճենք, վերլուծենք, քան պատերի տակ խոսակցություններ անենք։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը