Մեկնաբանություն

23.10.2014 10:03


Իշխանական գործիչներն է՞լ են իշխանափոխություն ուզում

Իշխանական գործիչներն է՞լ են իշխանափոխություն ուզում

Ընդդիմադիր «եռյակի» հանրահավաքային պայքարի մեկնարկից հետո արդեն երկու շաբաթ իշխանական ճամբարից նույն բանն ենք լսում:

Գնահատելով իշխանափոխության հասնելու համար «եռյակի» սկսած քաղաքական գործընթացը՝ իշխանավորները միեւնույն մտահոգությունն են հայտնում:

Զարմանալի, եթե չասենք՝ զավեշտական հայտարարություններ են անում:

Խոսքները մեկ արած՝ հայտարարում են, թե՝ ախր, ժողովուրդը կարող է հիասթափվել, ախր մեր մտավախությունն այն է, որ ժողովուրդը կարող է հիասթափվել:

Այսպես, համարյա ամեն օր տխուր մտորումների մեջ են եւ հրապարակավ արտահայտում են իրենց այդ մտավախությունը՝ հանկարծ չլինի՞ այնպես, որ ժողովուրդը հիասթափվի ու հուսալքվի:

Իրոք, զավեշտական է:

Երբ «թարգմանում» ես իշխանավորների այդ մտավախությունը, ստացվում է, որ առաջինն իրենք են շահագրգռված իշխանափոխության հասնելու հարցում, քանզի շա՜տ են ուզում, որ ժողովուրդը չհիասթափվի «եռյակից», ու վերջինս կարողանա ավելի արագ իրականացնել իշխանափոխությունը:

Իսկապես, նման մտավախություն ունեցող իշխանավորների հայտարարություններն այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել:

Եվ այնքան սրտացավորեն են խոսում, այնքան մտահոգ են այդ հարցում, որ քիչ է մնում՝ կոչով դիմեն ժողովրդին՝ վերջինիս հորդորելով ոչ մի դեպքում չհիասթափվել, հակառակը՝ հավատալ ու աջակցել «եռյակին», քանի որ եթե հիասթափվեն, ապա «եռյակը» խոստացած իշխանափոխությունը չի անի:

Լսելով իշխանության ներկայացուցիչների խոսքը ժողովրդի հնարավոր հիասթափության մասին՝ դրա իմաստն այլ կերպ հնարավոր չէ հասկանալ:

«Եռյակի» պայքարից ժողովրդի հիասթափության հեռանկարն ահավոր մտատանջության մեջ է գցել իշխանավորներին:

Պատկերացնո՞ւմ եք՝ այդ հարցը ոչ թե «եռյակին», այլ իշխանական գործիչներին է անհանգստացնում:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է նրանց այդքան մտահոգում ժողովրդի հնարավոր հիասթափության խնդիրը:

Թվում է՝ այդ հարցն ընդհանրապես չպետք է նրանց հետաքրքրեր. ավելին՝ պետք է ուրախ լինեին հիասթափության հեռանկարով: Բայց, ոչ: Այդ մասին խոսում են չափազանց մտահոգ դեմքով ու տագնապալի հնչերանքով, ինչից կարելի է ենթադրել, որ իրենք էլ են հոգնել այս վիճակից, ու բոլորից շատ իրենք են ուզում, որ անհապաղ տեղի ունենա իշխանափոխությունը, ինչին հասնելու համար պետք է բացառել ժողովրդի հիասթափությունը, եւ «եռյակը» հաջողության կհասնի:

Իսկ այդ հաջողությունը նաեւ իրե՛նց հաջողությունն է լինելու:

Երեւի հենց ա՛յդ պատճառով էլ ամեն օր իշխանական գործիչներն Աստված են կանչում, որ ժողովուրդը չհիասթափվի:

Ուրիշ բացատրություն չկա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը