Լրահոս

26.01.2011 17:41


Քննարկվել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման խնդիրները

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարարը, նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, Հանրային խորհրդի անդամներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Մինչ քննարկումն սկսելը վարչապետն ընդգծել է, որ խորհրդակցությունը նվիրված է 2011թ. գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես գարնանացանի կազմակերպման խնդիրներին:
Օրակարգային մի շարք հարցերի առնչությամբ զեկուցումներով են հանդես եկել գյուղատնտեսության նախարարի տեղակալները:
Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը զեկուցել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքի մասին: Խոսելով ցանքատարածություններում առկա վիճակի ու վարելահողերի կրճատման պատճառների մասին' նա անդրադարձել է աշնանացանի պակասը մեղմելու նպատակով գարնանացանի ծավալի ավելացման հնարավորություններին և առաջարկվող մեխանիզմներին: Ներկայացվել են կրծողների դեմ պայքարի և խորհրդատվական ծառայությունների ակտիվացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:
Գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկավորման արդյունքների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը: Հարցի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է տեղեկատվություն ներկայացնել ոլորտում արձանագրված զարգացումների մասին։
Մեկ այլ հարցով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է մթերող կազմակերպությունների կողմից մթերված հումքի դիմաց վճարումների ընթացքի մասին ևս:
Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի նախագիծը' իր զեկույցում անդրադառնալով խոշորացման հիմնական ուղղություններին: Նշվել է, որ հայեցակարգի նախագիծն ուղարկվել է բոլոր մարզպետներին: Հանձնարարվել է հայեցակարգի վերաբերյալ բոլոր առաջարկությունները ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:
Օրակարգային հարցերի թվում դրամաշնորհային տեխնիկայի բաշխման ընթացքի առնչությամբ զեկուցումով հանդես է եկել գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վարդան Կարապետյանը: 2011թ. ոռոգման սեզոնի կազմակերպման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Այս խորագրի վերջին նյութերը