Լրահոս

18.09.2009 14:11


ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը Խաղաղության միջազգային օրվա առթիվ

Խաղաղության միջազգային օրը հրադադարի և բռնությունից զերծ լինելու համընդհանուր կոչ է:

Ժամանակն է անդրադառնալ պատերազմի սարսափներին ու ծախսերին և հակամարտությունները խաղաղ կերպով լուծելու մեր պարտականությանը: Հակամարտության զոհերի մեծ մասը անզորներ են' անմեղ քաղաքացիներ, հայրեր, մայրեր, երեխաներ: Առանց խաղաղության նրանք իրենց կյանքը բարելավելու փոքր հույս ունեն, աղքատությունից խուսափելու չնչին հույս: Հաճախ նրանք, ովքեր աշխատում են հանուն թույլերի, նույնպես թիրախ են դառնում: Լրագրողները, բժիշկները, մարդասիրական ոլորտի աշխատակիցները, Միավորված ազգերի կազմակերպության անձնակազմը և խաղաղապահները' բոլորն էլ հայտնվում են հարվածի տակ: Պատերազմող կողմերը, զորահրամանատարները, զենք մատակարարողներն ու նրանց հովանավորները շարունակում են կյանքի հանդեպ խիստ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել:  

Խաղաղության այս միջազգային օրը ես նրանց' բոլորին, հիշեցնում եմ, որ այլ' ավելի լավ ճանապարհ կա: Դա խաղաղության ուղին է: Մեզ պետք է ոգևորի այն, որ պատերազմներ ազգերի միջև ավելի սակավ են լինում: Դիվանագիտությունն ու բանակցությունները դառնում են ավելի նախընտրելի: Պատմությունն ապացուցում է. եթե կա բավարար ցանկություն, խաղաղությունը կարող է գերակայել, անգամ եթե պետությունները պառակտված են ներքին տարաձայնություններից: Կան բազում օրինակներ, երբ խաղաղության ջատագովները հաջողությամբ լռեցրել են ատելության ձայները: Ես նաև հույս եմ փայփայում միջազգային համայնքի ատոմային զինաթափման թարմացված պարտավորության հետ: Ահա, թե ինչու ես սկսեցի ՄՊԶ' «Մենք պետք է զինաթափենք» քարոզարշավը: Քանի դեռ գոյություն ունեն նմանատիպ զենքեր, ոչ ոք ապահով չէ: Խաղաղության այս միջազգային օրը ես բոլորին ուղղված մի հասարակ ուղերձ ունեմ. մենք պետք է զինաթափվենք: Մեզ պետք է խաղաղություն: Ես ամբողջ աշխարհի մարդկանց կոչ եմ անում միանալ այս ուղղությամբ տարվող ջանքերին: Աջակցեք Միավորված ազգերի կազմակերպությանը և ձեր լուման ներդրեք հանուն խաղաղության:

Այս խորագրի վերջին նյութերը