Մեկնաբանություն

22.10.2014 01:01


«Կանգնած մեռնող» իշխանությունը

«Կանգնած մեռնող» իշխանությունը

Իշխանությունը փորձում է թաքցնել ներքին լարվածությունը, ինչը, սակայն նրան այնքան էլ չի հաջողվում: Հեշտ բան չէ գործ ունենալ բազմահազարանոց հանրահավաքների հետ, որոնք կազմակերպում է ոչիշխանական ուժերի «եռյակը»:

«Եռյակի»՝ իշխանափոխությանը հասնելու նպատակով սկսած համաժողովրդական շարժումն իսկապես լուրջ գլխացավանք է գործող իշխանության համար։ Վերջինս անցած տարիների իր գործունեությամբ այնպիսի «արդյունքներ» է գրանցել, որ այսօր ոչնչով չի կարող մարդկանց համոզել, որ փողոց դուրս չգան: Կարճ ասած՝ նրա անփառունակ կառավարումը պռնկեպռունկ լցրել է ժողովրդի համբերության բաժակը: Եվ իշխանությունն այլեւս որեւէ բանով ժողովրդին գայթակղելու ու նրան պայքարից հետ պահելու հնարավորություն չունի:

Դա է պատճառը, որ դարձել է ագրեսիվ, ու խորհրդարանի ամբիոնից հեգնախառն ու կոշտ հայտարարություններ է անում «եռյակի» հասցեին:

Հարց է առաջանում՝ եթե հոկտեմբերի 10-ի հանրահավաքն «էն չէր», կամ եթե առաջիկայում նախատեսված «եռյակի» հերթական հանրահավաքից էլ վախենալու բան չունեն, ապա ինչո՞ւ է իշխանությունն անցել հակահարձակման եւ այն էլ՝ խիստ նյարդայնացած տոնով: Իշխանության կողմից «եռյակի» դեմ բացահայտ հակագրոհը մատնում է, որ իշխանական ճամբարում ցայտնոտային իրավիճակ է:

Եթե նման իրավիճակ չլիներ, ապա այդպես ջղագրգիռ ու կատաղի չէին արձագանքի «եռյակի» գործողություններին:

Վեց տարի գործող իշխանությունն անհաշիվ խոստումներ է տվել ու ոչ մի խոստում չի կատարել: Ուրեմն ինչո՞ւ պետք է ժողովուդը հավատա այդ իշխանությանը, որը երկրում ոչ մի դրական փոփոխություն չի արել. հակառակը՝ ինչի ձեռք է տվել՝ փլվել ու փլուզվել է:

Ինքը՝ իշխանությունն էլ դա շատ լավ գիտի, եւ ավելի քան լավ գիտի, որ ժողովրդի մեծամասնությունն ուղղակի ատում է իրեն:

Ավելին, եթե իշխանությունը փորձի լրջորեն հասկանալ, թե ինչ տրամադրություններ կան այսօր քաղաքացիների շրջանում, կամ թե ինչով է համակված հանրային միտքը, գուցե հրաժարվի ինքնավստահ կեցվածքից:

Թեպետ, նրա այդ կեցվածքն էլ ցուցադրական է: Ո՞վ գիտե. երեւի ուզում է «կանգնած մեռնել»: Հերոսաբար: Դե, որպես իսկական բոլշեւիկ, որը պարզապես անմտորեն համառում է՝ այդ կերպ ավելի ուժգնացնելով ժողովրդի ցասումն ու ատելությունն իր նկատմամբ: Իսկ զայրացած ժողովուրդը կարող է նույնիսկ նրան թույլ չտալ «կանգնած մեռնել»:

Մի խոսքով, կրակի հետ է խաղում իշխանությունը՝ դեռեւս չգիտակցելով կամ չցանկանալով ընկալել ու ընդունել հնարավոր պայթյունի վտանգը:

Իսկ անարդարությունից վրդովված ժողովրդի շրջանում տրամադրությունները չափազանց վտանգավոր են: Այս ու այն կողմից զայրութի ու բողոքի այնպիսի արձագանքներ են լսվում, որ շատերի հոգեվիճակը հիշեցնում է հայտնի ստեղծագործության հերոսի՝ ծայրահեղական քայլերի դիմելու մասին մտորումները.

«Ես զգում էի, որ ուռչում եմ՝ թարախի պալար, դառնում եմ ազգիս թշնամի, երկրիս համար վտանգավոր, վերածվում եմ ծայրահեղական սինլքորի, ինձ չէր կարելի փողոցում քայլել, չէր կարելի մարդկանց մեջ լինել, որովհետև այդ վիճակում զինվորագրվում են ջարդարարական հարյուրյակներին, լավագույն դեպքում ձայն են տալիս հանուն որևէ գույնի տեռորի»:

Ինչ խոսք, «եռյակը» ցանկանում է անցնցում ու անարյուն իշխանափոխություն:

Եվ, իհարկե, նրա այդ մոտեցումը կամ ծրագիրը ողջամիտ է, եւ պետք է ձգտել իշխանափոխությանը հասնել խաղաղ ճանապարհով:

Բայց, այնուամենայնիվ, որոշողը հրապարակն է:

Պարզ է, որ իշխանությունը չի կարող դա չհասկանալ:

Թեպետ, տարիներով իրականության զգացողությունը կորցրած իշխանությունից հասկացողություն ակնկալել պետք չէ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը