Հարցազրույց

20.10.2014 13:43


Արմեն Ռուստամյանը չի ուզում Սերժ Սարգսյանին դատի, որ չդատվի

Արմեն Ռուստամյանը չի ուզում Սերժ Սարգսյանին դատի, որ չդատվի

ՀՀ ԱԺ–ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ իշխանության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ դրանում կառավարման ամբողջական խորհրդարանական համակարգին անցնելու իրենց որդեգրած ուղղությունն առկա է, ինչը ՀՅԴ–ին հույս է տալիս, որ կարելի է աշխատել այդ հայեցակարգի վրա։

–Բայց, բնականաբար, մենք ունենք մեր մոտեցումները, որոնք լիարժեքորեն արտացոլված չեն այն իմաստով, որ խորհրդարանական համակարգերն էլ են տարբեր լինում։ Այն խնդիրները, որոնք նշված են հայեցակարգի մեջ, մեզ համար ընդունելի են. ախտաճանաչումը, ըստ էության, ճիշտ է կատարված, բայց լուծումների արդյունավետության հետ կապված հարցեր ունենք։ Բայց այս հայեցակարգը կարելի է հիմք ընդունել և առավել արդյունավետ լուծումներ առաջարկել այն բարձրացված հարցերի համար, որոնք դրանում կան։

–Իսկ եթե մնա այն տեսքով, ինչպիսին հիմա է, ՀՅԴ–ն կշարունակի՞ կողմ արտահայտվել դրան։

Այս հարեցակարգը տալիս է լուծումների իմաստով բավականին լուրջ անորոշ դաշտ։ Այստեղ հստակ չի ասվում, որ, օրինակ, Սահմանադրությունն ամբողջապես ինչպես պետք է փոխվի։ Դա կերևա, երբ նախագիծը ներկայացվի, իսկ հայեցակարգն ընդհանուր ուղղությունն է։ Մենք աշխատելու ենք, որ ուղղությունների մասով հասնենք համաձայնության։ Մենք ունեցել ենք երկու հանդիպում մասնագիտական հանձնաժողովի հետ, որոնցից մեկն՝ իրենց նիստին, մյուսը մենք ենք հրավիրել՝ լայն, հասարակական քննարկում։ Մեր մոտեցումները բոլոր մասնագետներին քաջ հայտնի են։ Իրենք գիտեն, թե Դաշնակցության համար մոտավորապես ընդունելի տարբերակները որոնք կարող են լինեն։ Սա եղել է երկարատև բանակցությունների արդյունք, մինչ այդ՝ մասնագիտական հանձնաժողովի, հիմա, ավելի քաղաքական մասով, տեղի կունենա նախագահի կամ իր թիմի հետ, որին մենք նորից պատրաստ ենք։

–Նույնիսկ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ՀՅԴ–ի համար ապացույց չէ՞, որ սահմանադրական փոփոխությունների գնալու Սերժ Սարգսյանի նպատակն ամենևին էլ բարի չէ, և նա ամենևին էլ բարեփոխիչ չէ։

–Ես ոչ մեկին էլ ո՛չ բարու, ո՛չ չարի մեջ եմ ուզում դիտել, ոչ էլ ուզում եմ դատեմ, որ չդատվեմ։ Մենք հավատում ենք մեր առաջարկներին, մեր մոտեցումներին, և որևէ մեկի բարության վրա մեր հույսը դրած չի։ Մենք կառաջարկենք. այդ առաջարկները կընդունվե՞ն, ուրեմն՝ լավ, չե՞ն ընդունվի, ուրեմն՝ վատ։

–Մտավախություն չունե՞ք, որ ձեզ կօգտագործեն պարզապես։

–Օգտագործվողից է կախված։ Եթե մարդը չգիտի՝ ինչ է անում, իհա՛րկե կօգտագործեն։ Իսկ եթե մենք գիտենք՝ ինչ ենք անում, և 20-25 տարի նույն բանն ենք փորձում կատարել, և եթե մի օր դա իրականացվի, դուրս է գալիս, որ մեզ օգտագործեցի՞ն։

–Սահմանադրական փոփոխություններից հետո եթե Սերժ Սարգսյանը վերարտադրվի, դուք որքանո՞վ ձեզ լավ կզգաք։

–Չի՛ կարող. ամբողջ խնդիրը հենց դա է։ Առանց սահմանադրական փոփոխությունների՝ ավելի հեշտ կվերարտադրվի, սա՛ է հարցը։

–Բայց գործող Սահմանադրությամբ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը վերանում է, ինչպե՞ս պետք է վերարտադրվի։

–Սերժ Սարգսյանի ժամկետը եթե մտածում եք՝ վերջանում է, ես էլ ձեզ հարց եմ տալիս՝ այդ հարցն ուղղե՛ք այն քաղաքական ուժերին, որ երկու տարի առաջ համաձայն էին խորհրդարանական համակարգին անցնելուն...էդ ժամանակ Սերժ Սարգսյանը չէր վերարտադրվո՞ւմ։

–Ձե՛զ եմ հարցնում. թե ուրիշներն ինչ են անում, տվյալ դեպքում կարևոր չէ։

–Ո՛չ, շատ կարևոր է, որովհետև դուք համեմատության մեջ եք դնում մեր դիրքորոշումներն ուրիշների հետ։ Ես Սահմանադրության դերի և նշանակության մասին որպես բացարձակ արժեք եմ խոսում, այդ թվում նաև՝ վերարտադրության իմաստով։

–Գործող Սահմանադրությամբ՝ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս պետք է վերարտադրվի։

–Այս Սահմանադրությունը եթե փոխվեց կառավարման խորհրդարանական համակարգի, մենք կփոխենք այն վիճակը, որն այսօր գոյություն ունի, և որից է բխում ամեն ինչ։ Այսինքն, հաղթողը ստանում է ամե՛ն ինչ, պարտվողը՝ ոչի՛նչ, և դա պայմանավորված է նախագահի ընտրությամբ, որովհետև մի նախագահ պիտի ընտրվի, և այդ նախագահը եթե այս համակարգով է ընտրվում, ամբողջությամբ իրենն է։ Խորհրդարանականի ժամանակ այդ բանը տեղի չի ունենա։

–Բայց դուք իմ հարցին չեք պատասխանում։ Կրկնում եմ՝ գործող Սահմանադրությամբ՝ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս պետք է վերարտադրվի։

–Ինչպես մինչև հիմա բոլորը վերարտադրվել են։ Սերժ Սարգսյանը, ձեզ թվում է, անձամբ ինքը պետք է վերարտադրվի՞։ Դուք ինձ ասեք՝ մինչև հիմա չի վերարտադրվե՞լ իշխանությունը։

–Սերժ Սարգսյանն իրավահաջորդ չունի՛։

–Երեք նախագահ ենք փոխել, իշխանությունը միշտ վերարտադրվել է, մենք չունենք մի ընտրություն, որի ժամանակ իշխանությունը փոխվել է։ Դուք «վերարտադրություն» բառն էլ եք արդեն դարձրել իմաստազուրկ կամ եթերային։ Վերարտադրում է տեղի ունենում այն պարզ պատճառով, որ ընտրության միջոցով իշխանությունը չի փոխվում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը