Մեկնաբանություն

16.10.2014 14:45


Որ ճանապարհով կգնա Սերժ Սարգսյանը

Որ ճանապարհով կգնա Սերժ Սարգսյանը

Եվ այսպես, Գագիկ Հարությունյանի գլխավորած խումբը Սերժ Սարգսյանին ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը։ Ու պարզվեց, որ շա՜տ դեմոկրատ, հանդուրժող և ազատական մարդ է «Վերջի բոլշևիկը»։

Բանն այն է, որ ՍԴ նախագահ աշխատող Հարությունյանն այդ փաստաթղթի միջոցով հերիք չէ՝ լուտանքներ էր թափել Սարգսյանի գլխին, դեռ մի բան էլ նրա սրտի ուզածը չէր բավարարել՝ ներկայացնելով խորհրդարանական կառավարման մոդել, մինչդեռ Սերժը կողմ էր, որպեսզի կիսանախագահականը պահպանվի։

Ինչ վերաբերում է ներկա վիճակին, ապա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը լրջագույն մեղադրանքներ է ներկայացրել Սարգսյանին՝ նրա գլխավորած համակարգը բնութագրելով որպես մարդու իրավունքները չպաշտպանող, մենիշխանական և ավտորիտար։ Սարգսյանն էլ գլուխը կախ լսել է մեղադրանքները և ընդունել հայեցակարգը։

Ախր, շա՜տ դեմոկրատն է, է՜, շա՜տ դեմոկրատը։ Ենթականերին լսող, ընդդիմախոսների ասածն ընդունող ...

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Գագիկ Հարությունյանը կատարել է այն առաջադրանքը, որը ստացել էր Սերժից, այն է՝ ներկայացնել նեոբոլշևիկյան մոդելի սահմանադրություն։ Անունը դնել խորհրդարանական, բայց իրականում՝ խորհրդային–գենսեկական։

Գագիկի այդ պահվածքն ու իրեն հայտնի կենդանու տեղ դնելը ցույց է տալիս, որ նույնիսկ պետական կառավարման համակարգի ներսում է խաղի կանոն դարձել գեղամյանավարի Սերժին քննադատելը, ասելը, որ նա այսօր վատ է կառավարում, և մենիշխանություն է հաստատում, բայց միաժամանակ հլու–հնազանդ շան պես պատվիրատուին ծառայելը։ Հարությունյան Գագոն, փաստորեն, չի ամաչել իր ճերմակ մազերից և օր ծերության Հայաստանի ոչնչացմանը նպաստող փաստաթուղթ է երկնել իր տխրահռչակ գործընկերների հետ միասին։ Ինչևէ։

Մոտ հիսունէջանոց փաստաթղթում կան բազմաթիվ «լոլոներ» մարդու իրավունքների պաշտպանության, իշխանության ճյուղերի միջև զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ստեղծման, արդար դատական համակարգի, ժողովրդավարության հաստատման ու նմանատիպ այլ բաների մասին, բայց դա դեմագոգիայի կույտ է։ Այդ հայեցակարգը պետք է կազմված լիներ մեկ էջից, որի վրա պետք է գրված լիներ մեկ նախադասություն՝ «Սերժ Սարգսյանի վերարտադրման և ցմահ իշխելու, ինչպես նաև Հայաստանում նեոբոլշևիկյան մոդելի սուլթանատ հաստատելու ծրագիր»։

Սերժ Սարգսյանի պատկերացրած պետական կառավարման մոդելն, ըստ այդ հայեցակարգի, հետևյալն է՝ ՀՀ նախագահին նշանակում է լիսկաներով ձևավորված խորհրդարանը։ Նախագահը լինելու է մեխի գլուխի ֆունկցիայով ձրիակեր պաշտոնյա (հավանաբար, դա խոստացվել է Գագիկ Հարությունյանին. նա միշտ էլ ձրիակեր պաշտոնյայի դեր է ունեցել)։

Վարչապետին վերապահված է հատակի փալասի դերը, որին անընդհատ փոխելու են այն պահին, երբ հանրությունը սկսի դժգոհել իր կյանքի որակի շարունակական վատացումից (իսկ որ այդպես կլինի՝ կասկածից վեր է)։

Սերժն ուզում է դառնալ ԱԺ նախագահ՝ սովետական «գենսեկի» լիազորություններով ու սովետական «գենսեկի» անպատասխանատու կարգավիճակով։

Ինչ մնում է խորհրդարանին, ապա այն պետք է լինի քաղաքական առևտրի կենտրոն, կամ, ավելի ճիշտ, հասարակաց տուն, որտեղ բոլոր տիպի քաղաքական պոռնիկները կարող են գնվել ու վաճառվել օրվա կուրսով։ Դա է պատճառը, որ մեր քաղաքական դաշտի մանր ժուլիկները կողմ են Սերժի առաջարկած սահմանադրական փոփոխություններին, քանզի քաղաքական առևտրականի իրենց տեսակի համար ստեղծվում է հարմարավետ միջավայր։

Դե, իսկ Սերժ Սարգսյանը ցմահ կիշխի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական զորքերը չեն ոչնչացրել մարդաթափ եղած մեր երկիրը։

Սա Սերժի պլանն է։

Ընդդիմության ծրագրիրն էլ դա թույլ չտալն ու իշխանափոխության հասնելն է։ Այնպես որ, դատարկ են այն խոսակցությունները, թե «եռյակը» միասնական մոտեցում չունի։ Բոլորի նպատակն էլ նույնն է։ Խնդիրը մարտավարական ընտրությունն է, որն, այո, դեռ խմորման փուլում է, բայց դա նորմալ է, քանզի տեսակով լրիվ տարբեր ուժեր են միավորվել, ինչն էլ հենց համաժողովրդական է դարձնում շարժումը։

Սերժն այժմ գնում է ավտորիտար ղեկավարներին ներհատուկ տարբերակով, այն է՝ անընդհատ մերժում է ընդդիմության ողջամիտ առաջարկներն ու ավելի խորացնում ճգնաժամը։

Սկզբում նա չկատարեց 12–կետանոց պահանջները, հիմա էլ չի կանգնեցնում սահմանադրական փոփոխությունների միջոցով իր վերարտադրվելու ծրագիրը և թողնում է միայն կոշտ առճակատման ճանապարհը։

Մեզ մնում է միայն Սերժին զգուշացնել, որ եթե վաղն ինքը, արդեն հասկանալով, որ բանը բանից անցել է, փորձի փոխզիջումային տարբերակ գտնել ընդդիմության հետ, ուշ կլինի։

Մենք չենք ուզում, որ նա Յանուկովիչի պես փախնի, որովհետև նախ փախնելու տեղ չունի (ռուսները հիմար չեն, որ նրան ընդունեն, ու փչացնեն ՀՀ նոր իշխանությունների հետ հարաբերությունները, Արևմուտքն՝ ատամները սրած, սպասում է, թե երբ է պատժելու նույն Սերժին, իսկ Վատիկանում էլ հազիվ թե ռիսկ անեն ընդունել սեփական երկրից փախած մեկին՝ անկախ այն հանգամանքից, որ նա ահագին փող է բերում իր հետ), և բացի այդ՝ մեր պետությանը նման բանը պատիվ չի բերի։

Մենք չենք ուզում նաև, որ «Վերջի բոլշևիկը» Քադդաֆիի կամ Չաուշեսկուի օրն ընկնի՝ փողոցում քացու տակ ընկած ու արյունլվա ավարտելով իր կյանքը։ Դա նույնպես պետք չէ մեր երկրին։

Բայց եթե Սերժը շատ ուզենա, ապա ամեն ինչ էլ կարող է լինել։ Առայժմ ինքն է իր ճակատագրի տերը։ «Իքս» պահից սկսած՝ արդեն Աննուշկան ձեթը թափած կլինի, ու Սերժն այլևս իր ճակատագրին կհետևի դիտորդի կարգավիճակով։

Աստված տա՝ Սերժը ողջախոհ և ռացիոնալ գտնվի, ու իր հեռացման գործընթացին կարողանա մասնակցել, իսկ մեր երկիրն էլ զերծ մնա ցնցումներից ու արյունահեղությունից։

Մեկ բան հստակ է՝ ընդդիմադիր «եռյակը», որն, անկասկած, ընդլայնելու է իր շրջանակը, հետ գնալու մտադրություն չունի և չի էլ կարող ունենալ։ Այս պայքարում նահանջելու ռեսուրս ունի միայն Սերժ Սարգսյանը, այն էլ՝ միայն այս փուլում։ Եթե նա այդ ռեսուրսը չօգտագործեց, ապա՝ մեղքն իր վիզը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանն ընդունել է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, բայց հետաձգել է իր գործողությունների ծրագիրը, քանզի սպասում է հոկտեմբերի 24–ի հանրահավաքին ու հատկապես Գագիկ Ծառուկյանի խոսքին։

Նա փորձում է ժամանակ ձգել, բայց դա չի ստացվելու։ Հոկտեմբերի 24–ին, անկախ Սերժի վարքագծից, հնչեցվելու է իշխանափոխությանը հասնելու «ճանապարհային քարտեզի» մասին։

Հարցը միայն փոփոխություններին հասնելու կոշտ և փափուկ տարբերակներն են, ինչն էլ դարձել է «եռյակի» քննարկման առարկան։

Այս խորագրի վերջին նյութերը