Լրահոս

17.09.2009 15:42


ՀԱԿ ներկայացուցիչ. «Ինձ շատ են մտահոգում հայ–վրացական հարաբերությունները»

«Հայ զգային կոնգրեսի» ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մտահոգված է  վերջին մեկ ամսվա ընթացքում հայ-վրացական հարաբերություններում նկատվող լարվածությամբ:

Նրա խոսքերով՝ մեզ համար Վրաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումն ունի կենսական և ռազմավարական նշանակություն, և պետք է լուրջ վերաբերվել այս ամենին։

-Եթե այս իրավիճակում իշխանությունները չեն կարողանում վերջ տալ այդ լարվածությանը, կարծում եմ՝ թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի ընդդիմությունը լուրջ անելիք և պատասխանատվություն ունի այդ հարցում,-ասել է Դավիթ Շահնազարյանը:

Այն հարցին, թե արդյոք այդպիսի քայլեր արվո՞ւմ են, և կապ կա՞ Վրաստանի ընդդիմության հետ, նա պատասխանել է՝ դեռ ոչ։

Դավիթ Շահնազարյանի կարծիքով Հայաստանը և Վրաստանը կարող են լրջորեն համագործակցել «Nabucco» ծրագրի հետ, քանի որ, ըստ նրա, այդ ծրագրի իրագործումով Թուրքիան ձեռք է բերում շատ կարևոր նշանակություն և Եվրոպայի վրա գազային ճնշում գործադրելու շատ լուրջ մեխանիզմներ, քանի որ երկու գազամուղներն անցնելու են Թուրքիայով։

-Կարծում եմ, որ Հայաստանը և Վրաստանը համատեղ պետք է մտածեն և քայլեր իրականացնեն, որպեսզի «Nabucco»-ն չանցնի Թուրքիայով: Ինձ համար ակնհայտ է, որ առանց իրանական գազի՝ «Nabucco»-ն անհնար է. դա թվաբանություն է, ոչ թե քաղաքականություն,-հավելել է  Դավիթ Շահնազարյանը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը