Մեկնաբանություն

15.10.2014 11:28


Ե՞րբ գրողի ծոցը կուղարկվեն սահմանադրական «բարեփոխումները»

Ե՞րբ գրողի ծոցը կուղարկվեն սահմանադրական «բարեփոխումները»

Ուշադրությո՛ւն:

Հրապարակվում է Սերժ Սարգսյանի կողմից ձեւավորված սահմանադրական «բարեփոխումների» հանձնաժողովի հաստատած սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը:

Հանձնաժողովականներն ասում են՝ Վենետիկի հանձնաժողովը շատ է հավանել իրենց «երկնած» փաստաթուղթը: Իսկ թե կոնկրետ ի՞նչն է հավանել, փոփոխված ո՞ր դրույթներին է հինգ ու խաչ նշանակել, այդ մասին ոչինչ չի ասվում:

Չէ, մի բան բացահայտեցին: 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը դեռ որոշված չէ. այդ հարցին անդրադառնալու են մեկնարկող քննարկումների երկրորդ փուլում: Մի խոսքով, «ջրելու են՝ գնա» ժամանակահատվածում:

Հանձնաժողովի կողմից հաստատված հայեցակարգը դրվելու է Սերժ Սարգսյանի սեղանին, իսկ վերջինս քաղաքական կուսակցությունների հետ քաղաքական կոնսուլտացիաներ է սկսելու: Դե, ինչպես 2008-ին էր մարզահամերգային համալիրում հավաքում քաղաքական ուժերին ու նրանց հետ «խորհրդակցություններ» էր անցկացնում:

Սակայն չի նշվում, թե Սերժ Սարգսյանն այդ հայեցակարգն իր կողմից հավանության արժանացնելուց հետո՞ է կոնսուլտացիաներ անելու, թե՞ մինչ այդ է սկսելու կոնսուլտացիները, ինչից հետո միայն հավանության կարժանացնի:

Նշվում է նաեւ, որ նոր հայեցակարգի՝ Սերժ Սարգսյանի հավանությանն արժանանալուց հետո հանձնաժողովը 10 ամիսների ընթացքում պետք է աշխատի փաստաթղթի վրա եւ ներկայացնի վերջնական տարբերակը, ինչից հետո էլ այն ներկայացվելու է Ազգային ժողովին՝ ընդունելու համար: Այս գործընթացի համար էլ նախատեսված է 3 ամիս: Այսինքն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եթե տեղի ունենա, ապա այն կլինի 2015 թվականից հետո միայն:

Ահա այսպես, երկիրն, ըստ Բաղրամյան 26–ի ծրագրերի, պետք է ընկղմվի Սահմանադրության թեմայի շուրջ տեւական քննարկումների (շատախոսությունների) «ջրհորը»:

Այսպիսով, իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հասարակական-քաղաքական շրջանակներին, մեզ՝ բոլորիս, պարտադրում են մի կեղծ օրակարգ, որի շուրջ անվերջանալի «գյալաջիները» ձգվելու են մինչեւ 2016 թվական:

Երկրում էլ ուրիշ հոգս ու խնդիր չկա:

Բոլորը պետք է քնեն ու արթնանան իշխանության վերարտադրության հայեցակարգի շուրջ առաջարկություններ, տեսակետներ ու կարծիքներ ներկայացնելու «հրամայականով»:

Էս ինչ անդարդ երկիր է. կյանքը ուրախ, ապրուստը՝ ձրի…Նստիր ու անվերջ «փիլիսոփայիր» սահմանադրական «բարեփոխումների» թեմայի շուրջ:

Ինչեւէ, դա ոչիշխանական «եռյակին» չի հետաքրքրում, քանի որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ են արտահայտվել այդ փոփոխություններին՝ դրանք համարելով Սերժ Սարգսյանի ու գործող իշխանության վերարտադրությանը միտված նախաձեռնություն:

«Եռյակի» սկսած քաղաքական գործընթացը ցույց կտա, թե երբ կհաջողվի «գրողի ծոցն» ուղարկել գործող իշխանության վերարտադրության հայեցակարգը և հասնել իշխանափոխության: Ինչն էլ շատերին կազատի «փիլիսոփայելու» պարտադրված զբաղմունքից, մյուս մասին էլ կզրկի «փիլիսոփայելու» հաճույքից:

Որքան շուտ՝ այնքան լավ բոլորիս համար:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը