Մեկնաբանություն

14.10.2014 15:30


Գալուստ Սահակյանն առաջ անցավ ՀՀԿ–ի տատիից

Գալուստ Սահակյանն առաջ անցավ ՀՀԿ–ի տատիից

Այսպես, հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին հասցրել են արտահայտվել գրեթե բոլորը: Առաջին հերթին «անկախ» սուբյեկտները (հասկանալի է՝ Բաղրամյան 26-ից ամենամեծ կախվածություն ունեցողները):

Սպասում ենք միայն ՀՀԿ-ի տատիի գնահատականին, որպեսզի իշխանական թևի տեսակետներն ամբողջանան:

Բայց դե, ոնց որ Գալուստ Սահակյանի հայտարարության հեղինակային իրավունքը պատկանում է նաեւ ՀՀԿ-ի տատիին:

«Մենք պիտի հասկանանք՝ ինչ առաջարկենք պաշտո՞ն են ուզում՝ պաշտոն տանք, ուզում են գան կոալիցիա՝ գան կոալիցիա, ի՞նչ են առաջարկում: Որևէ մեկդ կարո՞ղ եք ձևակերպել: Ասում են՝ հաջորդ ընտրություններին մենք ենք լինելու, մենք էլ ասում ենք, որ առանց մեր դերակատարման՝ որևէ բան մի՛ փորձեք անել. դա չի ստացվի: Մենք էլ ենք քաղաքական ուժ և մեծ դերակատարում ունենք: Այսինքն, եթե քաղաքական պրոցեսներ են գնում, մեր մասնակցությունը նշանակալից է»,- անդրադառնալով ոչիշխանական «եռյակի» անցկացրած բազմահազարանոց հանրահավաքին՝ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Եռյակը» քաղաքական գործընթաց է սկսել սահմանադրական փոփոխությունները կանխելու եւ ամբողջական իշխանափոխության հասնելու համար, իսկ Գալուստ Սահակյանն իրեն չհասկացողի տեղ դնելով՝ փորձում է խեղաթյուրել հրապարակում հայտնված ուժերի հռչակած օրակարգը՝ հանրության ականջին կաթեցնելով միտքը, թե «եռյակը» պաշտոն կամ կոալիցիայի մաս կազմելու ցանկություն ունի:

Ժողովրդի մեծամասնությունը ձախողված իշխանությանը եւ նրա առաջնորդին ամեն օր «գրողի ծոցն» ուղարկելու մասին է մտածում, իսկ Գալուստ Սահակյանը խոսում է ինչ-որ կոալիցիայի մասին:

Քանի որ առանց իրենց դերակատարության ոչ ոք չի կարող ոչինչ անել:

Պարզվում է՝ «եռյակը» հանրահավաքների շարք է սկսել՝ համաժողովրդական շարժման վերածելու նպատակադրումով, եւ նա այդ ամենն անում է ՀՀԿ-ի համար, որովհետեւ, ըստ Գալուստ Սահակյանի, միեւնույն է, առանց իրենց ոչինչ չի ստացվի:

Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ-ն եւ նրա առաջնորդը հրապարակում չեն:

Իրոք, շա՛տ ուժեղ է տրամաբանում ՀՀԿ փոխնախագահը:

Ընդհանրապես, մինչեւ ե՞րբ է իշխող ուժը խոսելու իր մեծ դերակատարման մասին, որն, իր կարծիքով, դեռ ունենալու է առաջիկա տարիներին եւս:

Մի կողմից Սահմանադրություն են ուզում փոխել, մյուս կողմից՝ շարունակ խոսում են իրենց «հավերժական» դերակատարման մասին: Այսինքն, սահմանադրական անփոփոխ նորմը, որ ժողովուրդն է ձեւավորում իշխանությունը, իրենց համար գոյություն չունի: Առնվազն անհեթեթ տող է, որ գրված է Սահմանադրության հենց սկզբում:

Է՛հ, փոխում եք՝ միանգամից այդ տողն էլ փոխե՛ք, ու նշե՛ք, որ բոլորը պետք է անցնեն Մելիք–Ադամյան փողոցով, ինչո՞ւ եք համեստություն անում։

Պարզ է՝ փոխել չեն կարող, եւ նաեւ ակնհայտ է, որ ժողովուրդն այլեւս իրենց պատկերացրած «ազգաբնակչությունը» չի, որի հետ կարող են վարվել՝ ինչպես կամենան:

Ժողովուրդը դուրս է եկել հրապարակ այն հաստատ գիտակցությամբ, որ ինքն է ձեւավորելու իշխանությունը:

Հենց սա՛ է, որ անհանգստացնում է գործող իշխանությանը՝ ստիպելով նրան շարունակ խոսել հետագայում էլ իր ունենալիք «մեծ դերակատարության» մասին: Իսկ ո՞վ է լսողը: Նման դեպքերում ժողովուրդը «խուլ» է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը