Ժողովրդավարական է համարվում այն երկիրը, որի իշխանությունն ընտրվում է քաղաքացիների կողմից: Սա ժողովրդավարության նվազագույն պահանջն է, ընդ որում՝ ընտրությունները պետք է լինեն ազատ, թափանցիկ և պարբերական, որպեսզի վերը նշված նվազագույն պահանջը համարվի ապահովված:
Ժողովրդավարությունն առաջին հերթին կառավարման համակարգ է, ոչ թե արժեհամակարգ կամ մշակույթ, հետևաբար ժողովրդավարության ձևավորման համար առաջին հերթին անհրաժեշտ են ժողովրդավարական ինստիտուտներ, ոչ թե արժեհամակարգ կամ մշակույթ:
Հայաստանի հանրային դիսկուրսում հաճախ է հնչում այն միտքը, որ ժողովրդավարությունը Հայաստանում չի կայանում, քանի որ չկա ժողովրդավարական մշակույթ։
Ցանկացած երկրում և հասարակարգում ժողովրդավարության կայացման համար անհրաժեշտ է քաղաքական ինստիտուտների գործարկում։ Օրինակ՝ եթե հանրությունն ունենա ժողովրդավարական արժեհամակարգ, իսկ իշխանությունը՝ 300 հազար կեղծ անձնագիր, ապա իշխանությունը կօգտագործի այդ անձնագրերը ընտրությունները կեղծելու համար: Արժեհամակարգով նման կեղծիքի գործընթացը գրեթե անհնար կլինի կասեցնել։
Իրական, գործող ընտրական ինստիտուտներ ստեղծելու համար անհրաժեշտ է ճանապարհ անցնել:
Օրինակ՝ Անգլիայում ընտրությունների ինստիտուտը ձևավորվել է քաղաքական պայքարի արդյունքում: Դարոն Աճեմօղլուն իր «Բռնապետության ու ժողովրդավարության տնտեսական ծագումը» («Economic Origins of Dictatorship and Democracy») գրքում նկարագրում է, թե ինչպես տեղի ունեցավ Անգլիայի ժողովրդավարացումը. ժողովրդավարության ձևավորման հիմնական պատճառը դարձավ հարստությունն իր ձեռքում կուտակած մարդկանց աջակցությունը խորհրդարանին, իսկ պատճառն Անգլիայի թագավորի ինքնակամ որոշումներն էին, որոնք սպառնում էին ունևորների հարստությանը: Հետագայում զարգանալով՝ խորհրդարանը սահմանափակեց թագավորի իշխանությունը, միապետության համար դարձավ մրցակցային ինստիտուտ, ինչպես նաև երաշխավորեց մարդկանց հարստության երկարաժամկետ պաշտպանությունը։ Քաղաքական նման պայքարը հանգեցրեց Անգլիայի ժողովրդավարացման:
Բազմիցս փաստվել է, որ Սերժ Սարգսյանի ստեղծած տնտեսական մոդելը վտանգ է ներկայացնում կապիտալ ունեցող խավի համար։ Վերջնարդյունքում՝ նաև հանրության լայն շերտերի համար։
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի միջոցով բիզնեսներում փայ վերցնելը կամ այդպիսի «ինստիտուտի» ներդրումը վտանգել է բիզնես խավի բնականոն գոյությունը: Սա է պատճառը, որ խոշոր կապիտալն՝ ի դեմս ԲՀԿ-ի, այսօր դուրս է եկել Սերժ Սարգսյանի դեմ:
Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկու խոշոր ուժեր՝ իշխանական նեղ թիմը և «եռյակը», պայքարում են միմյանց դեմ: Երկու խոշոր ուժի պայքարը, ինչպես նաև իշխանություն վերցնելու և իշխանություն պահելու քաղաքական մրցակցությունն այս ուժերի միջև, հանգեցնելու է ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում՝ ընտրական ինստիուտի ձևավորմանը:
Հայաստանում երկար տարիներ քաղաքացիական հասարակությունը փորձել է վերահսկողություն հաստատել ընտրական գործընթացի վրա, սակայն երբեք համապատասխան ռեսուրս չի ունեցել: Այդ ռեսուրսները կարող են ստեղծվել և արդյունավետ գործել քաղաքական առողջ մրցակցության պարագայում միայն։
Ստեղծված քաղաքական իրավիճակում և երկու ուժերի մրցակցության արդյունքում կամրանա հանրությունն ընդհանրապես և քաղաքացիական հասարակությունը՝ մասնավորապես, քանի որ քաղաքական ուժերը հանրության աջակցությունը ստանալու համար կփորձեն կայացնել հնարավորինս բարենպաստ քաղաքական որոշումներ։
Ժողովրդավարացման գործընթացում միշտ առկա են հաղթողներ և պարտվողներ: Պարտվողները (պարտվողի դերում սովորաբար լինում են իշխանություն ունեցողները) ստանում են ինստիտուցիոնալ երաշխիքներ քաղաքական դաշտում մնալու և պայքարելու համար, որի պատճառով էլ չեն դիմում ծայրահեղ քայլերի:
Նյու Յորքի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ադամ Պրզևորսկու կարծիքով՝ ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ուժերին տալիս են երկարաժամկետ հորիզոն: Այդ ինստիտուտները պարտվող կողմի համար ստեղծում են երաշխիքներ՝ պարտության հետ համակերպվելու և քաղաքական գործընթացներում իրենց շահերը պաշտպանելու համար։ Ուստի և Հայաստանի քաղաքական դաշտում սկսված գործընթացները կարող են երկրի ժողովրդավարացման համար լավ հիմք հանդիսանալ:
Ճանապարհ դեպի ժողովրդավարացում

Արմեն Գրիգորյան