Մեկնաբանություն

13.10.2014 13:50


Երկու–երեք տասնյակ ջղաձգվածների ԵՏՄ–ացումը

Երկու–երեք տասնյակ ջղաձգվածների ԵՏՄ–ացումը

Հոկտեմբերի 10–ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու թեմային, հայտարարեց, որ երկու–երեք տասնյակ ջղաձգվածների պահվածքը պարզապես զավեշտալի է։

ՀԱԿ առաջնորդը նկատի ուներ, այսպես կոչված, արևմտամետներին։

Թույլ տանք մեզ չհամաձայնել առաջին նախագահի գնահատականների հետ։ Այն մարդիկ, ում նկատի ուներ Տեր–Պետրոսյանը, ջղաձգվածներ չեն։ Նրանք շատ հավասարակշիռ մարդիկ են և հաշվենկատ կոմերսանտներ։ Խոսքս, անշո՛ւշտ, ԵՄ–ի հետ ասոցացմանը կողմ կամ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվող անկեղծ մարդկանց մասին չէ։

Խոսքս հաստիքային «արևմտամետների» մասին է։ Պարույրհայրիկյաններ, աղասիենոքյաններ, արամսարգսյաններ, դավիթշահնազարյաններ, արթուրսաքունցներ և այլն։ Սրանք, իրո՛ք, ջղաձգվածներ են, բայց՝ «պետպատվերի» շրջանակներում։

Եթե «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն արևմտամետ է, ապա ես տիեզերագնաց եմ։ Եթե Սերժի մոտ նախագահի թեկնածու աշխատող Հայրիկյանը ռուսական իմպերիալիզմի դեմ պայքարի առաջամարտիկ է, ապա ես Նոբելյան մրցանակակիր եմ։ Մի խոսքով, «ջղաձգվածների» թեման պարզ է։ Ու հենց նրանց համատեղ ջանքերով Հայաստանը հայտնվեց ՄՄ–ում ու ԵՏՄ–ում։

Համացանցում ու փողոցում մի քանի ջղաձգվողները կամ, ավելի ճիշտ, ջղաձիգ ներկայացողներն ընդամենը Բաղրամյան 26–ին կից արևմտամետ են խաղում։ Նրանց Սերժ Սարգսյանն օգտագործում է Կրեմլին հաճոյանալու պարզունակ ծրագրի շրջանակներում։

«Արևմտամետներին» մեյդան հանելով՝ ՀՀԿ ղեկավարն ուզում է Պուտինին ցույց տալ, թե, իբր, Հայաստանում Մայդանի վտանգ կա, և եթե ինքը չլինի, ապա իր այլընտրանքը Մայդանն է։

ՌԴ–ում, իհարկե, հումորով են վերաբերում Սարգսյանի այս «թույն» մարտավարությանը, բայց դա չի խանգարում, որպեսզի նախագահականին կցված «արևմտամետները» շարունակեն իրենց գործն ու ըստ էության աջակցեն Հայաստանի ԵՏՄ–ացմանը։

Այնպես որ, երկու–երեք տասնյակ «ջղաձգվածները» Սերժ Սարգսյանից ոչ պակաս պատասխանատվություն են կրում Հայաստանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության լիակատար ձախողման համար։

Տեղին է հիշեցնելը, որ նույն այդ «ջղաձգվածները» կողմ էին արտահայտվում «Ֆուտբոլային» դիվանագիտությանը, որի արդյունքը եղավ այն, որ ՌԴ ռազմաբազաների տեղակայումը ՀՀ–ում կես դարով երկարաձգվեց, Թուրքիան Ղարաբաղի հարցում դարձավ ակտիվ միջնորդ, ինչպես նաև փակվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման։

ԵՄ–ի հետ ասոցացումն էլ ավարտվեց ՄՄ–ով։

Սա՛ է իրականությունը, և այդ «ջղաձգվողներն»՝ իրենց պատվիրատուի հետ միասին, պետք է մաքրվեն քաղաքական դաշտից, որպեսզի ՀՀ–ն կարողանա արժանապատիվ հարաբերություններ հաստատել և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ–ի հետ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ ԵՏՄ–ին ՀՀ–ի անդամակցության ստորագրությունից հետո «արևմտամետ» քաղաքական ուժերն ու խմբակներն իրար հետևից մամլո հաղորդագրություններ էին ուղարկում։ «Ջղաձգվածներն» իրար հերթ չտալով՝ ասուլիսներ ու հարցազրույցներ էին տալիս սերժամետ լրատվամիջոցներին։

Զավեշտալին այն է, որ բոցաշունչ քննադատություն հնչեցնելով և ԵՏՄ–ին անդամակցելն ազգակործան համարելով հանդերձ՝ «ջղաձգվածները» պահանջում են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ... ոչիշխանական ուժերի հրաժարականը։ Այ սա, իրոք, արդեն զավեշտ է, երկու–երեք տասնյակ հաճախորդների ջղաձգում։

Այս խորագրի վերջին նյութերը