Հարցազրույց

13.10.2014 10:25


Վահե Հովհաննիսյան. «Հայաստանում դրվել է անդառնալի փոփոխությունների սկիզբը»

Վահե Հովհաննիսյան. «Հայաստանում դրվել է անդառնալի փոփոխությունների սկիզբը»

Հարցազրույց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ.

- Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը շարունակում է բոլորի ուշադրության կենտրոնում մնալ: Ձեր կարծիքով ի՞նչն է դրա պատճառը, որո՞նք էին հանրահավաքի հիմնական ուղերձները:

- Ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքով Հայաստանում դրվել է անդառնալի փոփոխությունների սկիզբը: Մի պահից դա պետք է տեղի ունենար, և տեղի ունեցավ: Հասարակության համբերությունն անսահման չէ իրականում: Շատերն են ֆիքսել, որ Ծառուկյանն իր՝ ընդամենը երկու րոպեանոց ողջույնի խոսքում մի քանի կարևորագույն ուղերձ դրեց շրջանառության.
1. Հրապարակայնորեն վերահաստատեց իր խորքային անհամաձայնությունը գործող իշխանության կողմից վարվող կուրսի նկատմամբ
2. Ֆիքսեց, որ Հայաստանն անպայման ունենալու է մեծ հաջողություններ, և պետք չէ վախենալ այսօրվա ծանր տնտեսական խնդիրներից
3. Համոզմունք հայտնեց, որ Հայաստանին պետք է փոփոխությունների մի մեծ փուլ, և դրանց սկիզբը դրվեց այդտեղ, այդ օրը
4. Հիշեցրեց, որ որևէ պայքար չի լինում առանց դժվարությունների, և միաժամանակ կարևորեց, որ անրաժեշտ են բացառապես խելամիտ, սառը հաշվարկված քայլեր

- Ըստ Ձեզ՝ այնուհանդերձ, ո՞րն է հանրահավաքի հիմնական ձեռքբերումը:

- Մի քանի տասնյակ հազար մարդ եկավ հրապարակ, իսկ հարյուր հազարավորներն, առայժմ գուցե դեռ իրենց տներից, բայց մասնակից են լինում գործընթացին: Այս առումով ինձ համար ամենամեծ ձեռքբերումը հույսի արթնացումն էր ողջ երկրում: Ցավոք սրտի, ծանր տնտեսական վիճակը և հրեշավոր անարդարության մթնոլորտը, որ կա մեր երկրում, մարդկանց մոտ սպանում էին հույսի գաղափարն ընդհանրապես: Մեզ հաջողվեց արթնացնել հույսը: Երկրորդ քայլով պետք է այդ հույսը վերափոխել ավելի ռացիոնալ գաղափարի, այն է՝ Հայաստանում փոփոխություններն այլևս անխուսափելի են: Եվ ոչիշխանական քաղաքական ուժերի խնդիրը ճիշտ հաշվարկված փոփոխությունների «ճանապարհային քարտեզի» հրապարակումն է:

Ի՞նչ է պետք անել մինչև հաջորդ հանրահավաքը: Մեկ բան՝ ամբողջ երկիրը, հասարակությունը վարակել փոփոխությունների գաղափարով: Փոփոխությունների անխուսափելիության պահանջը պետք է մտնի յուրաքանչյուր բակ, շենք, բնակարան, լսարան, աշխատասենյակ: Սա բարդ խնդիր չէ, հաջողության համար բոլոր հիմքերը կան: Բայց սա նաև պահանջում է աշխատանք, ու ես ԲՀԿ-ի իմ թիմակիցներին, ընկերներին և ոչ իշխանական կուսակցությունների իմ գործընկերներին կոչ եմ անում՝ այս ուղղությամբ աշխատել: Երբ ողջ երկրի մթնոլորտը շնչի փոփոխության գաղափարով, ամեն ինչ շատ ավելի սահուն, անցնցում ու արդյունավետ կլինի:

- Ակնարկեցիք ոչ իշխանական «քառյակի» մասին: Փաստորեն, Դաշնակցության տեղը զբաղեցրեց Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն:

- Գիտեք, անկեղծ ասած, ինձ համար անակնկալ էր այս փոխատեղումը: Որքան ես գիտեմ, նման նախնական քննարկումներ չեն եղել: Այնուհանդերձ, ես ոչ մի վատ բան դրա մեջ չեմ տեսնում, և ավելին, ես շատ կարևորում եմ քննարկումների և փոխզիջումային որոշումների մշակույթը: Մենք հենց սա պետք է հակադրենք այսօրվա՝ միանձնյա և միակուսակցական համակարգին: Այսօր «քառյակ» է, վաղը գուցե լինի «հնգյակ», «վեցյակ», ես չգիտեմ, բայց հիմքում դրվում է նոր քաղաքական մշակույթ՝ խնդիրները, քայլերը քննարկել և կայացնել փոխադարձ ընդունելի լավագույն որոշումները: Այս մոդելը պետք է աշխատի ողջ երկրի մասշտաբով: Մյուս կողմից՝ մենք շատ լավ հասկանում ենք ԲՀԿ-ի կառուցվածքային, մարդկային, կազմակերպչական ռեսուրսը և կշիռը, և պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործենք այդ ռեսուրսն ընդհանուր գործի համար: Եվ եթե սրան ավելացվի մյուս ուժերի ներուժը, ապա համակարգը կաշխատի շատ ավելի էֆեկտիվ:

- Ըստ Ձեզ՝ որքա՞ն մարդ էր մասնակցում հանրահավաքին, և որքա՞ն է ակնկալվում հաջորդին:

- Գիտեք, օպերատիվ թվերին տիրապետելն իշխանությունների խնդիրն է, և կարծում եմ՝ նրանք լավագույնս հասկանում են, թե ինչ կատարվեց հոյտեմբերի 10-ին: Ինձ համար շատ ավելի կարևոր է մթնոլորտի փոփոխությունը և այն հանգամանքը, որ 2-3 օր է՝ ողջ քաղաքը խոսում է դրա մասին: Դա տալիս է բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ հաջորդ հանրահավաքը լինելու է նույնիսկ ավելի հզոր, և մենք ունենալու ենք հրապարակ, որը սկսելու է թելադրել փոփոխությունների իր պահանջները: Ես այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել Լևոն Տեր-Պետրոսյանի ծանրակշիռ, խիստ կարևոր, կարծր դիրքորոշումը տարատեսակ «հիմա»-ների և գուցե որոշ մարդկանց հուզական ինքնագործունեության հանդեպ: Բացառելով ավելորդ, խանգարող հուզականությունը՝ մենք ունենալու ենք հզոր, բայց խաղաղ շարժում, որը գրագետ քայլերի միջոցով բերելու է կենսական դարձած փոփոխությունների:

Աղբյուրը՝ http://zham.am/am/news/35679.html

Այս խորագրի վերջին նյութերը