Մեկնաբանություն

13.10.2014 00:45


«Ատկատների» շքահանդես «Ապահով Հայաստանում»

«Ատկատների» շքահանդես «Ապահով Հայաստանում»

Ամեն տարի «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների օրերին մայրաքաղաքը գնդակոծվում է «սալյուտներից», բոլոր վարչական շրջաններում «շուխուր-շամաթայի» դեցիբելները խլացնում են բնակչությանը, հրապարակային միջացառումներն անճաշակությամբ գերազանցում են անգամ միջին ճաշակի տեր մարդկանց «սպասելիքները», վառվռուն դեկորներն ու փուչիկները ծածկում են բոլոր ծակուծուկերը, պետական ու ինքնագործ խմբերի, շոու-բիզնեսի «արսենալը» նետվում է տոնական «մարտադաշտ»:

Մի խոսքով, փողեր, փողեր, փողեր, «փող լվանալու» և «ատկատների» արտոնված «շքահանդես»:

Անիմաստ վատնված գումարներ՝ կեղծ տոնակատարությունը հնարավորինս «մաժորային» ու մասշտաբային դարձնելու մայրաքաղաքային իշխանությունների շա՜տ «հոգատար» նախաձեռնությամբ:

Ամեն տարի Տարոն Մարգարյանն այնպիսի շքեղությամբ է կազմակերպում «Էրեբունի-Երեւանը», ասես դրանով մայրաքաղաքի տարեկան գործունեության հաշվետվությունն է ներկայացնում, կամ վերին իշխանությունների առաջ, այսպես ասած, քննություն է հանձնում: Սեփական «փիառը» չհաշված:

Ախր, Երեւանում անհաշիվ կիսակառույցներ կան, որոնց երկաթաձողերն արդեն վեց տարի «երկինք խոյացած» մնում են, Երեւանում հազար ու մի խնդիր կա, բազմաբնակարան շենքերի տանիքների ու վերելակների նորոգման, ծայրամասային թաղամասերում փողոցների ու կանգառների կառուցման, քաղաքային տնտեսությանը վերաբերող բազմաթիվ հիմնախնդիրներ շարունակում են մնալ չլուծված:

Եվ այս ֆոնին ամեն տարի Տարոն Մարգարյանը փայլփլուն զարդարանքով ու երգ ու պարով «թնդացնում» է քաղաքը:

Նայում ես՝ Կայարանի ուղղությամբ շենքի ճակատին փուչիկներով «գրել» են՝ «Երեւան, իմ շուն»:

«Տոնական» նախապատրաստությունների ժամանակ էնքան են վռազել, որ «շ» եւ «տ» տառերը խառնել են իրար: Նայում ես քաղաքապետարանի ուղղությամբ՝ զիլ երգում են «Հաբիբի» ու շրխկան պորտապարի, թրքա-արաբական երաժշտության հնչունների ներքո՝ պարախմբերն իրենց են կոտորում:

Լավ, էս անհեթեթ խրախճանքն ո՞ւմ է պետք:

Հո կրակը չընկա՞նք, որ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը 1968 թվին հիմնադրեց այս կեղծ տոնակատարությունը, այն էլ մի կերպ Մոսկվային համոզելուց հետո:

Դե, մի քիչ այն չէր, էլի: 1968-ից առաջ նշվել էր Մոսկվայի եւ Լենինգրադի հիմանդրման օրը: Բայց քանի որ Երեւանը նրանցից «տարիքով» շատ մեծ էր (մի տասն անգամ «հեղափոխության օրրան Լենինգրադից», մի երեք անգամ էլ՝ Մոսկվայից) այնքան էլ հարմար չէր, որ այդ փաստը շեշտադրվի:

Բայց դե, Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը հերոսական ջանքեր գործադրեց ու թույլտվությունը ստացավ: Զվարճանք էր պետք:

Հիմա այս կեղծ տոնը շարունակել, ավելին՝ այն դարձնել մի այնպիսի խոշոր իրադարձություն, որ վերհիշենք սովետական «պառադներն» ու «մայովկաները», որքանո՞վ է տրամաբանական: Երբ, մանավանդ, երկրում աղքատության տոկոսը շեշտակիորեն աճել է, իսկ բնակչության մեծ մասն, ինչպես հայտնի է, կենտրոնացած է մայրաքաղաքում: Էլ չասած՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին:

Մեծ հաշվով, այս ամենն արվում է «ապահով Հայաստանի» պատրանք ստեղծելու եւ իշխանական-կառավարական ողջ վերնախավի համար, որը երեկոյան ժամանել էր Հանապետության հրապարակ՝ տոնական «ռելաքսի» մեջ հայտնվելու համար:

Ամենազարմանալին գալա-համերգի սկզբում արված հայտարարությունն էր՝ «Այստեղ է գտնվում Նորին գերազանցություն Սերժ Սարգսյանը»:

Պահո՜: Արդեն «Հայաստանի առաջնորդ» ներկայացնելու ձեւը չի բավարարում:

Հիմա պետք է նրան ներկայացնել «Նորին գերազանցություն» հարգական հորջորջումով: Երկրում ամեն բան գերազանց է, եւ միայն այս տիտղոսն էր պակասում:

Լավ է՝ «Նորին մեծություն» չասեցին, որն օգտագործվում է թագավորների ու կայսրերի դեպքում:

Իսկ ի՞նչ դիտեց ու լսեց «Նորին գերազանցությունը»:

Անմիտ երգերի շարք՝ կիսապիոներական, կիսամոլդովական, կիսագնչուական, կիսաթուրքական տակտ ու հանգով, նաեւ՝ ռուսական փոփի տեղայնացված թույլ ու ապաշնորհ տարբերակներ:

Դե, վերջում էլ «սալյուտից» բոցավառվեց շրջակայքը, ու համերգն ավարտվեց:

Լավ է՝ ոչ ոք «պաժար» չընկավ:

Տարոնն էլ «զաչյոտը» ստացավ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը