Մեկնաբանություն

12.10.2014 23:45


Ի՞նչ ցույց տվեց հանրահավաքը

Ի՞նչ ցույց տվեց հանրահավաքը

Հոկտեմբերի 10–ի հանրահավաքը տպավորիչ էր։ Տպավորիչ մասնակիցների քանակի, հարթակում կանգնած ուժերի և հատկապես Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ։

Սրանից մի քանի տարի կամ մի քանի ամիս ու նույնիսկ՝ մի քանի շաբաթ առաջ շատերը չէին կարող կամ չէին ուզում պատկերացնել, որ խոշոր սեփականատեր հանդիսացող ԲՀԿ առաջնորդն իր գործընկերների հետ կնախաձեռնի մի հանրահավաք, որի ժամանակ հնչող կարգախոսների ու վանկարկումների հիմնական մասը տեղավորվում է իշխանափոխության կոդի մեջ։

Ոմանք անկեղծորեն, իսկ ոմանք էլ՝ միտումնավոր, տարածում են այն միտքը, թե Գագիկ Ծառուկյանը Բաղրամյան 26–ի հետ համաձայնեցված է քաղաքականություն իրականացնում, այլապես նրան անմիջապես կուլակաթափ կանեն։

«Սերժ Սարգսյանը պարզապես չի ուզում վնաս տալ Ծառուկյանին, իսկ դա նշանակում է, որ այս ամենը խաղ է»,– հայտարարում են իշխանամերձ վերլուծաբանները կամ էլ քաղաքական գործընթացների մասին մակերեսային պատկերացումներ ունեցող իրապես անկախ մարդիկ։

«Պետպատվերով» աշխատող «վերլուծաբանների» հետ իմաստ չունի վիճել։ Նրանք համապատասխան վճարի դիմաց աշխատանք են կատարում, ու բնական է, որ պետք է հանրությանը համոզեն, որ պետք չի ոտքի ելնել՝ որպես փաստարկ օգտագործելով այն «հիմնավորումը», թե, իբր, սա կեղտոտ խաղ է՝ իշխանությունների վերահսկողությամբ ընթացող խաղ։

Ի դեպ, նման թեզեր իշխանությունները միշտ տարածում են բոլոր այն դեպքերում, երբ ակնհայտ է դառնում իշխանության անելանելի վիճակը։ Անմիջապես մեջտեղ է բերվում «Սերժ ամենակարողի» մասին հեքիաթը, որը նպատակ ունի գլխիվայր շուռ տալ «Սերժ անկարողի» իմիջը։

Նման «տրյուկի» իշխանությունները դիմում են այն ժամանակ, երբ չեն կարողանում վերահսկել իրավիճակը։ Այդպես էր տարիներ առաջ Իջևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀՀԿ թեկնածուի կրած պարտությունից հետո, երբ իշխանությունները, փորձելով պահպանել «Սերժ ամենակարողի» իմիջը, տարածեցին, թե դա գործարք էր Սարգսյանի ու Ծառուկյանի միջև, որպեսզի վերջինս դրա դիմաց ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով մասնակցի 2012թ. խորհրդարանական ընտրություններին։

Ինչպես հայտնի է, ոչ մի միասնական ցուցակ էլ չեղավ։ Բայց դա չխանգարեց նույն շրջանակներին հայտարարել, թե միասնական ցուցակ չեղավ, որպեսզի ԲՀԿ–ն ձայներ տանի ընդդիմադիր դաշտից ու մնա կոալիցիայի անդամ։ Դա էլ տեղի չունեցավ։ Ու որպեսզի «Սերժ ամենակարողի» միֆը վերջնականապես չպայթեր, հայտարարվեց, թե Ծառուկյանը պաշտպանելու է Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Դա էլ տեղի չունեցավ։

Մի խոսքով, «խաղերի» տեսության վճարովի սիրահարների բոլոր կանխատեսումներն ու գնահատականները չեն համապատասխանել իրականությանը, սակայն իշխանություններն իրենց քարոզչական զինանոցում այլ բան չունեն ու շարունակում են տարածել «սաղ խաղ ա», «սաղ սութ ա» պարզունակ կոդերը։

Ինչ վերաբերում է «խաղերի» տեսության անկեղծ սիրահարներին ու դավադրության տեսության մոլի երկրպագուներին, ապա պետք է նշել, որ նրանք սխալվում են։

Ինչ՝ ինչ, բայց մազոխիզմի մեջ դժվար է մեղադրել այս իշխանություններին։ Ի՞նչ իմաստ ունի ԲՀԿ–ով խաղ խաղալ, ո՞ւմ դեմն առնելու համար։ Բաղրամյան 26–ի ոչ պաշտոնական խոսափող «1in.am»–ից տուն չգնացող Դավիթ Շահնազարյանն ու Արամ Սարգսյա՞նն են Սերժի համար վտանգ ներկայացնում, թե՞ իշխանամետ մեկ այլ լրատվամիջոցի՝ «tert.am»–ի սիրելի Նիկոլ Փաշինյանը։ Իսկ միգուցե «սութի» արևմտամետներից վախենալո՞վ է Ս. Սարգսյանը որոշել ԲՀԿ–ի հետ խաղ խաղալ։ Քանի՞ մարդ կա, ով կարող է հավատալ նման ապուշություններին ու լուրջ եզրահանգումներ անել։

Եկեք անկեղծ լինենք, քաղաքական դաշտում լրջագույն ռեսուրների տիրապետում են ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն։ Եթե նրանք մեկտեղեն ջանքերը, ապա Հայաստանում քաղաքական կյանքը կմեռնի տևական ժամանակով։ Խնդիրն այն է, որ ԲՀԿ–ն դեմ է այդ հեռանկարին, քանզի այնտեղ շատ լավ հասկանում են, որ ամայի քաղաքական դաշտը վերջնականապես ոչնչացնելու է բիզնես դասին, ու հնարավորություն է տալու Հայաստանում նեոբոլշևիկյան ռեժիմ հաստատել։

Քաղաքական ու տնտեսական մենաշնորհը կսպանի Հայաստանը։ Դա ձեռնտու չէ որևէ մեկին՝ բացի իշխանական բուրգի նեղ թիմից։ Նրանք, իհարկե, Հայաստանի վերջը չեն ուզում, բայց այդպես կստացվի։

Սերժ Սարգսյանը խնդիր է դրել «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել և սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման միջոցով ամայացնել ամբողջ քաղաքական դաշտը՝ ցմահ իշխելու նպատակով։

Գագիկ Ծառուկյանը՝ որպես բիզնես դասի ինստիտուցիոնալ լիդեր, բնականաբար, դեմ է Սերժի այդ ծրագրերին։ Այդ առումով Ծառուկյանի ու բիզնեսի բոլոր շերտերի, հանրության լայն շրջանակների, ինչպես նաև քաղաքական դաշտում ինքնուրույնության այս կամ այն աստիճան ունեցող կուսակցությունների հանրային շարժումների շահերը համընկնում են։ Դա է պատճառը, որ ԲՀԿ–ն հսկայական զանգվածների զորաշարժ է կարողանում անել, և հոկտեմբերի 10–ը նաև յուրօրինակ զորահանդես էր՝ ուժի ցուցադրում։

Հոկտեմբերի 10–ի հանրահավաքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ոչ թե չի ուզում, այլ չի կարող կուլակաթափ անել Գագիկ Ծառուկյանին ու բուրժուազիայի այն շերտին, որն իր անհամաձայնությունն է հայտնում վարվող քաղաքականությանը։ Ասել է թե՝ «եռյակը» գործում է՝ ի հեճուկս Սարգսյանի ծրագրերի։

ԲՀԿ առաջնորդը Խաչատուր Սուքիասյանը չէ, ով պարզապես միացել էր 2007–ից սկիզբ առած պայքարին։ Ծառուկյանը, մեղմ ասած, ներկայիս պայքարի լոկոմոտիվներից է և հանդես է գալիս ոչ թե որպես անհատ, ով պաշտպանում է այս կամ այն լիդերին, այլ ունի հզոր կառույց, ինքն է հանդիսանում բարձր վարկանիշ ունեցող գործիչ և դնում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք ներքաղաքական դաշտում դրել էր, օրինակ, Իվանիշվիլին Վրաստանում։ Այլ կերպ ասած՝ Ծառուկյանը զուտ խոշոր փողատեր չէ, ում ձեռքից հեշտությամբ կարելի է խլել սեփականությունը։ Սերժը հենց այսօր կուզենար դա անել, բայց չի կարող, քանզի համարժեք պատասխան կստանա։

ՀՀԿ ղեկավարն այսօր այնքան թույլ չէ, որ Ծառուկյանը նրան աթոռից իջեցնի, բայց, մյուս կողմից էլ, Սերժն այնքան ուժեղ չէ, որ կարողանա Ծառուկյանին ճնշել ու Սուքիասյանի տարբերակով վարվել։ Ուժերի բալանսի խնդիր է։

ԲՀԿ–ն հանրահավաքի միջոցով հասկացրեց, որ եթե իշխանությունները շարունակեն փոքրից մինչև խոշոր բուրժուազիային նեղելու գործընթացը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու հայտ ներկայացնեն, ապա այդ կառույցը, իր քաղաքական գործընկերների ու հանրության աջակցությամբ, կարող է անգամ հեղափոխական զարգացումներ սկսել։

Պատահական չէր, որ հանրահավաքից առաջ Ծառուկյանը չբացառեց նախագահական մրցապայքարին մասնակցելը։ Դա «մեսիջ» էր Սերժ Սարգսյանին առ այն, որ սկսված գործընթացի հիմքում արտահերթ նախագահական ընտրություններն են։

Ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում «եռյակը» ցույց տվեց, որ համապատասխան գործողությունների դիմելու հանրային աջակցության անհրաժեշտ նվազագույն բազան ունի (տարբեր գնահատականներով՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 45.000 մարդ), և ընդամենը տեխնիկայի հարց է այդ բազան ավելացնելն ու կոշտ քայլերի գնալը։ Դրա համար էլ հայտարարվեց «հումանիտար միջանցք» թողնելու պատրաստակամության մասին։ Մնացածը կերևա առաջիկա օրերին։

Հոկտեմբերի 15–ին Սերժ Սարգսյանը կարող է հիմք դնել փափուկ կամ կոշտ իշխանափոխության համար։ Հետաքրքիր է, թե որ տարբերակը նա կընտրի։ Իրականությունից կտրված ավտորիտար ռեժիմները, որպես կանոն, ընտրում են երկրորդ տարբերակը։ Բայց դե, ՀՀԿ ղեկավարը ցույց է տվել, որ ուժ տեսնելիս ողջամիտ է դառնում։ Տեսնենք։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը