Մեկնաբանություն

12.10.2014 01:40


Հայաստանը «կամ, կամ»–ի առաջ է կանգնած

Հայաստանը «կամ, կամ»–ի առաջ է կանգնած

Մարդկության պատմությունը հեղեղված է բազմաթիվ օրինակներով, երբ տարբեր հասարակությունների զարգացումն ու առաջընթացը ուղիղ հակասության մեջ են մտել տվյալ երկրներում իշխող ռեժիմների շահերի հետ:

Ավտորիտար էլիտաները երկրագնդի բոլոր մասերում, վախենալով կորցնել իշխանությունը, դարեր շարունակ խոչընդոտել են գիտության, մշակույթի և տնտեսության զարգացմանը:

Այդպիսի մի քանի դրվագների մասին իրենց «Ինչու են ազգերը ձախողվում» («Why nations fail») գրքում պատմում են հանրահայտ տնտեսագետներ Դարոն Աճեմողլուն և Ջեյմս Ռոբինսոնը:

Ինչպես հայտնի է, Յոհան Գուտենբերգը 1445 թվականին Գերմանիայի Մայնց Քաղաքում հայտնագործեց ժամանակակից գրքի տպագրության տեխնիկան։ Գուտենբերգի գյուտը իրավացիորեն համարվում է կարևորագույն հայտնագործություններից մեկը: Առանց այդ գյուտի մասսայական գրաճանաչությունը և կրթության զարգացումը հնարավոր չէին լինի աշխարհում:
Սակայն այդ նորարությունը բոլորի համար չէր ցանկալի:

Մինչ Արևմտյան Եվրոպայում արագ գիտակցում են գերմանացու հայտնագործության կարևորությունը, և այն շուտով սկսում է տարածվել ողջ աշխարհամասով, Օսմանյան կայսրության Սուլթան Բայեզիդ Երկրորդը 1485 թվականին հրովարտակ է արձակում` իր հպատակներին արգելելով զբաղվել տպագրությամբ: Միայն 1727 թվականին է սուլթան Իբրահիմ Երրորդը թույլատրում Իբրահիմ Մութեֆերիքային հիմնադրել առաջին տպարանը: Սակայն նույնիսկ տպարանը հիմնադրելուց հետո Մութեֆերիքային հաջողվում է ընդամենը մի քանի գիրքը հրատարակել, քանի որ նրա գործունեությունը լրջորեն հսկվում էր հոգևորականներից և իրավագետներից բաղկացած երեք հոգանոց կոլեգիայի կողմից:

Օսմանյան սուլթանների այդպիսի գործելաոճի հետևանքով 19-րդ դարի սկզբին կայսրության բնակչության միայն երեք տոկոսն էր գրաճանաչ, այն դեպքում, երբ Արևմտյան Եվրոպայում գրաճանաչների թիվը 50 տոկոսից ավելի էր:

Տպագրության նկատմամբ սուլթանների սուր ընդդիմության պատճառը հեշտությամբ է բացատրվում: Գրքերը գաղափարներ էին տարածում, որոնք բարդացնում էին հպատակների նկատմամբ վերահսկողություն պահպանելու խնդիրը: Այդ նոր գաղափարները կարող էին Օսմանյան կայսրության համար տնտեսական աճ ապահովել, սակայն կարող էին նաև քայքայիչ դեր ունենալ` խախտելով գոյություն ունեցող քաղաքական և սոցիալական ստատուս-քվոն:

Նմանատիպ երևույթներ էին տեղի ունենում նաև այլ բռնատիրություններում: Ինչպես գրում են Աճեմողլուն և Ռոբինսոնը, Ռուսական և Ավստրիական (Ավստրո-հունգարական) կայսրությունների իշխող վերնախավերը կտրականապես դեմ էին արդյունաբերական հեղափոխությանը: Նրանք չէին ցանկանում զարգացնել արդյունաբերությունը, քանի որ գործարանները կարող էին քաղաքներում կենտրոնացնել աղքատ բանվորների հսկայական մասսաներ, որոնք հետագայում հավանաբար կդառնային միապետության դեմ պայքարող ուժերի կողմնակիցներ: Այդ վերնախավերի գլխավոր նպատակը գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական հարաբերությունների և ավանադական էլիտաների պահպանումն էր: Ռուսներ և ավստրիացիները խոչընդոտում էին նաև երկաթգծերի կառուցմանը իրենց կայսրություններում` վախենալով, որ դրանք հեղափոխություններ կբերեն: Եվ այն ժամանակ, երբ գրեթե ողջ Արևմտյան Եվրոպան արագ ինդուստրալիզացիայի էր ենթարկվում և հազարավոր կիլիոմետրերով երկաթգծեր էր կառուցում, Ավստրիական (Ավստրո-հունգարական) և Ռուսական կայսրությունները շարունակում էին մնալ հետամնաց ագրարային տերություններ` սեփական էլիտայի ինքնապահպանման բնազդի պատճառով:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ևս մենք կարող ենք ականատես լինել ավտորիտար համակարգերի այդ հետաքրքիր դիլեմային:

Երկրի տնտեսական զարգացումը սուր հակասության մեջ է գտնվում իշխող ռեժիմի շահերի հետ: Հայաստանի զարգացումը երկարաժամկետ կտրվածքով նպաստելու է գործող համակարգի կործանմանը: Ինչպես Ռոմանովները Ռուսաստանում և Հաբսբուրգները Ավստրո-Հունգարիայում, ՀՀԿ–ականները ևս միջոցներ չեն խնայելու տնտեսության մեջ այլընտրանքային ուժերի և դերակատարների զարգացումը կանխելու և նրանց ոչնչացնելու համար:

Այս ռեժիմի համար իշխանության պահպանության միակ տարբերակը տնտեսական բոլոր ռեսուրսների կենտրոնացումն է իշխանամերձ շրջանակների մոտ:

Թյուր է այն կարծիքը, ըստ որի ավտորիտար ռեժիմները պետք է շահագրգռված լինեն իրենց երկրների տնտեսական զարգացմամբ, որպեսզի թալանի համար ավելի նպաստավոր պայմաններ ունենան: Իրականում բռնապետական վերնախավերի մեծամասնությունը քաջ գիտակցում է, որ տնտեսության մեջ գոյություն ունեցող չնչին այլընտրանքը վաղ թե ուշ վերածվելու է քաղաքական այլընտրանքի: Այն ավտորիտար համակարգերում, որտեղ իշխող էլիտան չէր գիտակցում այդ կարևորագույն հանգամանքը կամ պատրաստ էր սեփական շահերը զոհաբերել հանուն երկրի զարգացման, տեղի էին ունենում ժողովրդավարական հեղափոխություններ: Եվ այդ հեղափոխությունների շարժիչ ուժը հենց տնտեսության մեջ այլընտրանքային դերակատարների գոյության արդյունքում ձևավորված միջին դասն էր:

Որևէ կասկած չկա, որ Հայաստանում իշխող ռեժիմի կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նպատակը հենց տնտեսական և քաղաքական այլընտրանքի ոչնցացումն է: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն խոշոր կապիտալին, այլև` մանր և միջին բիզնեսին, քանի որ մանր և միջին բիզնեսի զարգացման հետևանքով երկրում կարող է ձևավորվել անկախ և ինքնաբավ անհատների խավ, որը լրջագույն վտանգ կներկայացնի իշխող էլիտայի համար:

Սահմանադրական փոփոխությունների քողի տակ Սերժ Սարգսյանի գլխավորած թիմը ձգտելու է կենտրոնացնել երկրի տնտեսությունն իր ձեռքում և ամբողջությամբ ամայացնել քաղաքական դաշտը: Ուստի՝ հայաստանյան հասարակությունը այսօր կանգնած է պարզ երկընտրանքի առջև. Կա՛մ ամեն գնով ձերբազատվել իշխող ռեժիմից և փորձել քաղաքական ու տնտեսական հարաբերությունների նոր համակարգ կառուցել, կա՛մ տասնամյակներով քրեաօլիգարխիկ վերնախավի գերին մնալ:

Տիգրան Գրիգորյան

Ստեփանակերտ

Այս խորագրի վերջին նյութերը