Մեկնաբանություն

11.10.2014 23:35


Անկուսակցականի նկատառումներ

Անկուսակցականի նկատառումներ

Հոկտեմբերի 10-ին ոչիշխանական «եռյակի»՝ Ազատության հրապարակում կազմակերպած համապետական հանրահավաքի մեկնարկից 20 րոպե առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կարդացի մի օգտատիրոջ գրառում, ով մինչև այդ Սերժ Սարգսյանին այլընտրանք չէր տեսնոմ եւ այդ մասին մի քանի տեսակետ էր ներկայացրել ՖԲ-յան իր էջում:

Իսկ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մեկնարկից առաջ կատարած նրա գրառումը այսպիսին էր. «Այս պահին Ազատության հրապարակում հավաքվել է քսան հազար մարդ:
Ես կփորձեմ, հնարավորության սահմաններում, օնլայն մեկնաբանել հանրահավաքի ուշագրավ իրադարձությունները, հայտարարությունները...»:

Նրա հետագա մեկնաբանությունները, բնականաբար, Սերժ Սարգսյանի «ծիրին մեջ» էին, բայց դրանք այլեւս ինձ համար կարեւոր չէին:

Հետո, երբ նայեցի տեսանյութերը՝ հասկացա, որ հրապարակում էր հավաքվել ավելի շատ մարդ, քան նշել էր տվյալ օգտատերը:

Հնարավոր չէր չոգեւորվել՝ ժողովուրդը արթնանում է լեթարգիական քնից: Նրան արթնացնողը «եռյակն» է: Եվ դա հիանալի է, քանի որ մինչև այդ օրը շատ այլ ուժեր էին խոստանում ոտքի հանել ժողովրդին, բայց… անգամ իրենք ոտքի չելան՝ ի սեր Սերժ Սարգսյանի:

Երկրորդ. ինձ դուր եկավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժեստը, ով թեեւ «սովորույթի համաձայն» սկզբում հանրահավաքի բազմահազարանոց մասնակիցներին ողջունելու համար առաջ եկավ եւ երկու ձեռքերը վեր պարզելով ողջունեց հավաքվածներին՝ դրանից հետո, սակայն, հորդորեց ու «առաջ մղեց» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որ վերջինս նույնպես ողջունի հավաքված ժողովրդին:

Ինչ-խոսք, Գագիկ Ծառուկյանն արդեն տեղում կանգնած ողջունել էր, բայց Լեւոն Տեր- Պետրոսյանը ցանկացավ, որ նա ավելի առաջ գա, որ «բոլորը տեսնեն» նրա ողջույնը:

Անկախ քաղաքական համագործակցությունից՝ ՀԱԿ առաջնորդի այս ժեստը այլ նրբերանգ է պարունակում: Խոսքը զուտ մարդկային վերաբերմունքի մասին է:

Կապ չունի, որ ԲՀԿ-ն մեծությամբ խորհրդարանական երկրորդ խմբակցությունն է, կապ չունի, որ Ծառուկյանը կարող ուժ է. Լեւոն Տեր- Պետրոսյանը զուտ մարդկայնորեն գնահատում է նրան: Սա՛ էր նրա ժեստի իմաստը:

Թեպետ, մյուս կողմից էլ պետք է նկատել, որ Տեր-Պետրոսյանի գնահատանքը թեւ լավ է, բայց բավարար չէ, քանի որ քաղաքական լիդերին պետք է նախ գնահատի ժողովուրդը: Իսկ ժողովուրդը գնահատում է այն առաջնորդին կամ առաջնորդներին, որոնց հավատում է, վստահ է, որ նրանք սկսած գործը ավարտին կհասցնեն՝ հե՛նց իր ժողովրդի աջակցությամբ:

Դե հիմա թող շատերը շատ բան ասեն՝ անհիմն մեղադրանքներով տատանելով օդը: Բայց իրողությունը մեկն է, այն, որ այսօր հրապարակում այդ «եռյակն» է։

Երրորդ. հոկտեմբերի 10-ի հանրահավաքին նախորդած աժիոտաժը, հանրային հետաքրքրությունն այդ քաղաքական գործընթացի նկատմամբ այնքան մեծ էր, որ այդ օրը հետին պլան մղվեց, եթե չասենք՝ ստվերվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով Մինսկում տեղի ունեցած իրադարձությունը:

Մի տեսակ այդ ստորագրման պահն այլեւս անկարեւոր դարձավ, մանավանդ, երբ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո այլեւս գործընթացը հանգեցնելու էր ստորագրմանը (չնայած՝ հոգեմաշ և ինչ որ տեղ նվաստացուցիչ հետաձգումներին՝ դա ի վերջո տեղի էր ունենալու):

Այնուհանդերձ, հոկտեմբերի 10-ի հանրային հետաքրքրության կիզակետը Ազատության հրապարակն էր:

Չորրորդ. զավեշտական էր անգամ այդ օրը որոշ «արեւմտամետների» ձանձրալի տվայտանքների տիրաժավորումն առ այն, որ «եռյակը» աշխարահաքաղաքական վեկտորի հարց չի բարձրացնում:

Նույն «բայաթին» լցրեցին «Ֆեյսբուք»՝ փորձելով այդ կերպ նսեմացնել հանրահավաքը: Բայց դե բանական մարդիկ հո գիտե՞ն, որ Մինսկում պայմանագիրը ստորագրողը ոչ թե «եռյակն» էր, այլ՝ Սերժ Սարգսյանը:

Իսկ «եռյակը» մասնավորապես, ԲՀԿ առաջնորդն իր վերջին հարցազրույցում (հեղինակավոր «Նեզավիսիմայա գազետա» պարբերականին տված հարցազրույցում) հստակ ասում է, որ իրենից ոչ ոք հակառուսական կամ հակաարևմտյան հռետորաբանություն թող չակնկալի:

Հինգերորդ. սպասելի էր, որ հայտնի կենտրոնից ուժգնանալու էր հանրահավաքի դեմ բարձրացված աղմուկը, ինչը նկատելի էր սոցցանցերում, որտեղ նույնիսկ վիրավորանքներ էին հնչում հանրահավաքի մասնակիցների հասցեին:

Այն մասնակիցներին, որոնք գիտակցում են՝ եթե «եռյակը» թույլ տա, որպեսզի Սերժ Սարգսյանը իրագործի սահմանադրական փոփոխություններով սեփական իշխանության վերարտադրությունն ապահովելուն միտված ծրագիրը, ապա երկրի ու ժողովրդի վիճակն իսկապես դառնալու է օրհասական: Հանդուժել ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին հետագա տարիներին՝ նշանակում է իսկապես կորցնել թե՛ Հայաստանը եւ թե՛ Արցախը:

Բաղրամյան 26-ի ստատուսագիրներն այս ժողովրդին են համարում «ոչխար»:

Նույնն է, թե Բաղրամյան 26-ն է հանրահավաքի մասնակիցներին համարում «ոչխար», քանի որ վերջիններս պաշտպանում են ոչիշխանական ուժերի տեսակետը, գործող իշխանության վերարտադրությունը կանխելուն միտված շարժումը:

Ես նույնպես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին եւ այդ առումով պաշտպանում եմ այսօր հրապարակում հայտնված քաղաքական ուժերի տեսակետը:

Ուրիշ ոչ մի ուժ չի ընդվզում սահմանադրական փոփոխությունների դեմ, բացի՝ «եռյակից», ուրիշ ոչ մի ուժ չի դնում ամբողջական իշխանափոխության խնդիր:

Հետեւաբար՝ գործող իշխանության ծանր լուծը քաշելու եւ նրա աղետալի երկարակեցությունը կանխելու դեմ պետք է ոտքի ելներ ժողովրդի այն պատկառելի հատվածը, որը գիտակցում է Սերժ Սարգսյանի ձեռամբ երկրին պատուհասած վտանգի չափը: Եվ ելավ:

Ի դեպ, ասել ու կրկնում եմ՝ անկախության 23 տարիներին ոչ ոք այնքան չի վնասել երկրին ու ժողովրդին, որքան դա հաջողվեց անել Սերժ Սարգսյանին:

Իսկ իսկական ոչխարները թող առայժմ շարունակեն արածել Բաղրամյան 26-ի եկամտաբեր հովիտներում և Բաղրամյան 26–ից նետված ծամելիքով:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Հանրահավաքից «հիասթափվածների» տրտունջներ էլ լսեցի, որոնք կտրուկ գործողությունների էին սպասում՝ չգիտակցելով- չանդրադառնալով իրողությանը, որ մեր երկրում երբեք էլ կտրուկ գործողություններով որեւէ հարց չի լուծվել: Առավելևս՝ իշխանափոխության: Ինչպես ասում են՝ ամեն ինչ հերթով:

Այս խորագրի վերջին նյութերը