Մեկնաբանություն

10.10.2014 15:00


Առաջին անգամ

Առաջին անգամ

Այսօր Ազատության հրապարակում ամփոփվելու է մարզային հանրահավաքների շարքն, ու սկիզբ է դրվելու հանրահավաքային պայքարի նոր փուլին։

Պարզ է, որ հոկտեմբերի 10–ը մեկնարկային, այլ ոչ թե հանգրվանային ամսաթիվ է քաղաքական այս պայքարում, բայց հոկտեմբերի 10–ն արդեն աննախադեպ է, ու ինչ–որ առումով՝ նաև պատմական, և ահա թե ինչու։

Բանն այն է, որ մի քանի բան լինելու է առաջին անգամ։ Ընդ որում, դա այն դեպքում, երբ ոմանք սկեպտիկ էին, ու անկեղծորեն չէին պատկերացնում, որ կարող է նման բան լինել։

1995թ. խորհրդարանական և 1996թ. նախագահական ընտրություններից սկսած՝ հանրային ու քաղաքական ակտիվությունը մշտապես կրել է նախընտրական կամ հետընտրական բնույթ։ Այժմ այդպիսի բան չկա։

«Եռյակի» նախաձեռնած հանրահավաքային շարքն առաջին անգամ տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ հետևում են մնացել համապետական ընտրությունները, իսկ հերթականին դեռ տարիներ կան։ Իսկ դա նշանակում է, որ «եռյակն» իր առջև նպատակ է դրել հասնել արտահերթ գործընթացների կամ առնվազն սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրության բացառմանը, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանափոխության փափուկ տարբերակ։ Այսինքն, «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ն ու «Դեմ ենք սահմանադրական փոփոխություններին»–ը նույն պահանջի տարբեր ձևակերպումներն են։ Մեկը կոշտ, մյուսը՝ փափուկ։

Այսօր առաջին անգամ հանրահավաքային ձևաչափով միասնաբար հանդես կգան «եռյակի» լիդերները։

Առաջին անգամ հրապարակային դաշտում կյանքի կկոչվի այն տեսությունը, և գործնականում կապացուցվի այն թեզը, որն առաջ էին քաշել ու ըստ այդմ՝ քաղաքական մոդելավորում իրականացրել այն մարդիկ, ովքեր շատ տարիներ առաջ էին խոսում «Մեկ օլիգարխի տնտեսության» վտանգից, նեոբոլշևիկյան ժանտախտից, բուրժուազիայի բոլոր շերտերի և Սերժ Սարգսյանի գլխավորած նեղ թիմի անխուսափելի բախումից, ԲՀԿ–ի՝ կոալիցիայից դուրս գալուց, Գագիկ Ծառուկյանի՝ սեփական ճանապարհով գնալուց և բուրժուադեմոկրատական գործընթացների մեծ հավանականությունից։

Առաջին անգամ Լևոն Տեր–Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» մեջ նկարագրված սցենարը, այսպես ասած, միս ու արյուն կստանա այնտեղ, որտեղ հնչեցվել էր։ Դրանից հետո կարող են տուն գնալ ու քաղաքականությամբ չզբաղվել բոլոր այն թերահավատները, ովքեր չէին ուզում կամ չէին կարողանում տեսնել քաղաքական զարգացումների տրամաբանությունն ու ակնհայտը։

Առաջին անգամ խոշոր կապիտալի ներկայացուցիչն իր կառույցով մասնակցում է, ավելի ճիշտ՝ իր ընդդիմադիր գործընկերների հետ նախաձեռնում է քաղաքական փոփոխությունների գործընթաց։

Ճիշտ է, տարբեր տիպի խոշոր գործարարներ կամ պարզապես փողատերեր այս կամ այն ժամանակահատվածում կանգնել են «փողոցային» պայքարի կողքին կամ անմիջական մասնակցություն ունեցել դրան, սակայն առաջին անգամ է, երբ ԱԺ–ում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցությունն է դառնում պայքարի լոկոմոտիվներից մեկն, ու թեքում իշխանական ռեսուրսի նժարն ընդդիմադիր դաշտի կողմը։

«Եռյակը» նաև աչքի է ընկնում նրանով, որ բացառապես հայաստանածին խնդիրների շուրջ ստեղծված միավորում է, և միայն ներքին կյանքին վերաբերող օրակարգով է քաղաքական գործընթաց սկսվում։ Չկա արտաքին քաղաքական օրակարգ, քանզի այն կեղծ է և ձեռնտու է բոլորին, բաց ոչ Հայաստանին ու հայաստանցուն։

Կան էլի մի քանի «առաջին անգամ»–ներ, սակայն վերը թվարկվածն էլ հերիք է, որ մոտիվացվենք, գնանք հրապարակ ու մեր աչքով տեսնենք ամեն ինչ, ինչպես նաև՝ դառնանք մասնակիցը։ Մնացածն արդեն ընթացքը ցույց կտա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը