Լրահոս

16.09.2009 18:52


Կնյազ Հասանով. «Քրդական համայնքի համար սահմանի բացումն ինչ–որ տեղ դրական եմ համարում»

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսելիս՝ Հայաստանում քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը «7օր»-ին ասել է, որ սահմանի բացումն ընդհանուր առմամբ ճիշտ է, քանի որ Հայաստանը շրջապատված է թշնամական երկրներով, և ճանապարհները նրան ուղղակի անհրաժեշտ են.

-Մեր կարծիքով սահմանի բացումն ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը։ Դրական է, որ Հայաստանը կարող է դուրս գալ Միջերկրական ծով, Եվրոպա և այլն։ Դրական է, որ առևտրական հարաբերություններ կլինեն երկու երկրների միջև։ Թուրքերը հաճախ խաբում են հայերին։ Դա թուրքական քաղաքականությունն է, որը տարածվում է նաև քրդերի վրա։

Կնյազ Հասանովի կարծիքով սահմանի բացման բացասական կողմերից է այն, որ հայաստանյան շուկան հնարավոր է՝ չդիմանա թուրքական շուկային։ Նա բացասական է գնահատել նաև թուրքական կողմի այն հայտարարությունները, որոնց համաձայն, մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը, սահմանը չի բացվի։ Նրա կարծիքով դա թուրքական կողմի նախապայմանն է։

Քրդական համայնքի և քրդական հարցի վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր ազդեցության մասին խոսելիս՝ Կնյազ Հասանովն ասել է.

-Արտառոց ոչինչ չի լինի։ Քրդական համայնքի համար սահմանի բացումն ինչ-որ տեղ դրական եմ համարում, քանի որ Հայաստանի սահմանից այն կողմ՝ մինչև Ստամբուլ, քրդեր են ապրում, և հայրենակիցների միջև շփումները կավելանան։ Հնարավոր է՝ նաև բացասական երևույթներ լինեն, որոնք այսօր չենք կարող գուշակել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը