Հարցազրույց

10.10.2014 11:20


Արամ Հարությունյան. «Որևէ մեկը չի փորձի դուրս գալ ժողովրդի ընդվզման ալիքի դեմ»

Արամ Հարությունյան. «Որևէ մեկը չի փորձի դուրս գալ ժողովրդի ընդվզման ալիքի դեմ»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Ի՞նչ ցույց տվեցին «եռյակի» մարզային հանրահավաքները։

–Ցույց տվեցին, որ ժողովուրդը ոգևորված է, և պատրաստ է իշխանափոխության ընթացքին։ Ընդ որում, որքան էլ իշխանությունները փորձեցին տեղական տարբեր «արջուկների» միջոցով խանգարել, բայց ժողովուրդն այդ հանրահավաքներին եկավ, և չնայած խոչընդոտներին՝ ոգևորությունն ակնհայտ էր։ «Եռյակն» այդ հանրահավաքներով ցույց տվեց, որ գնում է իշխանափոխության, և ակնհայտ է, որ քաղաքական ուժերը հոկտեմբերի 10–ին պետք է ցույց տան՝ միասնական են։ Չհաշված չնչին բացառությունները, որոնք, կարելի է ասել, քաղաքական վարձու ինքնասպաններ են, նաև իշխող կուսակցությունը, մնացածը, համոզված եմ, աջակցելու է «եռյակին»։

–Իսկ կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունեք Ազատության հրապարակում այսօր կայանալիք ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հրավիրած համապետական հանրահավաքից։

–Համոզված եմ, որ նույնիսկ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե որքան լավ կարող է անցնել հանրահավաքը, որովհետև այն աջակցությունը, որն ունի երկրի ճակատագրով մտահոգված ընդդիմությունը, ոչ միայն «եռյակը», ձնագնդիի էֆեկտով մեծանալու է, և ձևավորվելու է իշխանափոխության խնդիրը։ Միակ լուծումը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, և համոզված եմ, որ «եռյակը» նաև ընդլայնելով իր ֆորմատը՝ կհանգի այդ հարցին։ Մնացած բոլոր լուծումները կոսմետիկ են, և մենք նաև տեսնում ենք իշխանությունների տագնապը. տարբեր հեռուստաընկերություններով մարդկանց են կանչում, որոնք փորձում են վարկաբեկել «եռյակին» և հանրահավաքի գաղափարը, կեղծ օրակարգեր են առաջ քաշում՝ ԵՏՄ պայմանագիր և այլն։ Հայաստանի ողբերգությունը ոչ թե մեր արտաքին ուղղություններն են, այլ ներսի քաղցկեղը, իսկ քաղցկեղի համար կարևոր չէ՝ այն ունեցող մարդը շրջում է «Համմերո՞վ», թե՞ «ԳԱԶ31»–ով։

–Իշխանությունը պատրա՞ստ է գնալ զիջումների։

–Համոզված եմ դրանում. նաև համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի հետ ոչ մի հարցով չպետք է բանակցել։ Միակ հարցը ժամանակային քարտեզն է, թե նա ինչպես պետք է հեռանա «ապահով ծերության»։ Ժողովուրդն այդ օրակարգը թելադրելու է «եռյակ» ասեմ, թե ազգային համաձայնության դաշինքին։ Ի դեպ, համոզված եմ, որ իշխանափոխությունն անցնցում է լինելու, որովհետև իշխանությունն այդ ռեսուրսը չունի. հասարակ մարդուց մինչև զինվորական, ազգային անվտանգության աշխատակից, մեծահարուստ... բոլորը դժգոհ են։ Չհաշված Սերժ Սարգսյանի կողքին գտնվող մի քանի մարդկանց՝ մնացած բոլորը դժգոհ են, և այնպես չէ, որ ինչ–որ մեկը փորձելու է դուրս գալ ժողովրդի ընդվզման ալիքի դեմ։ Համոզված եմ, որ այդ ամենը շատ երկար չի տևելու, և սկիզբ է դրվելու ազգային համաձայնության նոր շարժման՝ «եռյակի» գլխավորությամբ։ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տարած սերնդի վրա է, կարծես, այն Հայաստանի ստեղծումը, որը հետո մենք ժառանգելու ենք մեր զավակներին և թոռներին։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը