Հարցազրույց

08.10.2014 12:36


Հ. Խանումյան. «Սերժ Սարգսյանի՝ մեկ գիշերում կայացրած որոշումից հետո ՀՀ–ն արտաքին աշխարհում դարձել է բավական խոցելի»

Հ. Խանումյան. «Սերժ Սարգսյանի՝ մեկ գիշերում կայացրած որոշումից հետո ՀՀ–ն արտաքին աշխարհում դարձել է բավական խոցելի»

Հարցազրույց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ

–ԵԽԽՎ-ն «Բռնության սրացումը ԼՂՀ-ում ևԱդրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումով զեկույց է պատրաստելու, որի հիման վրա բանաձև պետք է ընդունվի։ ԵԽԽՎ–ի նման որոշման իրական պատճառը ո՞րն եք համարում։

–Արևմտյան հանրության մոտ հակահայկական դիրքորոշում պոկելն Ադրբեջանի դիվանագետների և խորհրդարանականների համար մեծ դժվարություն չի ներկայացնում. բավական է Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի «գուբերնիա» և առաջարկել միանալ հակահայկական նախագծերին:
Արևմտյան մի շարք կառույցներ և հատկապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հայտնի են խավիարային դիվանագիտության հետ սերտ առնչությամբ: Տարբեր երկրների պատվիրակությունների անդամներ, Եվրախորհրդի այլ պաշտոնյաներ, ադրբեջանական բյուջեի և հիմնադրամների հաշվին, այցելում են Բաքու, վայելում արևելյան հյուրասիրություն և նվերներով բեռնված՝ վերադառնում իրենց երկրներ:
Հաջորդ պատճառը եվրոպական կեղծ օբյեկտիվությունն է, կեղծ հավասարակշռություն ստեղծելու եվրոպական հաստատությունների մոլորությունը: Քննադատելով Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների, քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների համար՝ եվրոպացիները փորձում են Բաքվին ռևերանսներ անել Ղարաբաղի հարցում՝ որպես կանոն՝ ծնունդ տալով իրողություններից կտրված, մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնական սկզբունքներին հակասող փաստաթղթերի: Այս ամենի պատճառով էլ Արցախում Եվրոպան նույնացվում է ադրբեջանամետության և կեղծ արժեքների հետ:
Իսկ կոնկրետ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով զեկույցի աշխարհ գալու պահով առկա է նաև հայկական կողմի ոչ պրոֆեսիոնալ, անգրագետ գործունեությունը:

Քննադատության է ենթարկվում ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, սակայն կատարվածի իրական պատասխանատուին որտե՞ղ պետք է փնտրել։

Առնվազն ծաղր է, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկը վստահվում է Հերմինե Նաղդալյանին՝ դիվանագիտության մեջ փորձ չունեցող և սեփական հասարակության մեջ վարկաբեկված գործչի: Բայց պարզ է, որ 2013թ. սեպտեմբերի 3-ի՝ Սերժ Սարգսյանի մեկ գիշերում կայացրած որոշումից հետո Հայաստանն արտաքին աշխարհում դարձել է բավական խոցելի:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը