Լրահոս

16.09.2009 14:58


Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Ուլյանովսկի մարզի նահանգապետ Սերգեյ Մորոզովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Ուլյանովսկի մարզի նահանգապետ Սերգեյ Մորոզովին: Նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Շիրակի մարզի հետ հաստատված փոխգործակցության շրջանակում:

Ողջունելով հյուրերին' Նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, հուսալի գործընկերը, եւ մենք շահագրգռված ենք բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների զարգացմամբ»:

Երկրի ղեկավարը միջմարզային փոխգործակցությունը համարել է երկկողմ կապերի կարեւոր բաղկացուցիչը եւ նշել. «Պատահական չէ, որ ես սկսել եմ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ այցելությունների շարք: Նման այցերը մեծ ներուժ ունեն հայ-ռուսական տնտեսական կապերը խթանելու առումով, նաեւ  լուրջ ազդակ են մեր հայրենակիցներին ոգեւորելու եւ Հայաստանի հետ նրանց կապն ամրապնդելու համար»:

Հանրապետության Նախագահը հատկապես կարևորել է Շիրակի մարզի հետ գործակցությունը եւ ընդգծել, որ մարզի զարգացումն առաջնահերթություն է նաեւ կառավարության համար: Նշելով, որ դեռեւս չի հաջողվել լիովին հաղթահարել 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքները, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր օգնել են եւ այսօր էլ շարունակում են աջակցության ձեռք մեկնել:

 Նահանգապետ Մորոզովը տեղեկացրել է, որ իր հետ Հայաստան են ժամանել երկրաշարժից անմիջապես հետո աղետյալներին օգնության շտապելիս ավիավթարի ենթարկված օդաչուների հարազատները եւ ասել. «Մենք երախտապարտ ենք ու զգացված  զոհված օդաչուների հիշատակի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքից»:

Խոսելով փոխգործակցության հեռանկարի մասին' կողմերն առաջնային են համարել տնտեսական առկա ներուժի համադրումը, մտքեր են փոխանակել գործակցության հնարավոր ուղղությունների, տարբեր ոլորտներ ընդգրկող կոնկրետ ծրագրերի շուրջ: Նախագահ Սարգսյանը դրանց իրագործումը կարեւոր է համարել նաեւ  նոր աշխատատեղերի ստեղծման եւ մարզում զբաղվածության խնդրի լուծման տեսանկյունից:

Սերգեյ Մորոզովը նշել է, որ  Ուլյանովսկի մարզում բնակվում են 15000 հայեր և  բարձր է գնահատել նրանց ներդրումը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, մշակութային կյանքի հարստացման գործում: Նա ասել է, որ մտադիր են հաջորդ տարի մարզում կառուցել հայկական ազգային-մշակութային խոշոր կենտրոն, իրականացնել կրթական ծրագրեր: Նահանգապետը հրավիրել է Հայաստանի Նախագահին' այցելելու Ուլյանովսկի մարզ:

Այս խորագրի վերջին նյութերը