Հարցազրույց

08.10.2014 10:00


Փաստաբան. «Սահմանադրական այս փոփոխությունները նշանակում են ուզուրպացված իշխանության պահպանություն»

Փաստաբան. «Սահմանադրական այս փոփոխությունները նշանակում են ուզուրպացված իշխանության պահպանություն»

Հարցազրույց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանի հետ

–Իշխանության ներկայացրած սահմանադրական փոփոխություններն ի՞նչ հնարավորություն են տալիս Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։

–Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով՝ բարձրագույն իշխանության հարցն է լուծվում, և փորձ է արվում դա օգտագործել և նախկին իշխանությունների վրա ճնշումների բացառման նպատակով բալանսավորված իրավիճակ ստեղծել, որտեղ չի լինի նախագահ, կլինի խորհրդարան, և հիմնական ուժերը չեն կարողանա լուրջ խնդիրներ առաջացնել նախկին իշխանությունների, այդ թվում՝ կոնկրետ Սերժ Սարգսյանի համար։ Սա միանշանակ բացասական կանդրադառնա երկրի զարգացման վրա, քանի որ այդպիսով մահանում է ժողովրդավարությունը, ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու հնարավորությունը։

–Ձեր ասածը չի՞ նշանակում իշխանության ուզուրպացիա։

–Սա նշանակում է արդեն ուզուրպացված իշխանության այնպիսի պահպանություն, որ հանկարծ ուրիշ որևէ մեկը չկարողանա այն ուզուրպացնել կամ գալ և վերադարձնել իշխանությունը ժողովրդին։ Այսինքն, իշխանության պահպանության խնդիրն է լուծվում, որը կարելի է նաև ձևակերպել որպես վերարտադրություն։ Այսպիսով, վերացնում են նախագահի պաշտոնը, թողնում են առաջնային մանդատ ունեցող մեկ մարմին՝ խորհրդարան, որտեղ կլինի քաղաքական ուժերի այնպիսի բալանս, որը կզրկի որևէ այլ պաշտոնյայի՝ արդյունավետորեն ազդելու մյուսի իշխանության սահմանափակման կամ նրա կողմից կատարվող խախտումների, վարվող քաղաքականության վրա։

–Ի՞նչ պետք է անել՝ կանխելու իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները։

–Նախ՝ պետք է լայն քննարկում իրականացնել՝ հասկանալու սահմանադրական փոփոխությունների՝ իշխանության կողմից առաջադրված այլ օրակարգերի նպատակները, ճիշտ թիրախավորել այդ նպատակները և հանրության ուշադրությունը կենտրոնացնել այդ թիրախների վրա։ Իսկ եթե հարցը հասնի հանրաքվեի, այո՛, միշտ էլ փորձ է արվելու ոչ թափանցիկ անցկացնել դա, բայց չի նշանակում, որ այդ փորձը հաջողությամբ է պսակվելու։ Ոչ մի կերպ չի կարելի ասել, որ հաստատ կանցնեն սահմանադրական փոփոխությունները։ Ո՛չ, ժողովրդի համապատասխան մոբիլիզացիայի դեպքում չի՛ անցնի, և չե՛ն կարողանա այդ հանրաքվեն անցկացնել այնպես, ինչպես ծրագրում են։ Ամեն ինչ կախված է ժողովրդից. ընդամենը անհրաժեշտ է, որ ժողովուրդը հետ վերցնի իր իշխանությունը, որոշի՝ այսօրվանից ես թույլ չե՛մ տալիս իշխանությունը յուրացնել։ Այդ պարագայում ոչ մի ընտրություն չի կարող կեղծվել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը