Հարցազրույց

06.10.2014 15:32


Վանաձորի քաղաքապետը վստահեցնում է՝ «եռյակի» այսօրվա հանրահավաքին աղմկող կանանց կամ սադրիչ տղամարդկանց չի ուղարկի

Վանաձորի քաղաքապետը վստահեցնում է՝ «եռյակի» այսօրվա հանրահավաքին աղմկող կանանց կամ սադրիչ տղամարդկանց չի ուղարկի

Հարցազրույց Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սամվել Դարբինյանի հետ

–Հոկտեմբերի 4–ին նշվում էր Վանաձորի օրը։ Տոնակատարության ժամանակ դպրոցականներին կարմիր վզկապ էին հագցրել և հանել հրապարակ։ Ինչպե՞ս եք սա բացատրում։

–Տոնակատարության կապակցությամբ ներկայացում էր կազմակերպվել, որն ամբողջությամբ պետք էր նայել՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել։ Ներկայացվում էր պատմական անցյալը՝ Ղարաքիլիսա, Կիրովական, Վանաձոր։ Կիրովականի մասին պատմվում էր 1920–1990–ական թվականներին, և որպես պատմական ակնարկ՝ հիշեցվում էր, որ Սովետական միության տարիներին եղել է նաև դպրոցական պիոներիա։ Սա՛ է ընդամենը։ Որպեսզի կոմունիստական կուսակցությանը չգովերգենք, ընդամենը պիոներիան ենք ցույց տվել՝ ի թիվս այլ պատմական ակնարկների։

–Այսինքն, Վանաձորում չե՛ք պատրաստվում անցնել կարմիր վզկապների։

–Չեմ էլ մտածում այդ մասին։

–Այսօր Վանաձորում ոչիշխանական «եռյակը» հանրահավաք է հրավիրել։ Ինչ–որ կերպ պատրաստվո՞ւմ եք այդ հանարահավաքին. օրինակ՝ աղմկող կանանց կամ սադրանքներ հրահրող տղամարդկանց ուղարկելո՞ւ եք այնտեղ, որ որևէ կերպ խոչընդեն այդ հանրահավաքը։

–Իհարկե, ո՛չ. այդ «եռյակ»–ներից բոլորն էլ հայորդիներ են։ Ցո՞ւյց են ուզում՝ մեր ժողովուրդն էլ կգա, կնայի, կտեսնի. ժողովուրդն ամենալավ ֆիլտրն է, կարողանում է ճիշտը սխալից ջոկել։ Ժողովուրդը նաև իր պահանջներն է դնում, էդտեղ ինչի՞ խանգարես, թող մարդիկ գան, իրենց պահանջը դնեն, մենք էլ մեր ղեկավարությանը կներկայացնենք, որ այս–այս խնդիրները ոնց որ ժողովուրդը լավ չի ընդունում, բերեք՝ ավելի ճիշտ լուծումներ տանք։ Այնպիսի լուծումներ տանք, որ մեր ժողովուրդը մեզանից գոհ լինի։ Ի վերջո, մենք մեր ժողովրդի համար ենք աշխատում, ուրիշ ի՞նչ ենք անում, որ։

–Փաստորեն, վստահեցնում եք, որ «եռյակի» հանրահավաքը խոչընդոտողներ չեն լինի։

–Այո՛։ Ժողովուրդն էլ լսում է, հասկանում է՝ ճիշտը որն է։ Մենք որևէ մեկի խանգարելու բան չունենք։ Իրենք իրենց ասելո՞ւնն են ասելու՝ թող ասեն, գնան։ Մենք էլ մեր ասելունն ենք ասում, ու ժողովուրդը տեսնում է, չէ՞, ով իր համար ավելի ջանաց։ Եթե մենք ուզում ենք մենակ խոսել, էնքա՜ն սիրուն բաներ ասենք, բայց ասելը շատ հեշտ է, գործողություններ կատարելը՝ բավականին դժվար։ Մենք այդ դժվար գործն անողնե՛րն ենք, մենք հրապարակավ գլուխ գովացողները չենք։

–Հոկտեմբերի 10–ին «եռյակը» Երևանում է համապետական հանրահավաք հրավիրել։ Ինչ–որ կերպ կխոչընդոտե՞ք, որ վանաձորցիները գան մայրաքաղաք և մասնակցեն այդ հանրահավաքին։

–Մենք ոչ մեկին երբևէ ո՛չ խոչընդոտել ենք, ո՛չ արգելել ենք, ոչ էլ նման բան փորձել ենք։ Կյանքն էլ է ցույց տվել, որ ժողովուրդը մեզ հավատում է։ Ժողովուրդը բոլորին լսում է, բոլորի՛ն, բայց ինքն իր մեջ նաև կարողանում է վերլուծել և գտնել, որ այսօր շատ ավելի ճիշտ ղեկավարություն ունի, քան երբևէ ունեցել է, կամ կարող է ունենալ։ Դրա համար այսօր միահամուռ ձևով, եթե «եռյակն» ուզում է, որ ժողովրդի համար լավ լինի, ոչ թե պիտի հրապարակներն ընկնի, իշխանությանը քարկոծի, այլ, իշխանության հետ համատեղ, համահունչ, ժողովրդի խնդիրները «տետ ա տետ» լուծելով գնա։

–Իշխանությունները սահմանադրական փոփոխություն են նախաձեռնել։ Ձեր կարծիքով նպատակը իշխանության վերարտադրությո՞ւնը չէ։

–Ուրեմն, սենց է էս կյանքը. մինչև հիմա բոլոր քաղաքական ուժերը սահմանադրական փոփոխություններ էին ուզում, և ինչ–որ բաներ խանգարում էին դա անել։ Վերջապես, երկրի նախագահը որոշեց՝ ի վերջո, մեր հայրենակիցներն են, մեր ժողովրդի մի մասն էլ իրենք են, անե՛նք։

–Բայց հիմա այդ ուժերը չե՛ն ուզում սահմանադրական փոփոխություններ։

–Ո՞վ է ասում, որ չեն ուզում. դաշնակներն էն գլխից էս գլուխ սահմանադրական փոփոխություններ են ուզում։

–Միայն դաշնակցականները. նույնիսկ հանարապետականները չէին ուզում։

–Դրա համար հանրապետականներն էլ որոշեցին, ասեցին՝ թող տեսնեն, որ մենք իրանց կարծիքը հաշվի ենք առնում, նաև իրապես այսօր ժողովրդի վիճակը լավացնելու համար սահմանադրական բարեփոխումների պետք է գնանք։ Այսինքն, երբ մի քայլ առաջ ենք գնում, հենց տեսնում ենք, որ իշխանությունն ասում է՝ հա՛, ես ձեր ուզած երկրորդ քայլն էլ եմ անում, միանգամից երկու քայլ հետ գնա՞նք։ Էդպես չի կարելի. եթե առաջ ենք գնում, եկեք՝ առաջ գնանք, սահմանադրական փոփոխություննե՞ր էիք ուզում, անո՛ւմ ենք։ Դա մի քանի քայլ առաջ կլինի, և մեր ժողովրդի վիճակը մի քանի աստիճան կբարձրանա։ Վատ հարևանների կամեցողության մասին գիտե՞ք. մեկը գնում է Աստծու մոտ, ասում է՝ Աստվա՛ծ, ես ուզում եմ շատ լավ ապրեմ, ինձ հարստություն տուր։ Աստվածն ասում է՝ հա, կտամ, բայց քեզ ինչ տամ՝ դրա երկու անգամ ավելին հարևանիդ եմ տալու, համաձա՞յն ես։ Դե, ասում է՝ հա, մի հատ շքեղ «Մերսեդես» եմ ուզում, շքեղ տուն եմ ուզում, էս եմ ուզում, էն եմ ուզում։ Աստվածն էլ ինչ ուզել էր՝ նրան մեկն է տալիս, հարևանին՝ երկուսը։ Վերջում ասում է՝ իմ մի աչքը հանի, որ հարևանի երկուսը հանես։ Հիմա բերեք՝ էսօր եթե ուզում ենք մեր ժողովրդի վիճակը լավ լինի, անենք։ Ավելի լավ, եթե ինձ մի մեքենա են տալիս, թող իմ հարևաններին էլ յուրաքանչյուրին երկուսը տան. ի վերջո, ինձ մի մեքնենան էլ է բավարար. հո ես չե՞մ կարող միաժամանակ երկուսը վարել։ Ի վերջո, եթե բոլորիս խնդիրը ժողովրդի համար լավ լինելն է, բերեք՝ գնանք այդ փոփոխություններին, և կյանքը ցույց կտա, որ իրոք սա մի քանի քայլ առաջ էր։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը