Լրահոս

16.09.2009 12:26


Հանրաքվե նշանակելու «Ժառանգության» պաշտոնական նամակը ՀՀ Կառավարությանը

Հանրաքվե նշանակելու «Ժառանգության» պաշտոնական նամակը ՀՀ Կառավարությանը

Այսօր Արմեն Մարտիրոսյանը և Ստյոպա Սաֆարյանը «Ժառանգություն» կուսակցության և համանուն խորհրդարանական խմբակցության անունից պաշտոնական գրություն են ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Դեռեւս ս.թ. սեպտեմբերի 3-ին «Ժառանգություն» կուսակցությունը հանդես էր եկել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների' 2009թ. օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրությանն ու նախաստորագրված երկու արձանագրություններին նվիրված հայտարարությամբ: Ի թիվս հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պետական-հասարակական-քաղաքական վերաբերմունքի ու տեսակետների վերհանմանն ուղղված եւ մեր կողմից նպատակահարմար համարվող 10 քայլերի, մենք նշել էինք, մինչեւ արձանագրությունների վերջնական ստորագրումն ու վավերացումը, առաջիկա 1 ամսվա ընթացքում հանրաքվեի դնել համաձայնեցված փաստաթղթերը' զուգակցված երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով: Քաջատեղյակ եք, որ համաձայն □Հանրաքվեի մասին□ ՀՀ օրենքում 26.12.2008թ, կատարված փոփոխությունների եւ լրացումների' իբրեւ ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացման մեխանիզմ հանրաքվեի (համաժողովրդական քվեարկության) կարող են դրվել նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցեր (հոդված 1-ին, 1-ին մաս): Հիշյալ օրենքի 8.1 հոդվածի 1-ին մասի համաձայն' պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը, ով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը եւ հանրաքվեի դրվող հարցերը նախապես քննարկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ (3-րդ մաս): Վստահ ենք' չեք վիճարկում, որ նաեւ Ազգային անվտանգության ռազմավարությունում պատշաճ ամրագրում եւ պաշտոնական գնահատական ստացած հայ-թուրքական հարաբերությունները համարվում են պետական կյանքի եւ ազգային անվտանգության կարեւորագույն հարց:  «Ժառանգություն» կուսակցության և համանուն խմբակցության անունից դիմում ենք Ձեզ' իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրաքվեի մասին»ՀՀ օրենքով Ձեզ վերապահված պատասախանատվությունն ու իրավունքը, այն է' նախաձեռնել եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կազմակերպել համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե, որը զուգակցված կլինի երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով»: «Ժառանգությունը» նաեւ տեղեկացրել է, որ խմբակցության պատգամավորների եւ կուսակցության կողմից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղված նամակը պաշտոնական գրություն է, որը «ԱԺ կանոնակարգ օրենքի» 7-րդ հոդվածի բ) կետով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում պահանջում է գրավոր պատասխան:

Այս խորագրի վերջին նյութերը