Լրահոս

16.09.2009 09:57


Լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երկրաբաշխության և քարտեզագրության կենտրոնի կողմից 2007-2009թթ. ընթացքում կազմվել և տպագրության է պատրաստվել  ԼՂՀ ատլասը' հայերեն և ռուսերեն լեզուներով, որը վերջերս տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունում. ք. Երևան:

Ըստ ԼՂՀ արտգործնախարարության մամլո ծառայության՝ ատլասը պատմա-աշխարհագրական տեսանկյունից ամբողջական պատկերացում է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Ատլասում ամփոփված միջին և խոշոր մասշտաբների շուրջ 70 քարտեզները, տեքստերը և սխեմաները ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների և ռեսուրսների, բնակչության, տնտեսության եւ մշակույթի մասին բազմակողմանի տեղեկատվություն են պարունակում: Ատլասում ներկայացված են նաև աշխարհա-քաղաքական և ռազմա-քաղաքական իրադարձություններ, որոնք վճռական դեր են խաղացել Արցախի հայերի պատմական զարգացման մեջ:

Ատլասը լույս է տեսել 1500 օրինակ տպաքանակով: Խմբագրական կոլեգիայի նախագահն ու ատլասի գլխավոր խմբագիրն է տեխնիկական գիտությունների թեկնածու Մանուկ Վարդանյանը:  

 

Այս խորագրի վերջին նյութերը