Հարցազրույց

03.10.2014 00:45


ՀՀԿ–ական խոշոր գործարարը բիզնեսի, Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման և սահմանադրական փոփոխությունների մասին

ՀՀԿ–ական խոշոր գործարարը բիզնեսի, Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման և սահմանադրական փոփոխությունների մասին

Հարցազրույց ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, «ՄԱՊ» ՓԲԸ–ի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի հետ

–ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ Կառավարության թիվ մեկ թիրախը խոշոր գործարարությունն է։ Այսինքն, ձեր դեմ էլ են պայքարում։ Համաձա՞յն եք այս գործելաոճի հետ։

–Բայց ես ի՞նչ գործ ունեմ խոշորի կամ ոչ խոշորի հետ։ Ես բիզնեսով չեմ զբաղվում։

–Բայց սեփականությո՛ւն ունեք։

–Հա, մենք ունենք սեփականություն, իսկ Հովիկ Աբրահամյանի ասածը վերաբերում է էն մարդկանց, ովքեր ինչ–որ ձևով օրենք են խախտում։

–Դուք օրենք չե՞ք խախտում։

–Իհարկե, ո՛չ։

–ՓՄՁ–ի ներկայացուցիչներն այս օրերին բողոքի գործողություն են իրականացնում՝ նաև բողոքելով, որ խոշորներն իրենց փաստաթղթեր չեն տրամադրում։ Դրա՞ն ինչ կասեք։

–Դե, երբ որ խոշորների հետ էլ զրուցում ես, ասում են, որ փոքր ու միջին ձեռնարկատերերը փաստաթուղթ չեն ուզում, երբ որ փոքրերն ապրանք են տանում, ասում են՝ մեզ փաստաթուղթ պետք չի։ Ուղղակի ես այն կարծիքին եմ, որ ՀՀ–ում օրենքը պետք է լինի հավասար բոլորի՛ համար, չլինեն փոքր, միջին և խոշոր։ Ի՞նչ տարբերություն. մեծը մեծ պրոբլեմ ունի, փոքրը՝ փոքր ունի, ի՞նչ է նշանակում խոշոր։ Եթե խոշոր է, չի նշանակում, որ շահույթն ավելի շատ է, քան միջին կամ փոքր տնտեսվարող սուբյեկտինը։ Օրենքը բոլորի՛ համար պետք է հավասար լինի։

–Այսինքն, սխալ է խոշորին որպես թիրախ ընտրելը։

–Ոչ թե սխալ է թիրախ ընտրելը, այլ բոլորին առաջարկում է՝ օրենքի դաշտում աշխատեն։

–Դուք ձեզ թիրախավորված չե՞ք զգում։

–Իհարկե, ո՛չ. ինչի՞ համար։

–Զգացողություն չունե՞ք, որ իշխանության կողմից սեփականության վերաբաշխում է տեղի ունենում՝ կուլակաթափության տարբերակով։

–Ո՛չ, չեմ զգում. չկա՛ էդպիսի բան։

–Դե, երևի ձեզ դեռ չեն հասել, դրա համար չեք զգում։

–Ցո՛ւյց տվեք՝ ում են հասել։

–Այսինքն, մտավախություն չունե՛ք, որ սեփականությունը կվերցնեն ձեր ձեռքից։

–Ըտենց բան չկա Հայաստանում ու չի կարող լինել. 100% եմ ասում։

–Իսկ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումն ինչպե՞ս եք գնահատում։

–Անձնական հարցեր չեմ մեկնաբանում։

–Դա ոչ թե անձնական, այլ խիստ քաղաքական հարց է։

–Չեմ ուզում անձնավորված հարցերին պատասխանել։

–Հոկտեմբերի 10–ին ոչիշխանական «եռյակը» համապետական հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում և ձգտում է երկրում դրական փոփոխությունների։ Դուք փոփոխություններ չե՞ք ուզում։

–Էդպիսի մարդ չկա, որ չուզենա՝ լավ փոփոխություններ լինեն։

–Կարծում եք՝ հիմա մեր երկրի թիվ մեկ խնդիրը Սահմանադրությո՞ւնն է, որ իշխանությունն ուզում է փոխել։

–Ես չգիտեմ։ Ինձ համար կարևորն այն է, որ մարդն իր երկրում աշխատի, ինչ–որ մի բան ստեղծի, ինքն իր հարկերը վճարի, և մեր պետության հնարավորության սահմաններում մենք կարողանանք մեր երկրի տնտեսությունն առաջ քաշենք։

–Սահմանադրության փոփոխության նպատակն իշխանության վերարտադրությո՞ւնը չէ։

–Իհարկե, ո՛չ։ Գիտեք՝ ինչ, ոչ մի մարդ ցմահ չի. աշխատում են, ինչ–որ մի բան ստեղծում են, գնում են, փոխարինողները գալիս են։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը