Հարցազրույց

29.09.2014 16:17


ԲՀԿ–ական պատգամավոր. «Միայն սեփական ուժերի վրա անվստահ իշխանությունը կարող է դիմել սպառնալիքների»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Միայն սեփական ուժերի վրա անվստահ իշխանությունը կարող է դիմել սպառնալիքների»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանի հետ

Ի՞նչ հետևություններ կարող եք անել «եռյակի»՝ նախորդ շաբաթվա մարզային հանդիպումներից։

–«Եռյակի» կողմից հրավիրված մարզային հանդիպումների ընթացքը ևս մեկ անգամ վկայում է, որ երկիրն այսօր գտնվում է կաթվածահար վիճակում: Ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց միայն նորերն են գումարվում, ունենք օրենքներ, որոնք կարող են կիրառվել ընտրողաբար՝ կապված անձի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Ունենք վտանգավոր շեմին հասնող աղքատության ցուցանիշ ու իշխանության նկատմամբ հասարակական վստահության շատ լուրջ ճգնաժամ: Սա՛ է այսօրվա Հայաստանը, որի իշխանությունն իր գերխնդիրը համարում է ոչ թե սեփական քաղաքացու ցավը մեղմելը, ոչ թե փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին ճահճից հանելը, այլ միայն ու միայն իր վերարտադրությունը:

Ինչպե՞ս եք գնահատում «եռյակի» հանրահավաքները խոչընդոտելու իշխանության փորձերը:

–Միայն սեփական ուժերի վրա անվստահ իշխանությունը կարող է փակել ճանապարհներն ու դիմել ամենատարբեր սպառնալիքների, որպեսզի մարդիկ չմասնակցեն հանարահավաքներին։ Միայն ժողովրդի աջակցությունը չվայելող իշխանությունը կարող է կիրակին համարել աշխտանքային օր: Ցավոք, սա՛ է այսօրվա Հայաստանը, իսկ մեր խնդիրն այս արատավոր ու անթույլատրելի երևույթներն արմատախիլ անելն է: Մարզային հանդիպումներից հետո՝ հոկտեմբերի 10-ին, մայրաքաղաքի Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքում բազմաթիվ հարցեր կստանան իրենց պատասխանները: Մեկ հարցում համոզված եմ՝ ոչիշխանական ուժերի համախմբվածությամբ ու ժողովրդի աջակցությամբ հնարավոր է սառը ջուր լցնել իշխանության տաք ու հանրության համար անպտուղ բոլոր հաշվարկների վրա:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը