Լրահոս

15.09.2009 14:43


Հակոբ Հակոբյանը կմասնակցի ԱԺ նիստերին և կշարունակի մասնակցել հանրահավաքներին

Հակոբ Հակոբյանը կմասնակցի ԱԺ նիստերին և կշարունակի մասնակցել հանրահավաքներին

-Ճակատագիր է, կյանք է, մի երկուսն էլ պետք է նստեին. ոչ մեկը չգիտի, թե վաղն ինչ է գալու իր գլխին,-այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը, ով երկարատև ընդմիջումից հետո եկել էր նիստերին մասնակցելու։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում իր նախկին գործընկերոջ՝ Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությանը, թե պատգամավորներն անսկզբունքայնություն են դրսևորել իր հարցում, Հ. Հակոբյանն ասել է.

-Ինքն իր տեսակետն ունի։ Ես անձամբ խնդրել էի մեր պատգամավորներին, որ բոլորը կողմ քվեարկեն, դրա համար ես ուրիշ բան չունեմ ասելու։

«Ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել այն պատգամավորների հետ, ովքեր կողմ քվեարկեցին Ձեզ կալանավորելու մասին որոշմանը» հարցին Հ. Հակոբյանը պատասխանել է.

-Նորմալ եմ վերաբերում. դրա մեջ առանձնապես բան չեմ տեսնում։ Քաղաքական հայացքներ են տարբեր դաշտերում. 20 տարի շարունակ միշտ էլ այդպես է եղել։

Պատգամավորն ասել է նաև, թե սուտ են այն լուրերը, թե ինքը վայր է դնելու մանդատը.

-Եթե դնեի, չէի գա խորհրդարան։ Եթե իրենք հարմար գտնեն, թող իրենք հանեն, ես՝ չէ։

Հակոբ Հակոբյանն ավելացրել է, թե իր քաղաքական դիրքորոշումներն արտահայտելու է խորհրդարանում և շարունակելու է մասնակցել Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին։

«Շարունակելո՞ւ եք մնալ ՀԱԿ-ի համախոհ» հարցին Հ. Հակոբյանը պատասխանել է.

-Հայ ազգային կոնգրես չգիտեմ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանինը՝ անպայման։ Շեշտը դնելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա։

Ի դեպ, պատգամավորը տեղեկացրեց, որ ՀԱԿ առաջիկա հանրահավաքին չի մասնակցելու, քանի որ վաղվանից մեկնելու է արտասահման՝ Գերմանիա՝ բուժվելու նպատակով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը