Լրահոս

15.09.2009 12:33


ՍԴՀԿ–ն Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպի

ՍԴՀԿ–ն Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպի

-Մեզ համար հստակ է՝ ի՞նչ նպատակով է այդ հավաքը կազմակերպվում։ Ինչպես և նախկինները, փորձում են իմիտացիա ստեղծել, որ կարողանում են ընդդիմության հետ կոնկրետ հարցերի շուրջ լեզու գտնել և համագործակցել, որն իրականում այդպես չէ,- «7օր»-ին ասել է «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին նվիրված սեպտեմբերի 17-ին կայանալիք քննարկմանը ՍԴՀԿ-ն չի մասնակցելու։ Այս խորհրդակցությունը տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։ ՍԴՀԿ-ն այդ քննարկմանը հրավիրվել է, սակայն, Լ. Սարգսյանի խոսքերով՝ մեծահոգություն չեն ունեցել հրավերն առձեռն հանձնելու, այլ կուսակցության ներկայացուցիչն այն պետք է վերցնի ՀՀ նախագահի նստավայրից։

ՍԴՀԿ ատենապետը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բխում է միայն Թուրքիայի և Արևմուտքի շահերից, ու պարզ է, որ Հայաստանի փոխարեն արդեն ամեն ինչ որոշված է։ Այս պայմաններում ՀՀ նախագահի կազմակերպած քննարկմանը մասնակցելը Լ. Սարգսյանն անիմաստ է համարում.

-Պատճառն այն չէ, որ մենք չենք ուզում կոնկրետ հարցերի շուրջ մեր մտահոգություններն ունենալով՝ համագործակցել և որոշ հարցեր շատ ավելի լավ ընթացքի մեջ դնել։ Ակնհայտ է, որ այդ արձանագրություններն արդեն համաձայնեցված են, ակնհայտ է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի ստորագրվի այդ համաձայնագիրը, և ձևական նման հավաքներ կազմակերպելով՝ որևիցե բան կասեցնելն անհնար է։ Դա ես ցավով եմ ասում, որովհետև, իրոք, եթե հասկանայինք, որ հնարավոր է ինչ-որ կերպ կասեցնել, միանշանակ կհամագործակցեինք, բայց պարզ է, որ դա ինքնուրույն որոշում չի եղել գործող նախագահի կողմից, նրան դա պարտադրվել է, այդ քայլին գնացել է պարտադրված. ընտրված չլինելով՝ նա չի կարող դիամակայել նման ճնշումներին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը