Լրահոս

15.09.2009 09:45


«Ժառանգություն» կուսակցության ակտիվի հայտարարությունը

2009թ սեպտեմբերի 13-ին «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության ակտիվի նիստ, որին մասնակցում էին կուսակցության վարչության անդամները, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության հինգ պատգամավորները, կուսակցության ստորաբաժանումների ղեկավարները (բացի հեռավոր շրջանները ներկայացնող երկու ստորաբաժանման ղեկավարներից, որոնք բացակայում էին հարգելի պատճառներով), ինչպես նաեւ կուսակցության խորհրդի անդամներն ու Երեւանի ակտիվի ներկայացուցիչները:

Ակտիվի նիստում քննարկվեցին կուսակցության վարչության եւ խմբակցության դիրքորոշումը' կապված հայ-թուրքական հարաբերություների վերջին զարգացումների եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մանդատը վայր դնելու հետ: Վարչության կողմից ներկայացվեցին վարչության որոշումների հիմնավորումները' կուսակցության վեց անդամների, այդ թվում' վարչության երեք անդամներին կուսակցությունից հեռացնելու վերաբերյալ: Ակտիվի նիստի ընթացքում ընդունվեց հետեւյալ բովանդակությամբ հայտարարություն.

Մենք՝ «Ժառանգություն» կուսակցության անդամներս, ի գիտություն ենք ընդունում Րաֆֆի Հովհաննիսյանի Ազգային Ժողովի մանդատից հրաժարվելու վերաբերյալ քաղաքական քայլն եւ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորոգրման մասին «Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունը:

Քաջ գիտակցում ենք, որ վերջին օրերին «Ժառանգություն» կուսակցության և նրա առաջնորդի հեղինակությունը սասանելու անհաջող փորձերը միտված էին Հայաստանի ազգային-պետական շահերից բխող այս կարեւոր ու համարձակ քայլերից հասարակության ուշադրությունը շեղելուն:

Դատապարտում ենք տարբեր ուժերի կողմից ձեռնարկվող բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են մեր կուսակցության ուրույն դիմագիծը, հետագիծը նսեմացնելուն:

Մենք' ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով «Ժառանգություն»  կուսակցության գաղափարախոսությանն ու առաջնորդին, վստահություն ենք հայտնում կուսակցության վարչությանը եւ նրա որոշումներին, «Ժառանգություն» խմբակցության գործելակերպին, ձեռնարկած քայլերին, այդ թվում ուղղված ներկուսակցական մթնոլորտի առողջացմանը եւ կարգապահության ուժեղացմանը եւ աներեր հայտարարում ենք նրանց հետ մեր միակամության մասին' մեր երկրում օրինականություն, ժողովրդավարություն եւ իրավական պետություն հաստատելու գործում:

Այս հայտարարությանը միացել են կուսակցության վարչության բոլոր անդամները, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության հինգ պատգամավորները, կուսակցության ստորաբաժանումների 32 ղեկավարներ, խորհրդի 26 անդամների, ինչպեսեւ Երեւանի ակտիվի ներկայացուցիչներ, այդ թվում' կուսակցական երիտասարդներ, ընդամենը 62 հոգի (որոշ ստորաբաժանումների ղեկավարներ միաժամանակ խորհրդի անդամ են, իսկ 4 պատգամավոր նաև վարչության անդամ է):

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը