Հարցազրույց

25.09.2014 00:05


Աշոտ Գրիգորյան. «Առնվազն հիմարություն է մտածել, որ Վլադիմիր Պուտինի ուշքը գնում էր Հայաստանին ԵՏՄ ընդունելու համար»

Աշոտ Գրիգորյան. «Առնվազն հիմարություն է մտածել, որ Վլադիմիր Պուտինի ուշքը գնում էր Հայաստանին ԵՏՄ ընդունելու համար»

Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ

–2014թ Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով նրանց հարցերին՝ Սերժ Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է արել։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս «ինքնախոստովանությունը»։

–Պիտի ասեմ, որ հիացած եմ Սերժ Սարգսյանի պատասխաններով։ Այդպիսի անկեղծ պատասխաններ շատ քիչ քաղաքական գործիչներ կարող են իրենց թույլ տալ. ինչ մտածել է, այն էլ ասել է՝ առանց զգեստավորելու իրական պատկերը։ Եվ տացվել է այն, ինչի մասին մենք բոլորս շատ լավ գիտենք, բայց ևս մեկ անգամ դրա հաստատումը լսել երկրի ղեկավարի բերանից բոլորովին ավելորդ չեմ համարում։ Իհարկե, շատ ավելի այլանդակ կլիներ, եթե նա տար լրիվ այլ պատասխաններ՝ հագեցած դիվանագիտական, քաղաքական շեղումներով։ Ես խնդրում եմ իմ խոսքի հեգնանքն ընկալել, քանի որ ես սա ասում եմ բացառիկ ծաղրով։ Բնական է, որ այդպիսի պատասխաններ միայն պայացը (ծաղրածուն) կարող էր տալ։ Ո՞նց կարող է՝ նորմալ երկրի նորմալ ղեկավարն այդպիսի անմիտ հայտարարություններ անի։ Եթե մարդն ունի գոնե բավարար բարձրագույն կրթություն, ապա գիտի՝ խոսելուց ինչ մտքեր արտահայտի։ Իսկ ես բազմիցս կասկած եմ հայտնել, որ Սերժ Սարգսյանն ընդհանրապես բարձրագույն կրթություն ունի (դիպլոմի մասին չէ խոսքը)։

–Այժմ հերթով անդրադառնանք Սերժ Սարգսյանի արտահայտած այդ մտքերին։ Նախ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամագրվելու մասին նա հայտարարել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»։

–Եթե հիշում եք, Հայաստանում սպրդեց տեղեկատվությունը, և նույնիսկ Խորվաթիայի այն հյուրանոցային համարի նկարը, որտեղ Սերժ Սարգսյանը 2–3 օր է անցկացրել Արա Աբրահամյանի հետ։ Անընդհատ փողի որոնումների և արդեն տասնամյա սնանկացման վիճակում գտնվող այդ ողբերգակ Արայիկը կարողացել է մտածել փող աշխատելու մի հիանալի մեթոդ։ Ես գիտեմ, որ նա Մոսկվայում հարցրել է՝ ինձ ի՞նչ մի նոր, լավ պայմանագիր կտաք, եթե ես Սերժին համոզեմ մտնել Եվրասիական տնտեսական միություն։ Մոսկվայում ծիծաղելով ասել են՝ փորձի՛ր։ Ոչ մեկի մտքով չի անցել, որ այս մեր ողբերգակը լուրջ է ասում։ Դրանից հետո Արա Աբրահամյանը Սերժ Սարգսյանին տարել է այդ հյուրանոցում օրեր անցկացնելու և, իսկապես, «խելքը կերել» է, թե արի, լավություն արա մեզ բոլորիս (բայց ո՛չ Հայաստանին) ու առաջարկի, որ մտնենք Մաքսային միություն։ Բառացիորեն այսպես է եղել։ Սերժը Խորվաթիայի հյուրանոցում որոշում է ընդունել և հաջորդ օրը՝ նրանց վերադառնալուց հետո, Մոսկվային հայտնել է, որ պատրաստ է ամսի 3–ին գալ և խորհրդակցել։ Բավականին տեղյակ մարդիկ ասում են, որ երբ Սերժ Սարգսյանը հայտարարել է ԵՏՄ Հայաստանի մտնելու պատրաստակամության մասին, ռուսները շշմել են՝ ասելով. «Այդ մե՛նք պատրաստ չենք ձեզ ընդունել»։

–Բայց հայաստանյան իշխանական մամուլն ակտիվորեն քարոզում էր, թե «խեղճ» Սերժ Սարգսյանին հենց ռուսնե՛րն են ստիպել մտնել ԵՏՄ։

–Առնվազն հիմարություն է մտածել, որ Վլադիմիր Պուտինի ուշքը գնում էր Հայաստանին մեկ օր առաջ ԵՏՄ ընդունելու համար։ Ինչպես տեսնում եք, այդ հայտարարությունից անցել է մեկ տարի, բայց Հայաստանը չգիտենք՝ դեռ ինչ հեռավորության վրա է ԵՏՄ–ից։ Տարբեր տիպի խաղեր են գնում. մահմեդական և Եվրամիության ուժերն ամեն ինչ անում են, որ Հայաստանը չմտնի ԵՏՄ։ Փաստորեն, Սերժ Սարգսյանի վիճակը բավականին զավեշտալի է. հայտարարում է, որ պետք է ընդգրկվի ԵՏՄ, բայց Մոսկվան չի համարում, որ Հայաստանը՝ Արցախն ուսերին շալակած, պիտի մտնի։ Այսօր Հայաստանը բացառապես աղքատ բարեկամի կարգավիճակում է. որոշում է գնալ իր հարուստ բարեկամին այցելության, իսկ հարուստը մտածում է՝ ինչպես անել, որ այս ցնցոտիավորն իր մյուս բարձրաստիճան հյուրերի կողքին չհայտնվի։

–Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է Շառլ Ազնավուրի հայտնի խոսքերին, որ շատ չի անցնի, և Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի։

–Սերժ Սարգսյանն այնպիսի ամբարտավանությամբ է կարողանում իրենից մի քանի հարյուր անգամ ավելի հարգալից հայի մասին խոսել, որ կարելի է զարմանալ։ Հայ ազգի «այցետոմս» Շառլ Ազնավուրի հասցեին այդպիսի արտահայտությունն առնվազն զավեշտալի է։ Մյուս կողմից էլ, հարց է առաջանում՝ եթե դու չես վստահում քո դեսպանին, ինչո՞ւ ես նրան նշանակել։ Իսկ այն, որ Հայաստանը դատարկվում է, տնտեսությունն արդեն մոտենում է ոչնչացման, ոչ ներքին, ոչ էլ արտաքին քաղաքականություն կա, փաստ է։ Արտաքին քաղաքականությունում էլ, օրինակ, այնպիսի մեծագույն կատաստրոֆաներ են լինում, ինչպիսին Էրդողանին Հայաստան հրավիրելու թղթի հանձնումն էր։ Զուգարան գնալու ճանապարհին Էրդողանի դիմացը կտրելը և այդ թուղթը նրա ձեռքը տալը խայտառակություն է։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները հոգեվարքի մեջ են. մնում է՝ ընդդիմությունը դա հասկանա, և իր վրա վերցնի իշխանափոխության բեռը։

–Իսկ ինչի՞ մասին է խոսում Բռնոյից գործարար Արսենին Սերժ Սարգսյանի առաջարկը, որ եթե Հայաստանում բիզնես դնելու հետ կապված խնդիրներ ունենա, դիմի իրեն. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»,–նաև պոռթկացել էր Սերժ Սարգսյանը։

–Սերժ Սարգսյանը պետք է ավելի բացեր փակագծերը և ասեր, որ այդ մի հոգու հետ հեշտ է կիսվելը, եթե 10 հոգի բերի, ես ո՞նց նրանց հետ կկիսվեմ։ Այս պայմաններում ուրիշ որևէ մեկը չի կարող ո՛չ շաքար ներկրել, ո՛չ «Նաիրիտը» վերականգնել, ինչպես մենք էինք փորձում. արդեն գողացել, կերել են և այլ բան չեն ուզում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը