Լրահոս

14.09.2009 16:30


«Ուզում են բացեն, ուզում են՝ փակեն, մե՞զ ինչ»

Հայ-թուրքական հարաբերությունների կարագավորման և երկու երկրների միջև  սահմանի բացման դրական կամ բացասական առաջին ազդեցությունն իր վրա է զգալու Շիրակի մարզը, որը սահմանակից է Թուրքիային, և այստեղով է անցնում Գյումրի-Կարս երկաթուղային ճանապարհը:

Շատերը Գյումրիում հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը հետևում են ընդգծված անհետաքրքրությամբ, և վերջին զարգացումներն ընկալվում են որպես իշխանության կողմից կազմակերպված գովազդային ակցիա, որը ոչ մի լուրջ արդյունքի չի հանգեցնելու:

Շինարարական բիզնեսով զբաղվող Հրաչյա Մելքոնյանը նշել է, որ ինքը շատ դրական է վերաբերում սահմանի հնարավոր բացմանը, սակայն չի հավատում մոտակա ժամանակահատվածում դրա իրագործմանը. «Սահմանի բացումը շատ լավ բան կլինի. մեր տարածաշրջանը կզարգանա: Հիմնականում առևտուրը կշահի. ապրանքը կէժանանա: Ես մեծ հաճույքով թուրքական ապրանք եմ առնում, ոչ թե «ֆալշ» իսպանականն ու իտալականը։ Թուրքական ապրանքը բավականին որակով է ու մատչելի թե՛ շինանյութի և թե՛ հագուստեղենի առումով: Բացի այդ, ազատ մուտք ու ելքի հնարավորություն կունենանք Թուրքիա՝ առանց Վրաստան մտնելու»,-ասում է Հրաչյա Մելքոնյանը:

Իսկ տնային տնտեսուհի Անահիտ Գրիգորյանն ասում է. «Մեր կարծիքը հարցնողն ո՞վ է, որ կարծիք ունենանք: Ուզում են բացեն, ուզում են՝ փակեն, մե՞զ ինչ: Թող աշխատատեղեր բացեն, որ ժողովուրդն աշխատի, թե չէ սահմանը բացելուց մեզ ի՞նչ օգուտ, մեկ է՝ իրենց գրպաններն են լցնելու»:

Առավել հոռետեսական տրամադրվածություն ուներ ուսանողոհի Անահիտ Ալեքսանյանը, ով համոզված է, որ սահմանի բացումը Հայաստանին ոչ մի լավ բան չի տալու. «Հայ-թուրքական այս հարաբերություները դրական արդյունք չեն ունենալու, և կողմերը որևէ եզրահանգման չեն գալու (եթե, իհարկե, Թուրքիան շահադիտական նպատակներ չունենա): Հիմա պարզապես ժողովրդի հետ մանիպուլյացիա են անում:

Իսկ եթե հանկարծ բացեն, ես կարծում եմ, որ և՛ դրական կլինի, և՛ բացասական: Դրականն այն է, որ կկարողանանք ազատորեն գնալ Արևմտյան Հայաստան, մեր պատմական հայրենիքը տեսնել, նաև առևտուրը կզարգանա, իսկ բացասականը կլինի այն, որ թմրանյութը կներկրեն, անբարոյականությունը կշատանա. վերջը թուրք են, չէ՞»:

Ի տարբերություն հասարակ ժողովրդի՝ Գյումրիի մտավորական կոչվող խավը՝ անկախ ընդդիմադիր և իշխանական հայացքներից, հիմնականում արտահայտվում է  սահմանի բացման օգտին և որևէ վտանգավոր ևրևույթ չի տեսնում նախաստորագրված արձանագրություննների բովանդակության մեջ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը