Լրահոս

14.09.2009 15:51


Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կայացած հեռախոսազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա կապակցությամբ:

Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական հեռագրում Նախագահ Սերժ Սարգսյանը գրել է.

«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,

«Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, աշխատանքային հաջողություններ, Ձեր բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների շուտափույթ իրականացում, և իհարկե, հնարավորինս շատ հավատարիմ ու նվիրված բարեկամներ:

Ուրախ եմ, որ մեր միջև ձևավորված վստահարժան երկխոսությունը, անձնական ընկերական հարաբերությունները նպաստում են հայ-ռուսական փոխգործակցության ներկապնակի բոլոր հարցերի հաջող կարգավորմանը, միջազգային անվտանգության խնդիրների շուրջ համաձայնեցված դիրքորոշումների մշակմանը, ինչպես նաև մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկ և հետևողական զարգացմանը:

Անկեղծորեն հավատացած եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերությունը եղել և մնում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության կարևոր գրավական:
Թույլ տվեք խորին երախտագիտություն հայտնել մեր երկրների միջև համագործակցության բազմակողմ զարգացման և ամրապնդման գործում Ձեր մեծ և անգնահատելի ներդրման համար:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում երջանկություն ու ամենայն բարիք»։

Այս խորագրի վերջին նյութերը